Երևանում հոկտեմբերին անցկացված «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ավարտվեց գեղեցիկ գալա համերգով։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչի և Ռոշկո եղբայրների համերգը։ Հնչեցին Կարոլ Լիպինսկու և Վոյչեխ Կիլարի ստեղծագործությունները։
Շոպենի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր Յակուբ Կուզլիկը ներկայացավ մազուրկաների ինքնատիպ կատարմամբ։
Կարդացեք նաև
Համերգի ընթացքում թանգարան-ինստիտուտում կայացավ լեհ դասական Ցիպրիան Կամիլ Նորվիդի բանաստեղծական հսկայածավալ ժառանգության մի փոքրիկ մասն ամփոփող երկլեզու ժողովածուի շնորհանդեսը, որը նվիրված էր հեղինակի ծննդյան 200-ամյակին: Թարգմանիչ՝ Գագիկ Դավթյան։ Համերգի ընթացքում բանաստեղծություններից ներկաներին նմուշներ ներկայացրեց վաստակավոր արտիստ Արամ Հովհաննիսյանը: Համերգն անցավ ջերմ մթնոլորտում՝ հանդիսատեսի հոտնկայս ծափերի ներքո։
«Լեհական մշակույթի օրեր» նախագիծն իրականացնում է “Our Beat for Culture Foundation” (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։ Նախագիծը համաֆինանսավորվել է Լեհաստանի դեսպանության մշակույթի և ազգային ժառանգության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների կողմից։
Օրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց երեխաների համար նախատեսված աշխատարան՝ լեհական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Աշխատարաններ իրականացվեցին նաև Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Բացվեց երեք ցուցահանդես․ առաջինը կրում էր «Լազենկիի գանձերը» խորագիրը, երկրորդը՝ «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը», իսկ երրորդը Վարշավայի բորսային ընկերության ցուցահանդեսն էր։
Ցուցադրվեց «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որի համար Հայաստան էր ժամանել ֆիլմի աստղ Ֆիլիպ Տլոկինսկին։ Ներկայացվեցին նաև լեհական «Ժեյա» և «Օրեր և գիշերներ» կինոնկարները։
Մշակույթի օրերի կազմակերպիչները գոհ են իրականացված ծրագրերից և հանդիսատեսի ջերմ արձագանքից։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ էր, և մարդիկ հնարավորություն ունեին ծանոթանալ լեհական մշակույթի բոլոր դրսևորումներին։
Մամուլի հաղորդագրություն