Ասում է զոհված Գեւորգ Բաբաջանյանի մայրը
Գեւորգը բնունիսեցի Արթուր Բաբաջանյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի վեց զավակներից երկրորդն էր, երկու տղաներից` մեծը: Բազմազավակ ընտանիքի երեխաները խինդով, ուրախությամբ, համ ու հոտով են լցրել իրենց տունն ու օջախը: Մեծ դուստրը` Կարինեն, շուտ է ամուսնացել, ծնողների նման բազմազավակ է, չորս երեխա ունի, երկուսն էլ մյուս դուստրը` Զարինեն ունի… Տիպիկ հայկական օջախ, տիպիկ հայ ընտանիք, որտեղ ամեն մեկն իր տեղն ունի, իր դերը:
Բայց, ինչպես ասում են, տան ներսի պատը` մայրը, բոլորին մայրական սիրո հետ տվել է նաեւ առողջ դաստիարակություն, երկրին, գյուղին, ընտանիքին պիտանի եւ օգտակար լինելու պատգամ: Գեւորգը տան մեծ տղային վերապահվող դերով ծնողներին թեւ ու թիկունք էր: Բնունիսի դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի համակարգչային խմբում, եւ 2015-ին զորակոչվել բանակ: Ծառայությունն Ասկերանում էր, Ջալալ Հարությունյանի հրամանատարության ներքո, ծնողները հանգիստ էին, լավ զորամաս էր:
Մայրը պատմում է, որ երբ տղան բանակ զորակոչվելու ծանուցագիրը ստացած տուն է եկել, գրկել է որդուն, ուրախացել, որ ինքն էլ, վերջապես, կզգա զինվորի մայր լինելու հպարտությունը, ինքն էլ կխառնվի իրար, կզգա որդուն բանակ ճանապարհելու, որդու զանգերին սպասելու, որդու զինվորական երդմնակալությանը մասնակցելու բերկրանքը: Իսկ երբ գնացել են տղայի երդմնակալության արարողությանը, միանման համազգեստով իրար նման զինվորների շարքերի մեջ շատ արագ ճանաչել է որդուն` շարքում ամենաբոյովն էր, համ էլ մայրական բնազդը ո՛նց կարող էր ներքին զգացողությամբ իր զավակին շփոթել ուրիշի հետ:
«Հնարավորություն կար զինվորական ծառայությունից ազատելու, ասում էին` ողնաշարի խնդիր ունի, բայց ես երազում էի, որ որդիս ծառայի, զինվոր դառնա, համազգեստ հագնի: Երբ առաջին անգամ գրկեցի զինվորական համազգեստ հագած որդուս, անասելի հպարտություն ապրեցի, աննկարագրելի հույզեր ունեցա, ու իրեն ասացի, որ այսպես մեկ էլ հուզվել եմ, երբ առաջին անգամ իր առաջին դասարանի օրագրում կարդացել եմ ծնողական ժողովի հրավիրվելու մասին գրառումը: Դա ինձ համար եղել է ե՛ւ ծնողական հպարտություն, ե՛ւ ծնողական պատասխանատվություն: Իրեն էլ ասել եմ` հպարտ եղիր, որ հայրենիք ես պաշտպանում, հպարտ եղիր, որ զինվոր ես: Տղաս զարմացել է, որ ուրիշների ծնողները փորձում են իրենց զավակներին ազատել զինվորական ծառայությունից, իսկ ես ուրախանում եմ: Նրան բացատրել եմ, որ որեւէ մեկը պարտավոր չէ իրեն պաշտպանել: Եթե ինքը հանգիստ ապրել է, դպրոց է գնացել, սովորել է, դա հենց այնպես չի տրվել չէ՞, իրեն էլ ուրիշներն են պաշտպանել, հիմա հատուցելու իր հերթն է»,- ասում է Գեւորգի մայրը` Լիլիթը:
