Գյումրու քաղաքապետարանում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստը սկսվեց Գյումրու ՏԻՄ ընտրություններում բավարար ձայներ հավաքած հինգ քաղաքական ուժերի` «Բալասանյան դաշինք»-ի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Զարթոնք»֊ի, «Ապրելու երկիր» կուսակցության և ՀՀԿ֊ի ավագանու նորընտիր անդամների ներկայացմամբ։
Կազմվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, օրակարգի գլխավոր հարցը համայնքապետի ընտրության հարցն է։ Նիստը վարողը հիշեցրեց` համայնքի ղեկավար ընտրվում է բաց քվեարկությամբ։ Բացի «Բալասանյան դաշինք»-ից, քաղաքական ուժերից ոչ մեկը չառաջադրեց սեփական թեկնածու։ «Բալասանյան դաշինք»-ը առաջադրեց Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը, ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, սակայն հայտարարեց, որ սատարում է «Բալասանյան դաշինք»-ի թեկնածուի` Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը` հանուն քաղաքի անցնցում կառավարման։
Կարդացեք նաև
Ելույթ ունեցավ քաղաքապետի միակ թեկնածուն` ներկայացնելով իր գործունեությունը ու Գյումրիի զարգացման իր տեսլականը։ Նա ասաց, որ սկսել է աշխատել պատանի տարիքից, սկզբում եղել է բանվոր, 2012 թվականից գործունեություն է ծավալել Գյումրու քաղաքապետարանում։ Թեկնածուն հայտարարեց, որ հանգիստ, հանդարտ ու միասնական, ապագայի հույս ունեցող Գյումրի է երազում։
Այս պահին ընդմիջում է, քիչ անց կսկսվի քվեարկությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