Լրահոս
Օրվա լրահոսը

Վերածնված ճակատագիր

Նոյեմբեր 01,2021 12:00

Նախաերկրաշարժյան մեր բազմաբնակարան շենքի բնակիչներից, իմ ընտանիքի մտերմությունն Աթաբեկյանների եւ Բոստանչյանների հետ, պայմանավորված էր իմ կնոջ՝ Ռիտայի, եւ նրանց կանանց՝ Շուրա եւ Նյուռա քույրերի միջեւ ստեղծված շատ ջերմ հարաբերություններով: Ավելին, «եռյակը» սիրալիր էր այնքան, որ հարազատ քույրերը կնախանձեին:

Վիգենը Շուրայի ամուսինն էր՝ բազմաշնորհ ու բազմաոճ: Ամեն ինչ նկատող, ամեն բան տեսնող, ամենքին հասկացող, բայց լռակյաց, բազմախորհուրդ ու բազմաբնույթ, ներողամիտ ու բարյացակամ, տղամարդուն հատուկ ամեն «ատրիբուտներով»:
Տասնվեցամյա Գուրգենը գեղեցկադեմ, հրաշալի պատանի էր՝ խելացի, դպրոցում գերազանց սովորող, հասակակիցների նկատմամբ ներողամիտ ու բարյացակամ: Գայանեն չքնաղ աղջնակ էր, մի փոքր ամաչկոտ, միշտ մտածկոտ ու հոր նման լռակյաց:

Վիգենի մայրը՝ Ռիման, Երեւանից հաճախ էր գալիս նրանց տուն: Պատերազմին կորցրել էր ամուսնուն, միայնակ մեծացրել Վիգենին, ուսման տվել ու հիմա վայելում էր «չարչարանքի պտուղները»: Նա, այցելության առաջին օրից, բոլորի տատիկն էր դառնում: Մանավանդ՝ իմ երեխաների: Նրանց տանը որդիս փառավորվում էր ձկների ակվարիումով:

– Ռիմա տատիկ, ձկները եթե քնած չեն, կարո՞ղ եմ տեսնել,- ամեն անգամ շքամուտքում հանդիպելիս, հարցնում էր տղաս: Իսկ Ռիմա տատիկը բարությամբ լցված աչքերի դրական շարժումով հասկացնում էր, որ արթուն են…
Ռիման իրոք որ բոլորի տատիկն էր՝ աշխատասեր, բարետես, ամեն բան ուսուցանող, «խրատող»: Երկրաշարժից հետո կենդանի մնացած բնակիչներից շատերը մինչեւ այսօր նրա «վերմակներ կարելու դասընթացներն» են հիշում…

Աթաբեկյանների ընտանիքն իմ հոգու «շտեմարանում» մշտապես պահված է որպես ընտանիքի դասական օրինակ:
Բայց…
… Ես Վիգենին հանդիպեցի երկրաշարժից երկու օր անց, մեր շենքի փլատակների վրա: Նա անճանաչելի էր դարձել: Որքան էլ զուսպ էր տանում անասելի ցավը, զգացվում էր՝ թեւաթափ ու անօգնական է դարձել: Ես դեռ չգիտեի նրան հասած Աստծո անեծքը: Նրա կողքին ոչ ոք չկար: Նման դեպքերում աղետյալներս հասկանում էինք, որ… ընտանիքից ոչ ոք չի փրկվել…
Վիգենի մայրը զոհվել էր շքամուտքում, որտեղ, համարյա ամեն Աստծո օր, կամավոր «մաքրուհի» էր դառնում: Գուրգենը տանն էր զոհվել, փլատակների տակից հորից անվերջ ջուր աղերսելով: Անզուգական Գայանեն մնացել էր դպրոցի փլատակների տակ… Շուրայի քույրը՝ Նյուռան, տանն էր զոհվել: Իսկ նրանց հոր դիակն այդպես էլ չգտնվեց…

– Տե՜ր իմ Աստված,- մտածում էի,- այս անմեղ, սրբագործ ու բարեկիրթ ընտանիքի համար ինչո՞ւ էր դատաստանդ այսքան դաժան…
Ես վերջապես մոտեցա Վիգենին: Նրա աչքերի դատարկությունից մի ակնթարթ ցնցվեցի:

– Երեւի պետք չէր նրան մոտենայի,- մտածում էի: Սակայն նույն պահին զգացի նրա՝ ինձ հուսադրող հայացքը: Եվ հասկացա, որ այսպիսի տղամա՛րդը միայն կարող է հաղթել Աստծո տված ողբերգությանը…

– Ինչպե՞ս ես, ախպերս,- հարցրեցի:

Չպատասխանեց ոչինչ: Երեւի չլսեց էլ: Ջանում էր թաքցնել հայացքը: Մանավանդ՝ աչքերը, որոնք թաց չէին, կարծեմ: Հզորների աչքերը երբեք չեն թացանում: Սակայն… «ծանրացնում են» նրանց առողջությանը վնասող «կշռաքարերը»՝ անձայն արտասուքից…

…Մոսկվայի Սկլիֆասովսկու անվ. հիվանդանոցում կնոջս առողջական վիճակը, թեեւ դանդաղ, բայց, ինչպես ասում են՝ «լավի էր գնում»: Մենք տեղեկացել էինք, որ Շուրան գտնվում է Վիշնեւսկու անվ. հիվանդանոցում: Որոշեցինք այցի գնալ նրան:

Մեր անսպասելի այցից նա կարծես թեթեւ ժպտաց, հետո… Սկսվեց «հետոն»…
Շուրայի հորդառատ արտասուքների հեղեղը գլորվելով՝ այտերից ցած էին թափվում եւ մեզ թվում էր՝ նրա արցունքների դառնությունից ուր որ է հրդեհելու են մահճակալի վրայի եղած-չեղածը: Անդառնալի կորստյան ցավը ամուսնու նման նրան էլ անճանաչելի էր դարձրել: Եվ կարծես ոչ լսում, ոչ տեսնում էր եւ ոչ էլ ներկա էր մեր շրջապատում: Դաժան ողբերգությունն «առել-տարել էր» նրան: Ես զգում էի, որ ավերիչ երկրաշարժն ավերել էր նաեւ նրա հոգեկան աշխարհը՝ իրականն ու անիրականն իրար էր խառնել ու չէր թողել «ոչ մի պակաս տեղ»… Ես նշմարում էի, որ Շուրան կորցրել է ժամանակի ու տարածության զգացողությունը…
Աստված իմ… Այս ի՞նչ արեցիր այս ընտանիքի հետ, հ՞ը… Հիմա է՞լ հավատամ քեզ… Հա՞…

Կինս գրկեց Շուրայի մահճակալին փռված, ցնցվող իրանը: Իրար գրկած սնքրթում էին՝ անվերջանալի երկար: Իսկ մենք, մոլորված, սրտակոտոր, կանգնել ու անզորությունից պայթում էինք՝ անաղմուկ:
Պահը երկրաշարժի դժխեմ տեսարաններից էր…

Նման ահեղ արցունքների ես ականատես եղա տարիներ անց, Երեւանի նրանց բնակարանում, ամուսնու՝ Վիգենի մահվան օրերին… Շուրայի մարդասպան արցունքներն անտեղյակների սրտերն էլ երկրաշարժի տառապանքներով ու ցավերով կլցնեին: Կարծես անվերջանալի կսկիծն աներես հյուրի նման եկել, մտել էր նրանց օջախն ու չէր հեռանալու այլեւս:

Վիգենը դեղորայք գնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ շքամուտքի աստիճանների վրա նսած մահացել՝ հեմոռակիկ շոկից…
Հիշողություններս ինձ տարան երկրաշարժի հեռավոր, դաժան ժամանակները: Հիշեցի Վիգենի սառը, անարցունք աչքերի տանջող ցավը, որ հետագայում անխղճորեն տարավ նրան…

…Երկրաշարժից հետո, տասնյակ վերքից խեղանդամ դարձած Շուրան երկու աղջիկ ունեցավ՝ Արեւիկին ու Աստղիկին:
-Արեւ է ծագել մեր օջախում,- ասել էր Վիգենն՝ Արեւիկին ծննդատնից տուն բերելու պահին: Ու հիմա… չկա Վիգենը:

Շուրայի ավագ դուստրն՝ Արեւիկը, մոր արցունքները զսպել ցանկանալով, կրկնում էր ու կրկնում.
– Մամ, հանգստացի՛ր, խնդրում եմ: Ես շատ լավ եմ սովորելու եւ թեթեւացնելու եմ քո բոլոր հոգսերը, մամ, լսո՞ւմ ես…
Արեւիկն իր խոստումը կատարեց «ամենայն ճշտապահությամբ»: Նա գերազանց ավարտեց տնտեսագիտական համալսարանը եւ միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններից աշխատանքի հրավեր ստացավ: Նրա օգնությամբ Ասղիկն ավարտեց Բժշկական համալսարանը եւ աշխատանքի անցավ, որպես բժիշկ:

Երբեմն աղետյալներն այսպես են հաղթում անկոչ ու դաժան աղետներին…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
Արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
30.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930