Կարդացեք նաև
Գեւորգը մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, երբ սոցիալական պայմաններից ելնելով ընտանիքը գնաց Ռուսաստան` աշխատելու: «Այնտեղ էինք, որ սկսվեց ապրիլյան քառօրյան, անհանգստացանք, չդիմացանք, մտածեցինք, որ մեր տղան կռվի մեջ է, գուցե մեր կարիքն ունի, ո՞նց կարող ենք հանգիստ մնալ Ռուսաստանում: Թեեւ Գեւորգը մեզ խնդրել էր մնալ, իմանալով, որ վերադառնալիս գնալու եմ հասնեմ իր մոտ, մենք չէինք կարող հանգիստ լինել, վերադարձանք տուն: Գեւորգս մասնակցեց ապրիլյան քառօրյային, այն էլ` քաջաբար»,- պատմում է Լիլիթը:
2017-ի հունվարին զորացրվելուց ընդամենը մեկ ամիս անց Գեւորգ Բաբաջանյանը պայմանագրային ծառայության է մտել Սիսիանի զորամասում: Մոր` ինչու է անպայման ցանկացել զինվորական դառնալ հարցին Գեւորգը պատասխանել է, որ էն պատերազմը տեսնողը ուրիշ բան չի կարող որոշել, էն արյունը տեսնողը չի կարող ետ կանգնել հայրենիքի պաշտպանությունից եւ զոհված ընկերների վրեժը լուծելու ցասումից: «Երբ կրկին զինվորական համազգեստը հագած մտավ տուն, հպարտության նույն զգացումը ապրեցի ու Գեւորգիս ասացի` երազում եմ մեկ էլ որեւէ կոչում, որեւէ շքանշան ստանաս, ու սիրտս փառավորվի: Գեւորգը Վայքի զորամասում վերապատրաստվել էր, սերժանտ էր, բայց մեզ չէր ասել, ուզում էր անակնկալ անել ծննդյանս օրը»,-ասում է մայրը:
Մեդալը ստացավ, Արիության համար էր, բայց` հետմահու, անակնկալը արեց, բայց` սրտակեղեք էր: «Երբ որդուս Արիության համար ստացած մեդալի թղթերը նայեցի, հանկարծ աչքս ընկավ ամիս-ամսաթվին` հոկտեմբերի 19… իմ ծննդյան օրն էր, դաժան անակնկալ էր… Առաջ հոկտեմբերն իմ սիրած ամիսն էր, երեք ծննդյան օր ունենք հոկտեմբերին` ես, Գեւորգս եւ Հակոբ-Հերմինե զույգս: Հիմա ատում եմ հոկտեմբերը: Հոկտեմբերը տարավ տղայիս: Ծննդյան 25-ամյակը Պանթեոնում նշեցինք հոկտեմբերի 17-ին… Աճյունը հողին հանձնվեց հոկտեմբերի 28-ին: Ախ, այդ հոկտեմբերը…»,- պատմում է Լիլիթը ու հավելում, որ Գեւորգը մի քանի օրով արձակուրդ էր վերցրել, որ օգոստոսի 12-ին բանակ ճանապարհեր եղբորը` Հակոբին ու տունը վերանորոգեր, բայց սեպտեմբերի 27-ին զանգահարել եւ կանչել էին: Գեւորգը գնացել էր իր ծառայության վայրը` Սիսիանի դիրքեր: Հակոբի ծառայությունը Մարտունիում էր: Բայց չգիտես ինչու` մոր սիրտն անընդհատ Գեւորգի համար էր անհանգիստ ու տագնապած:
«Հակոբին որ զինվորական համազգեստով չէի տեսել, դեռեւս չէի պատկերացնում, որ նա էլ է զինվոր, դրա համար Գեւորգի համար էի անհանգստանում: Երբ Գեւորգը դիրքեր գնաց, մտածեցի, որ կռիվը մի 5-6 օրից կավարտվի»,- շարունակում է Լիլիթը:
