Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեց, թե ոստիկանությունն ինչ գնահատական է գալիս ոստիկանների մասնակցությամբ քաղաքացիների հանդեպ դաժան վերաբերմունքի տեսարաններին, այդպիսի ոստիկանները պատասխանատվության ենթարկվո՞ւմ են։
Արա Ֆիդանյանը նախ նշեց․ «Պետք է խնդրեմ ոստիկան գործողություններին բնորոշումներ տալուց «դաժանություն» եւ նման բնութագրերից զերծ մնալ, քանի որ ոստիկանները կատարում են օրենքով իրենց վերապահված գործառույթները։ Վստահեցնում եմ, որ շատ դեպքերում շատ ավելի մեղմ են այդ ամենն իրականացում, քան ինչպես սիրում ենք օրինակ բերել զարգացած երկրներին»։
Ապա հայտնեց, որ 2021թ․-ի 9 ամսում ոստիկանության ծառայողների հանդեպ կատարվել է 1407 ծառայողական քննություն․ «Դա բավականին մեծ թիվ է, որի արդյունքում 412 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, 329 նկատողության, 54 խիստ նկատողության։ Մեկ ծառայողի պաշտոնային դրույքն իջեցվել է մինչեւ երեք ամիս ժամկետով, 28-ն էլ ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։ Ազատվածների եւ նկատողություն ստացածների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնց լիազորությունների որոշակի անցում է գուցե արձանագրվել»։
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանը զարմացավ․ «Եթե մանկահասակ երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ նման վերաբերմունք է դրսեւորվում, դա դաժանություն չէ՞։ Ավելի խիստ ու կոպիտ բառ էլ կարելի է ասել։ Եթե դաժանություն չէ, ապա ի՞նչ է։ Կամ, երբ քաղաքացուն փռում են ասֆալտին, դա դաժանություն չէ, բա ի՞նչ է։ Իսկ քրեական գործեր հարուցվե՞լ են այդ ծառայողական քննությունների արդյունքում»։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հեգնեց․ «Պարոն Մինասյանը շատ դաժան արձանագրումներ արեց, խնդրում եմ նույնքան դաժան արձագանքել»։
Տեղից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն ինչ-որ բան ասաց, ինչին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը 2016թ․-ի Սարի թաղի ոստիկանական գործողությունները հիշեցրեց եւ ոչ միայն․ «Սարի թաղում ավելի մեծ դաժանություններ ենք տեսել, օրինակ՝ ոստիկանական գործողությունների հետեւանքով հանված աչք, մարտի մեկ․․․»։
Ապա Արա Ֆիդանյանը պատասխանեց․ «Պարոն Մինասյան, ձեր ասած տեսանյութում անձի բերման ենթարկում է տեղի ունեցել։ Առկա է քրեական գործ, ուստի շատ բան չեմ կարող ասել։ Բայց այն անձը, որին բերման են ենթարկում եւ այն երեխաները, որոնք նույն կադրում են, տարբեր են։ Հայրը չի այդ երեխաների»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