Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաակաշվիլին ինքնասպանության իրավունք ունի». Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը վրդովմունք են առաջացրել իրավաբանների և իրավապաշտպանների շրջանում. JAMnews

Նոյեմբեր 01,2021 10:18

JAMnews-ի հետ զրույցում իրավաբանները «աբսուրդային, կեղծ և վտանգավոր» են անվանել Վրաստանի վարչապետի խոսքերն այն մասին, որ բանտում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «օրենքով՝ ինքնասպանության իրավունք ունի»։

«Եթե մարդը վնաս է հասցնում իր առողջությանը, այլ ոչ թե ուրիշի, ապա, ըստ օրենքի, նա այդ իրավունքն ունի։ Սակայն, իհարկե, պետությունը չի կարող դրա համար պատասխանատվություն ստանձնել», — ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 29-ին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչով կարող է ավարտվել Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը։

Վարչապետն ասել է, որ «իշխանությունը [Սաակաշվիլիի] համար անում է հնարավոր ամեն ինչ»։ Այդ թվում, նա նշել է, որ Սաակաշվիլիի առողջության հարցերով զբաղվում է բժիշկների լրացուցիչ խումբ՝ «չնայած այն բանին, որ նրան՝ որպես բանտարկյալի, արդեն անթերի բժշկական օգնություն է ցուցաբերվում»։

«Մենք նրա համար լիակատար հարմարավետ պայմաններ ենք ստեղծել, որպեսզի մեզ ուղղված հարցեր չլինեն», — ասել է վարչապետը։

Վարչապետի այս խոսքերը վրդովմունք են առաջացրել իրավաբանների և իրավապաշտպանների շրջանում։

«Դա սուտ է, կարծես օրենքում ինչ-որ տեղ գրված է, որ մարդ ինքնասպանության իրավունք ունի։ Նման բան գրված չէ և չի կարող լինել, քանի որ կյանքի իրավունքը չի ներառում ինքնասպանության իրավունք։ Եվ դա ոչ միայն Վրաստանի ներքին իրավունքի ստանդարտ է, այլև միջազգային ստանդարտ, որը երաշխավորվում է մարդու իրավունքների մասին օրենսդրությամբ», —JAMnews-ին ասել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նիկա Սիմոնիշվիլին։

Ամեն ինչ լիովին հակառակն է․ պետությունը պարտավոր է պաշտպանել ցանկացած մարդու կյանքի իրավունքը։ Եվ հատկապես դա վերաբերում է բանտարկյալներին։

«Պետությունը պարտավոր է ապահովել կյանքի և առողջության համար անվտանգ միջավայր նրանց համար, ովքեր իր վերահսկողության տակ են, նախևառաջ՝ բանտարկյալների։ Սրանք նրանց բազային իրավունքներն են», — ասել է Նիկա Սիմոնիշվիլին։

«Վրացական ժողովրդավարական նախաձեռնության» նախագահ Էդուարդ Մարիկաշվիլին JAMnews-ին հայտարարել է, որ վարչապետի հայտարարությունն իրականում շատ վտանգավոր ուղերձ էր։

«Մարդն ինչ որոշում էլ կայացնի իր կյանքի վերաբերյալ, եթե պետությունն ազդեցության լծակներ և դրան միջամտելու հնարավորություն ունի, նա պարտավոր է դա անել։

Սա շատ լուրջ հայտարարություն է։ Այն կարող է դասական օրինակ լինել այն բանի, որ պետական պաշտոնյան կարող է խրախուսել ինքնասպանությունը երկրում», — ասել է Էդուարդ Մարիկաշվիլին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930