Հոկտեմբերի 8-ին տղաներն իջել են Սիսիանի դիրքերից: Գեւորգը չի թաքցրել ծնողներից, որ իրենց Արցախ են տանում: Վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 9-ին, երբ նրանք հասել էին Կարմիր Շուկա: «Հոկտեմբերի 10-ի գիշերը շատ անհանգիստ էի, չէի կարողանում քնել, աչքիս առաջ հրե գունդ անցավ պատուհանիս տակով, սրտիցս մի բան պոկվեց, ես նմանվեցի սպունգի ու տակնուվրա եղած թուլացա, որովայնիցս կարծես մի բան անջատվեց, նույն պահին «աթս»-ն հարվածել էր այն մեքենային, որի մեջ էր նաեւ Գեւորգս… Ես նրա մահը զգացի, ես զգացի` ոնց է տղաս պոկվում-հեռանում ինձանից… Նույն զգացողությունն ունեցել եմ նաեւ նրան հրաժեշտ տալիս: Երբ պաչեցի ու դռան շեմից ճանապարհեցի նրան, ինձ թվաց` Գեւորգս պոկվեց ինձանից»,-ասում է մայրը:
Լիլիթը մի ուրիշ սիրով է խոսում ոչ միայն որդու, այլեւ՝ բոլոր զինվորների մասին, ասում, երբ որդին Սիսիանի դիրքերում հերթափոխի էր, գնացել-հասել է այնտեղ, թեեւ ծնողներին չի թույլատրվում, բայց ինքը գնացել է: Թեեւ տղաները ոչ մի բանի կարիք չեն ունեցել, նրանց համար իր պատրաստած պահածոներն է տարել: «Ասում էի` Գեւորգս 15 օր տանը չի լինում, իր բաժինը թող էնտեղ ուտի: Բայց միայն Գեւորգիս համար չէի տանում, ես 13 Գեւորգ ունեի: Երանի նրանց չճանաչեի: Ջիվանն ու Էրիկն են փրկվել: Գեւորգիս տարելիցին Պանթեոնում գրկել եմ Ջիվանին, ասել, որ վատ չզգա, փառք Աստծո, գոնե ինքը ողջ է մնացել, տղայիս կարոտը փորձել եմ նրանից առնել: Ամենադժվարը անտանելի կարոտն է, ցավեցնող է, որի դեմ անզոր ես: Մեկ տարի է անցել, բայց ես ամեն 15 օրը մեկ դեռ սպասում եմ Գեւորգի` դիրքերից իջնելուն, նրա սիրած կերակուրներն եմ պատրաստում, տոլմա փաթաթելիս զրուցում եմ Գեւորգիս հետ, ինքը տոլմա շատ էր սիրում, ու էդ պահին թվում է` իր ստվերն անցնում է իմ կողքով, ինչպես` իր կենդանության ժամանակ: Երբ զինվորական համազգեստը հագնում-տնից դուրս էր գալիս, կռանում կապում էի կոշիկների քուղերը, վիրավորվում էր, չէր թողնում, ասում էի` տղաս, բոլորս պիտի խոնարհվենք զինվորական համազգեստ հագնող զինվորի առաջ: Եթե դու սիրում ես ընտանիքդ, նշանակում է` սիրում ես նաեւ հայրենիքդ: Գնալուց առաջ մտել էր նկուղ, եկավ-ասաց` մամ, արխային եմ: Շատ կոկիկ էր, բոյով, սիրուն, սլացիկ, իրենց կեցավայրը լավագույնն էր, մաքուր, տնից սփռոց էր տարել, ափսե-բաժակ, ասում էր` թող հաճելի լինի, սիրուն լինի»,-պատմում է Լիլիթը, հետո ավելացնում, որ երբ Սիսիանում քայլելիս իրեն ճանաչում են որպես հերոս Գեւորգի մայր, սիրտը հպարտությամբ է լցվում: Իր վիշտը չի պարտադրում ոչ մեկին, իր տան դռնով մտնողին դիմավորում է բարյացակամ, սիրալիր, բացատրելով, որ ոչ ոք մեղավոր չէ իրենց հետ պատահածի համար:
