Կամավոր ատեստացիայի տրամաբանությունը հետեւյալն է. ըստ ԿԳՄՍ նախարարի 23/04/2021թ. N 27 L սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի՝ եթե ուսուցիչը պարապում է երկու առարկա, պետք է միայն մեկ առարկայից գնա կամավոր ատեստացիայի, միաժամանակ երկու առարկայից կամավոր ատեստավորվել հնարավոր չէ։
Եթե ուսուցիչը հաջողությամբ անցնում է կամավոր ատեստավորումը, ապա ըստ իր ատեստավորման ժամանակ ստացած միավորների, կստանա մինչեւ 30-ից 50% հավելավճար միայն այն առարկայի ժամաքանակի համար, որի համար անցել է կամավոր ատեստավորում։ Օրինակ՝ հ. լեզու եւ գրականություն պարապող ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն հայոց լեզվից եւ հաջող ատեստավորվելու դեպքում միայն կստանա հավելավճար հայոց լեզվի ժամաքանակի համար եւ այդպես շարունակ։
Կան առարկաներ, օրինակ՝ ՆԶՊ եւ ֆիզկուլտուրա, որոնց մասով կամավոր ատեստավորման մասին որոշում չկա։ Եթե ՆԶՊ-ի եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները ուզենան, չեն կարող օգտվել հիշյալ ծրագրից։
Մենք վերջին ամիսներին եւ հատկապես հոկտեմբերի 21-ի կառավարության նիստում տեսնում ենք՝ հնչում է մի կեղծ թեզ, ըստ որի՝ սա հեղափոխական ծրագիր է եւ ուսուցիչը, եթե ունի գիտելիք, չի վախենա եւ կդիմի ծրագրին, հաջողությամբ եթե ավարտի, կստանա աշխատավարձի մինչեւ 50% բարձրացում։
Այնինչ ուսուցիչները բնավ շահագրգռված չեն կամավոր ատեստավորման գնալու առումով, քանի որ կամավոր ատեստավորումը էական ազդեցություն չի կարող ունենալ իրենց աշխատավարձերի վրա, այսինքն՝ այն չի կարող տարածվել ամբողջ դրույքաչափի վրա։
Ընդհանրապես եթե մենք ուսումնասիրենք ուսուցիչների ատեստավորումների պրակտիկան՝ լինեն դրանք կամավոր, թե հերթական (պարտադիր), մեկ է՝ ատեստավորումները կրում են ձեւական բնույթ։
Ընդհանրապես ատեստավորումների ինստիտուտը շատ կարեւորագույն գործիք է եւ դրա ճիշտ գործարկումից է կախված կրթության որակը։ Ես չգիտեմ մի դեպք, երբ որեւէ ուսուցիչ դուրս է մնացել ատեստացիայից եւ հեռացվել է աշխատանքից։
Այո՛, այսօր մեզանում կրթության որակը շատ ցածր է, այո,՛ ոլորտում կան հազարավոր ուսուցիչներ, որոնք եթե իրապես ատեստավորվեն ոչ ձեւական ձեւաչափով, ապա շատերը դուրս կմնան աշխատանքից։
Ընդհանրապես կրթության ցածր որակը եւ ցածր մակարդակի մասնագիտական որակներ ունեցող մասնագետները դպրոցում աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով։
Այդ մրցութային հարցաշարի մեջ որեւէ մասնագիտական հարց ներառված չէ։ Հարցերը հիմնականում օրենսդրական կարգավորումների դաշտին են վերաբերում։ Օրինակ՝ մաթեմատիկայի ուսուցիչը, ՆԶՊ-ի, քիմիայի, , նկարչության, ֆիզկուլտուրայի կամ պատմության ուսուցիչը աշխատանքի ընդունվելիս մրցույթի ժամանակ նույն թեստային հարցաշարից է քննվում։ Իսկ այդ հարցաշարը, ինչպես ստորեւ նշեցի, վերաբերում է կրթության իրավական կարգավորումներին։ Այլ կերպ ասած՝ որեւէ մեկին չի հետաքրքրում քո մասնագիտական հմտությունները եւ կարողությունները, եթե դու անգիր ես անում կրթության իրավական դաշտը ու եթե ունես համապատասխան մասնագիտական որակավորում, ապա կարող ես մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին եւ աշխատես ուսուցիչ։
Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.10.2021