Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, թե Անատոլի Հովհաննիսյանի ժողովածուն ամենօրյա ընթերցանության գիրք է». Նշան Աբասյան

Նոյեմբեր 01,2021 12:30

Ֆրանսիայի Լիոն քաղաքում (առողջական խնդիրներով պայմանավորված) գտնվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանին անակնկալ էր սպասվում. «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը տպագրության է հանձնել նրա «Գնում եմ կորեմ» բանաստեղծությունների ժողովածուն՝ Հատընտիրը, որում հեղինակի նախորդ երեք գրքերի հանրագումարն է: «Առավոտը» զրուցել է գրքի խմբագիր Նշան Աբասյանի (լուսանկարում) հետ:

– Օրերես լույս է տեսել բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ կորեմ» բանաստեղծությունների հատընտիրը: Որքանով որ տեղյակ եմ` նախաձեռնությունը Ձերն էր: Դուք ճանաչո՞ւմ էիք հեղինակին:

– Առաջարկը արձակագիր Հովհաննես Երանյանինն էր, ով գիտեր, որ մեր հրատարակչությունը «Արդի» մատենաշարով սկսել է տպագրել ժամանակակից հայ հեղինակների գործերը։ Ինքս, պիտի խոստովանեմ, մինչ այդ շատ ծանոթ չէի Անատոլի Հովհաննիսյանի ստեղծագործությանը, եւ բացահայտումը հընթացս եղավ, քանի որ ճանաչելով Երանյանին ու նրա գրական ճաշակը՝ միանգամից համաձայնեցինք գիրքը տպագրել։

Կարծում եմ՝ հանգամանքների բերումով՝ ինձ նման շատերին է անծանոթ Հովհաննիսյանի գիրը՝ որպես հետխորհրդային շրջանի հայ պոեզիայի մի յուրահատուկ դրսեւորում։

– Ինչպես գրքի առաջաբանում եք գրել, ժողովածուն ընդգրկում է հեղինակի նախորդ երկու գրքերը գրեթե ամբողջությամբ, իսկ առաջինը՝ շուրջ երկու տասնյակ գրվածքով՝ ընթերցողին հնարավորություն տալով տեսնելու հեղինակի անցած ողջ գրական ուղին: Խոսքը նրա «Տաք երկիր», «Հայելի», «Ֆրանսիական նամականի» ժողովածուների մասին է: Այս շարքերից ո՞րը հատկապես տպավորվեց, եւ ինչո՞ւ:

– Ավանդական արքետիպները կարծես «շրջված» օգտագործելու, բայց միաժամանակ արհեստականությունից զերծ նրա ոճը նկատելի է բոլոր շարքերում, բայց ըստ իս՝ առավել ցայտուն է դարձել, կարծրացել է «Ֆրանսիական նամականում»։ Օրինակ՝ այս պատկերը.
«Դու կապված ես սրտիցս,
Ինչպես շունը
Լքված առանձնատան բակում…»։

Միայն օտարության, մենության մեջ այսպիսի ցավ կարելի էր զգալ-լքված առանձնատուն, շուն, որ չգիտես՝ ի՞նքն էլ լքված-բանտարկվածն է, թե՞ անդավաճան հավատարիմը՝ իհարկե դարձյալ տառապող։ Կարծես կինո լինի՝ շատ տխուր, շատ ցավագին, եւ խորհրդածելու շատ բան տվող, մանավանդ մեր օրերի համատեքստում։

Չի կարելի այսպես ապրել. մարդը չպիտի հայտնվի նման վիճակում։ Մարդուն չի կարելի լքել։ Իսկ եթե առանձնատունը նույնացնենք այսօրվա Հայաստանի հետ, ինչպիսի՞ ասելիք կստացվի։

– Կարծես դրա պատասխանը տվել է հենց ինքը. «Երազը չկա եւ կոպերս սեւ գիշերվա վարագույր են…»: Լինո՞ւմ է, երբ տողն ընկնում է հետեւիցդ կամ օրերով հետապնդում քեզ, Անատոլիի տասնյակ տողեր, տող-պատկերներ հանգիստ չեն տալիս: Ասես՝ «կյանք- ցանց» իրականություն լինեն: Երբ կազմում էիք այս ժողովածուն, ո՞ր պատկերները հատկապես տպավորվեցին:

– Արդեն նշեցի, որ տարածված գրական սիմվոլները, համեմատությունները անսպասելիորեն այլ կերպ են ներկայացված նրա ստեղծագործության մեջ։ Եվ անսպասելիության այդ հանգամանքն է ավելի հաճախ ուշադրություն գրավել, ընդ որում՝ դրանք կարող են լինել ոչ թե ամբողջական բանաստեղծություններ, այլ բանաստեղծության մեկ պատկեր։ Սակայն պիտի ասեմ, որ չեմ կարծում, թե Անատոլի Հովհաննիսյանի ժողովածուն ամենօրյա ընթերցանության գիրք է։ Պատկերների այդչափ «ծանրությունը» չես կարող ամեն օր տանել։ Դրանցով սիրային բացիկներ էլ չես գրի, դրանք ֆեյսբուքյան հարահոս հանրագրեր չես դարձնի։ Եվ կարիքն էլ չկա։ Մտածում եմ՝ Հովհաննիսյանի գրվածքները պետք է կարդալ՝ տեսնելու, ինչպես Երանյանն է նկատել, դրախտը թողած մարդու տվայտանքը եւ նայելով ինքդ քո ներսը՝ հասկանալ, որ անպատասխան շատ հարցերիդ պատասխաններ, կարոտներիդ պատճառները բոլորովին էլ գլոբալ քաղաքական խարդավանքների, սոցիալական «շոշափելի» դժվարությունների մեջ չէ, որ թաքնված են։ Հայտնի խոսք է՝ մարդը դժվարությամբ է գտնում այն, ինչ ընկած է իր ոտքի տակ։

– Գիրքն ինչպես է հասանելի լինելու ընթերցողին:

– Քաղաքի բոլոր հիմնական գրախանութներում էլ կարելի է գտնել։ Ցանկացողները կարող են այն պատվիրել նաեւ «Էդիթ Պրինտի» ֆեյսբուքայն էջի միջոցով՝ ընդամենը նամակով դիմելով։

Հարցազրույցը՝
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Հ.Գ-Հատընտիրն ավարտվում է Անատոլի Հովհաննիսյանի մասին գրական գործիչների՝ Վահագն Դավթյանի, Ռազմիկ Դավոյանի, Դավիթ Գասպարյանի, Հովհաննես Երանյանի, Ներսես Աթաբեկյանի, Հովհաննես Երանյանի գնահատականներով:

«Առավոտ» օրաթերթ
30.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930