Տանն արտասվում է, հետո սրբում աչքերն ու դուրս գալիս` այգի մշակում, աշխատանքի գնում: Ասում է, երբ մարտի 12-ին զանգահարեցին ու ասացին, որ համավարակի արգելանքն ավարտվել է եւ պիտի աշխատանքի ներկայանա, կանգնել է սենյակում սարքած որդու հիշատակի անկյան մոտ, նայել տղայի աչքերին, ներողություն խնդրել, լացել, սրբել աչքերը, վիշտը, ցավը թողել տանն ու գնացել Բնունիսի դպրոցի շենքում գործող նախակրթարանի երեխաներին զբաղեցնելու: Երբ հարցնում եմ` իսկ ի՞նչ կասեր որդու մասին ամուսինը` Արթուրը, Լիլիթն ասում է` ոչինչ, Արթուրը լուռ է տանում իր ցավը, որդին` Հակոբն էլ չի խոսում եղբոր մասին, նրանք իրենց ցավը իրենց ներսում են տանում, Լիլիթն է նրանց ուժ տալիս, ոգի տալիս, սիրտ տալիս…ու էդ ուժը Գեւորգն է իրեն հաղորդում, որդու հիշատակն է ստիպում իրեն ուժեղ լինել, պահել-խնամել նրա տնկած 80 ծառը, խնամել-հոգալ նրա անունով ընտանիքին տված անասուններին: Անասելի դժվար է նրա «արյան կաթիլների եւ կյանքի դիմաց» տված գումարով կամ` օգնությամբ որեւէ բան անել տանը, բայց կարծես Գեւորգը ստիպում է ուժեղ լինել, չկոտրվել եւ շարունակել ապրելը: «Չորս տարի է` Գեւորգս այգի էր տնկել, ոչ մի անգամ ծառերը չէին ծաղկել, այս տարի առաջին անգամ ծաղկեցին ու խնձոր քաղեցի, մատաղի նման կտրել- բաժանել եմ բոլորին»,- ասում է Լիլիթը ու հավելում, որ պատերազմը խաղ ու պար չի, ոչ էլ` հարսանիք, սփոփանք չկա, մխիթարություն չկա, բայց պիտի շարունակեն ապրել հանուն նրա հիշատակի, հանուն 5-ամյա Մարիի, ում Գեւորգը ամենաշատն էր սիրում: Մարին էլ` նրան: Նրանց տարիքային տարբերությունը 20 տարի է, Գեւորգն է հորդորել մորը ունենալ բալիկին, եւ հիմա փոքրիկ Մարին մշտապես Գեւորգին կհիշեցնի: Մարին բոլորի համար արտասանում է իր սովորած բանաստեղծությունը, ու մտածում, որ եղբայրը լսում է իրեն`
Դու խոստացել ես, հաստատ պիտի գաս,
Թեկուզ` մի քիչ ուշ, բայց գիտեմ` կգաս,
Ուզում եմ, որ գաս քո համազգեստով,
Ուզում եմ, որ գաս պատվով, հարգանքով,
Ուզում եմ, որ գաս, քո գիրկը վազեմ,
Զինվոր եղբայրս տուն եկավ, ասեմ…
Ուժեղ կին է, ուժեղ մայր է Լիլիթը, հիացմունքի արժանի, խոնարհումի արժանի, որ ցավը սրտում կծկած` շարունակում է ապրել եւ ապրեցնել: Պատերազմի ամենածանր օրերին Սիսիանի քոլեջում սովորող դուստրը` Հերմինեն կամավորագրվել է` վիրավոր զինվորներին օգնելու, ու մայրը ոչ միայն չի արգելել, այլեւ` խրախուսել է, եթե 5-ամյա Մարիին պահող լիներ, ինքն էլ կգնար: Պատերազմին տնով-տեղով են մասնակցել: Բեկորային վնասվածքներ էր ստացել Մարտունիում ծառայող Հակոբը: Փառք Աստծո, Հակոբը ապաքինվել է, վերադարձել տուն եւ փորձում է շարունակել ոչ միայն ավագ եղբոր գործը, այլեւ` ամեն ինչ անում է` ավարտին հասցնելու նրա կիսատ թողածը…
