2021 թվականի հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 767 զանգ:
Նախորդ շաբաթվա համեմատ հրդեհի մասին բարեբախտաբար կանչեր չեն արձանագրվել, որը պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ:
Զենք զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 22 հրթիռ, 4 թնդանոթի արկ և 9 ավիառումբ:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 30, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 30 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 2, դռան՝ 6 բացում, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացու տեղափոխում և ջրամատակարարում:
Կարդացեք նաև
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
Հոկտեմբերի 30-ին նշվեց համակարգի աշխատակցի մասնագիտական օրը և ԱԻ պետական ծառայության գործունեության 29-րդ տարեդարձը:
Փրկարար ծառայողներին շնորհավորանքի ուղերձ են հղել ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, տարբեր գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքացիներ:
Մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների ու գերատեսչական մեդալների:
Մեծարման երեկո է կազմակերպվել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն