Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանն իր վարչատարածքային բաժանման վերաբերյալ օրենքում Սյունիքն ամբողջությամբ ներառի Ադրբեջանի կազմում, ի՞նչ է անելու ՀՀ վարչապետը»

Նոյեմբեր 01,2021 15:00

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Ինչպե՞ս կգնահատեք ՌԴ կողմից հնչող՝ ապաշրջափակման եւ սահմանազատման մասին հայտարարությունները: Օրինակ՝ դա արվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով: Սա նշանակում է, որ ՌԴ-ն հստակորեն հասկացնո՞ւմ է, որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս է փորձում միայնակ լուծել սահմանների հարցը:

– Ռուսաստանն, այս խնդիրն ասպարեզ բերելով, Արցախի ապագա կարգավիճակի հարցը Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների շրջանակից դուրս է թողնում: Փաստորեն, Մոսկվան պահանջում է, որ պաշտոնական Երեւանն ու Բաքուն ճանաչեն խորհրդային շրջանում գոյություն ունեցած միջհանրապետական վարչական սահմանները՝ որպես միջպետական սահման: Միաժամանակ ռուսներն իրենց ռազմական ու քաղաքական վերահսկողության տակ են պահում Արցախը, թեեւ այն նաեւ ճանաչում են որպես Ադրբեջանի տարածք: Այս տրամաբանության շրջանակներում սահմանազատումը եւ խորհրդային շրջանի սահմանների փոխադարձ ճանաչումն է անհրաժեշտ նախադրյալները ստեղծելու ճանապարհների ապաշրջափակման համար: Սահմանազատումն էլ պետք է իրականացվի Մոսկվայում պահվող քարտեզների հիման վրա: Այսինքն՝ Երեւանն ու Բաքուն պետք է համաձայնվեն Մոսկվայի գծած սահմաններին:

– Սահմանազատման հարցերի հետ կապված ՀՀ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի նշած քարտեզները, եթե ոչ 100, ապա 99 տոկոսով համընկնում են Հայաստանի Հանրապետության վարչական բաժանման մասին օրենքում նկարագրված Հայաստանի Հանրապետության սահմանների հետ»։ Իշխանությունը տապալեց ՀՀ խորհրդարանի ընդդիմության պատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը: Ի՞նչ եք կարծում՝ ներքին ճնշումը կկարողանա՞ հավասարակշռել Փաշինյանի վրա եղած հզոր արտաքին ճնշումը:

– Թե որքանով են վարչապետի պնդումները համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա միայն այն ժամանակ, երբ ռուսական կողմի հիշատակած քարտեզներն ասպարեզ հանվեն: Չեմ բացառում, որ այն մեկ տոկոսի տարբերությունն էլ կարող է վերաբերվել Շուռնուխին, Սեւ լճին եւ որոշ այլ հայաստանյան տարածքներին, ուր ապօրինաբար դիրքավորվել է ադրբեջանական զինուժը: Կարելի է ենթադրել, որ վարչապետ Փաշինյանը նախընտրում է սահմանազատումն իրականացնել ոչ թե միջազգային իրավունքով սահմանված սկզբունքների վրա հենվելով, այլ հիմք ընդունելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը: Քանի որ սահմանազատման գործընթացը միակողմանի լինել չի կարող, ապա տեսնենք, թե ադրբեջանական կողմն ինչ սկզբունքներ կորդեգրի այս հարցում եւ, օրինակ, եթե իր վարչատարածքային բաժանման վերաբերյալ օրենքում Սյունիքն ամբողջությամբ ներառի Ադրբեջանի կազմում, ինչ է անելու ՀՀ վարչապետը:

– Թուրք-ադրբեջանական հարաբերությունների՝ էլ ավելի ամրապնդման ֆոնին ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը:

– Մեր պետականությունն այսօր այն վիճակում չէ, որ կարողանա գործընկերային՝ այսինքն իրավահավասար հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ: Այս վիճակը շտկելու համար ժամանակ եւ լուրջ, նպատակաուղղված մասնագիտական ջանքեր անհրաժեշտ կլինեն:

– Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Իրանի միջեւ լարվածության փուլը, որը տեղի է ունեցել հրապարակային հարթակներում, ավարտվել է: Ըստ Ձեզ՝ ի՞նչ են պայմանավորվել Թեհրանն ու Բաքուն:

– Անկախ այն բանից, թե ինչ կարող էին պայմանավորվել միմյանց հետ իրանցի ու ադրբեջանցի պաշտոնատարները, Ադրբեջանի տարածքը շարունակելու է ռիսկածին մնալ Իրանի Իսլամական Հանրապետության համար: Իրանի դեմ արտաքին ագրեսիան գրեթե բացառում եմ՝ նրա թշնամիները կնախընտրեն Թեհրանի կղերապետական ռեժիմը տապալել երկրում առկա ներքին ռեսուրսների հաշվին: Արտաքին միջամտությունը կսկսվի միայն այն ժամանակ, երբ այնտեղ ներքին խռովություն ծավալվի եւ հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանը, որպես պլացդարմ, կծառայի՝ ընդդեմ Իրանի: Այժմ ժամանակավոր դադար է:

– Բաքվի ներխուժումները ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր արդյոք տեղի են ունենում Ռուսաստանի առաջնորդությա՞մբ, այս մասին կարծես խորհրդարանում անկեղծացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

– Այդ մասին վարչապետ Փաշինյանը հաստատ ինձանից ավելի լավ է տեղեկացված, ուստի հարցն իրեն ուղղեք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930