Գեւորգ Բաբաջանյանը 44-օրյա պատերազմում Բնունիս գյուղի միակ զոհվածն է, բայց ոչ` զոհ ունեցող միակ ընտանիքը: Իրենց տունը-տեղ եւ որդուն կորցրել ու Արցախից Բնունիս բնակության է տեղափոխվել Շողիկի եւ Հակոբի ընտանիքը: Ուզում են տուն գնել եւ հիմնավորվել այստեղ: Լիլիթն ասում է, որ տարբերություն չի դնում իր եւ որդեկորույս Շողիկի միջեւ, նա էլ է մայր, նա էլ է որդի կորցրել հայրենիքը պաշտպանելիս, նա էլ է արժանի ուշադրության եւ հոգատարության, ինչպես մեր բոլոր մայրերը: Ի՜նչ իմանամ, գուցե մի օր էլ վերքեր երգող եղեգնյա գրիչս նրա վշտի ու ցավի դուռը բախի:
Անագորույն պատերազմից անցել է մեկ տարի: Ցավը խորացել է, կարոտը տանջում է, սովորել են ապրել ցավի հետ, այն, ինչ իրենք ապրեցին, չի ցանկանում, որ այսուհետ որեւէ մայր ապրի, պատահում է, որ Հակոբին Գեւորգ է կանչում, հետո Հակոբ որդուն խնդրում է չնեղանալ, դժվար է տեղի ունեցածը հեշտությամբ հասկանալը, Հակոբին նույնիսկ ասել է, որ իր գլխին թեեւ մեկ գլուխ կա, բայց երկու դեմք` մեկը` իրենն է, մյուսը` Գեւորգինը: Պտահում է` ձայն է տալիս ամուսնուն` Գեւորգին, Հակոբին վերցրու-եկեք հաց ուտելու: Պատահում է…
Էլի շատ բան է պատահում: Ասում է` մենք ծառն էինք, մեր որդիները տերեւները, քամին պոկեց-տարավ: Բայց մաղթում է իրեն, բոլորին, մյուս որդեկորույս մայրերին` ուժ, ոգի, դիմանալու այս անդարման ցավին, դուրս գալու այս սպանիչ հոգեվիճակից, զորանալու, զորացնելու…Նիհարակազմ, տխրադեմ, արցունքից հոգնած ու տանջահար դեմքով այս կինը, վշտից ցամաքած այս մայրը` 46-ամյա Լիլիթ Սողոմոնյանը սիրտը` կոտրված, բայց` հոգով ուժեղ, բայց` կամքով տոկուն, բազմազավակ մայր լինելուց զատ` նահատակ զինվորի մայր, որ խոնարհաբար ու լռելյայն տանում է իր խաչը, որ թեեւ փոքր-ինչ սփոփվում-ամոքվում է որդու մասին խոսելիս, բայց հետո ցավը կծկում-դնում է սրտի տակ ու շարունակում իր ուսերին տանել մեծ ընտանիքի հոգսը, նահատակ որդու երազանքների իրականացման պատասխանատվությունը: Ձեր զավակների վառ հիշատակի առջեւ խոնարհվելուց հետո խորին երախտագիտությամբ խոնարհվում ենք ձեր առջեւ, քաջորդիներ ծնած, երկիր ու օջախ պահող հայ մայրեր, զինվորի մայրեր: Ձեր նահատակ զավակներն արժանի են ձեզ, դուք էլ` նրանց…
Արևհատ ԱՄԻՐՅԱՆ
Սիսիան
«Առավոտ» օրաթերթ
30.10.2021