Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայից դրական ազդակ չկա. նա նոր գործոն է առաջ քաշում»

Նոյեմբեր 01,2021 14:30

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն օրերս կրկին խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից՝ ասելով, որ այդ հարցում խորհրդակցում են Ադրբեջանի հետ։ «Հայաստանից ստացվել են շատ դրական ազդակներ։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Երեւանի դրական որոշումներին պատասխանել։ Բաքվի հետ քննարկում ենք, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել այդ ուղղությամբ»,-ասել է նա։

«Առավոտ»-ը թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանից հետաքրքրվեց՝ դեռեւս ամիսներ առաջ էր հայկական կողմը երկրի առաջին դեմքի մակարդակով ասում, թե Թուրքիայից «դրական ազդակներ կան». որպես փորձագետ, ի՞նչ եզրակացրեցիք, ի վերջո, ի՞նչ «դրական ազդակների» մասին է խոսքը։ «Քանի որ մշտապես՝ սկսած 2008թ.-ից, հայ-թուրքական հարաբերությունների ընթացքին մոտիկից հետեւել եմ, կարող եմ փաստել, որ մանավանդ 2020թ.-ի պատերազմից հետո ակնհայտ է՝ Չավուշօղլուի խոսքերում որեւէ նոր բան չկար։ Ազդակներն այն են, որ հայկական կողմը վարչապետի եւ մի քանի այլ պաշտոնյաների մակարդակով հայտարարեց, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, իսկ Թուրքիան իր հերթին ասաց՝ մենք էլ ենք պատրաստ, բայց… այսինքն, Թուրքիան փաստացի որեւէ դրական ազդակ իրականում չի տվել մեզ»,-նախ նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Նա շեշտեց. «Ավելին՝ 2008թ.-ին ավելի շատ դրական ազդակներ են եղել, քանի որ այդ ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստաթղթերն առանց նախապայմանի էին։ Իսկ այսօր Թուրքիան ունի նախապայման՝ Ադրբեջանը… Ինչպես Չավուշօղլուն ասաց, հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, երբ ՀՀ-ն Ադրբեջանի հետ իր հարցերը կարգավորի։ Թեեւ այն ժամանակ նախապայմանները չկային փաստաթղթերով(բայց իրականում գոյություն ունեին), այս պահին Թուրքիան փաստացի շեշտում է Ադրբեջանի գործոնը։ Այսինքն, Թուրքիայի կողմից այս պահին դրական ազդակ դեռ չկա։ Երբ ՀՀ-ի հետ հարաբերությունները պայմանավորվում են երրորդ երկրով՝ անկախ այդ երկրի հետ քո հարաբերություններից, ապա դա դրական ազդակ չէ»։

Փորձագետն ընդգծեց, որ ՀՀ որեւէ ղեկավար երբեւէ չի ասել, որ դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. «Բայց շեշտվել է, որ «առանց նախապայմանների»։ Մասնագետի համար, որը հետեւել է ընթացքին, որեւէ նոր բան կամ դրական ազդակ չկա։ Նոր բանն այն է, որ եթե այն ժամանակ Թուրքիան չգնաց հարաբերությունների կարգավորմանը՝ պատճառաբանելով, որ ՀՀ-ն ազատագրված մեկ կամ երկու շրջան պետք է հետ տա Ադրբեջանին, ապա հիմա այդ խնդիրը չկա։ Ադրբեջանը ստացել է ոչ միայն ազատագրված տարածքները, այլեւ Արցախից հատվածներ, ՀՀ սահմաններից, ավելին՝ ադրբեջանցիներին Գեղարքունիքում եւ Սյունիքում բերել-նստեցրել ենք մեր գլխին։ Այսքանից հետո Թուրքիան փաստացի չունի որեւէ նախապայման, բայց տեսնում ենք, որ նոր բան է ասում՝ Ադրբեջանի հետ համատեղ կորոշենք, թե ինչ անել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այ սա նախկինում չի եղել»։ Հետաքրքրվեցինք՝ եթե նշյալը նոր նախապայման է Թուրքիայի կողմից, այդ դեպքում ի՞նչ կարգավիճակ է ստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու Թուրքիայի հայտնի պահանջը։ Անդրանիկ Իսպիրյանը նշեց. «Թուրքիան արդեն ցույց է տվել, որ վստահելի գործընկեր չէ միջազգային հարաբերություններում, եւ այդ մասին գիտեն Ռուսաստանում։ Մենք էլ պարտավոր ենք իմանալ։ Թուրքիայի ներկայիս հայտարարությունները վստահելի չեն, որովհետեւ հետագայում կարող են ասել՝ հրաժարվեք ցեղասպանության ճանաչման գործընթացից, կամ՝ Արարատ լեռը հանեք ձեր զինանշանից, ճանաչեք Կարսի պայմանագիրը, հրաժարվեք սահմանադրության այս կամ այն կետերից… այսինքն, ամեն ինչ դեռ այնքան հեշտ չէ։ Ամեն դեպքում, Թուրքիային ձեռնտու է ՀՀ-ի հետ սահմանի բացումը, եւ լավ է եղել, որ այն տեւական ժամանակ փակ է պահել։ Դա իրականում Հայաստանի օգտին է եղել»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հայտարարել, թե Թուրքիայի համար խոչընդոտներ չեն մնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, եթե վերջինս լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930