Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք կնքվել են երկնքի հետ նույն ավազանում…»

Նոյեմբեր 01,2021 13:30

Էդվարդ Միլիտոնյանի պոեզիան՝ ապրող ու շնչող

Իմ հայրենիքը
մանր խաչերի անձրեւ է
հին պատերին:

Այս տողերով է սկսվում Էդվարդ Միլիտոնյանի «Իմ հայրենիքը» բանաստեղծությունը, որը հարուստ է խոհականությամբ եւ ազատությամբ՝ հայրենիքի լույսն ու ցավն իր մեջ առած, հետուառաջ անելով գաղափարական զուգահեռները: Մենք կարդում ու հասկանում ենք, թե քարերի երկիրն ինչքան խոր ու ակնհայտ հոգի ունի, հոգեւոր ներկայություն ու ինքնատիպ դիմանկար: Եվ պատահական չէ, որ հեղինակը ներկայի ալեբախումներում ու ստվերներում որպես թափանցիկ ջրով ավազան է ներկայացնում հայրենիքը:

Իմ հայրենիքը
թափանցիկ ջրով ավազան է,
ուր զնգալով ընկնում են օրերը:

Իմ հայրենիքը ահա,
որտեղ-թռչունը շողշողում է,
որտեղ մահը թրջվում է գինով,
եւ ապրողների երակներով
հոսում է արյունը լեռան:

Է. Միլիտոնյանի բանաստեղծական տողերի ներդաշնակությունը թույլ է տալիս նկատել պատկերների շարժառիթը, աշխարհի առանձնահատկությունները, մարդու եւ շրջապատի ուրվագծվող բովանդակությունը, հուզազգացական ձեւափոխումներն ու երեւույթների շեշտակիությունը:
Պոեզիան գաղափարական խտացում է ապրած կյանքի, ստեղծած ու սպասվող խաչմերուկների բազմատարր խորության հիմքով, որն էլ ուղեգրում է գրողը՝ իր ձեռագրին հատուկ ոճականությամբ ու արտահայտչականությամբ:

Դիտարկենք նրա մեկ այլ՝ «Գարունը» բանաստեղծությունը, որտեղ հեղինակը պարզ ցույց է տալիս գարնան բերկրալից էությունը, նպատակն ու հետքը:

Գարունը եղանակն է արթնացման,
Ժամանակն է թեթեւ հուզմունքի,
Վազքի, թռիչքի, բարեհաջող անկման:

Հրաժեշտը տխուր չէ,
Վերադարձը՝ ցնծուն,
Գարնանային ծես է սովորական:

Տարվա ամենագեղեցիկ եղանակներից գարնան ինքնատիպությունը հեղինակի գրչով բազմագույն ենք դիտարկում, վերադարձները ու հրաժեշտները բռունցքվում են եւ կարծես մեկը մյուսին լրացնելով ստեղծում են ապրելու նախապայմաններ:

Մենք զգում ու տեսնում ենք արարչությունն Աստծո,
որովհետեւ «կարեւորը սիրտն է, որ տրոփում է հաշտ ու խաղաղ,
եւ գալիս է այնպիսի մի գարուն
ու լրջորեն հավատում ես,
թե աստված ունի կերպարանք՝
գարունը հայացքն է նրա»:

Այսքանով չի ավարտվում հեղինակի շնչավորած եղանակը: Գնալով ավելի է անձնականանում՝ նոր ու սլացիկ թռիչքով հասնելով ավարտին, որտեղ թփերն ու ծառերը շնչում են բանաստեղծի սիրտը:

Չեմ պոկում ոչ մի ճյուղ ծաղկած,
ամպերը սահում են:
Ես հիմա ինձ լավ եմ սկսում ճանաչել:
Թփեր, ծառեր,
Թեքվում եք սիրտս շնչելու:

Էդվարդ Միլիտոնյանի «Եռաբլուր» շարքը համոզիչ է ու շատ հետաքրքիր, նուրբ կետեր է պարունակում իր մեջ: Ընթերցելով նույն շարքի բանաստեղծությունները, համոզվում ես, որ բանաստեղծը հայրենիքի ցավը սրտում կարողանում է բառավորել կորուստն ու հպարտությունը, ներկայացնել այն որպես չմարող լույս, անամոք վերք եւ որ ամենակարեւորն է՝ ամեն պահ ապրելու պարտականություն ու խոստում:
«Եռաբլուր» շարքի «Մենք» բանաստեղծությունը լավագույնս է ներկայացնում շարքի ընդհանուր բովանդակությունն ու ասելիքը, կառուցվածքն ու իրողությունը:

Նրանք եղբայրացել են լեռների հետ
իրենց երակների արյունը խառնելով,
եւ զինավառ ու ուժգին է
ինչպես անդնդախոր գետ,
եւ լեռն աննահանջ
իբրեւ այր քաջակորով:

Տեսնում ենք, թե գրողն ինչպիսի կարեւոր համեմատություններ է արել, որը ճշմարիտ բանաստեղծության անձնագիրը կարելի է համարել: Ապա, շարունակելով արյունով, ցավով թրծված ստեղծագործությունը, նա նոր համեմատություններ է երեւան հանում՝ ամեն ինչ իր տեղում լույս դարձնելով, անգամ երկինքը, որտեղ տղաների հոգիներն են:

Նրանք կնքվել են երկնքի հետ
նույն ավազանում,
եղել է փոխներարկում լույսի:
Եվ զինավառի հայացքն է
անվրեպ շողարձակում
եւ երկինքն է ցոլում
ոգով մարդ-առյուծի:
Մենք կարդում ենք տողեր, որոնք հղկված են հայրենիքի ամրությամբ, հայի արիական ոգու զորությամբ, բանաստեղծի խոհակերպարային բուռն ընթացքով:

Նրանք հավերժի հետ թրծվել են նույն հրով,
Մահ ու կյանքի դաշնություն է եղել,
Եվ զինավառը գնում է,
Գնում է անվերջ խոյանքով,
Եվ ժամանակը մնում է,
Մնում է հրեշտակի պես լուսեղեն:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930