Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Գեւորգյան. «Ժամանակն է՝ ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել իրավական դաշտի տիրույթներում»

Նոյեմբեր 01,2021 15:30

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-15-ին Հաագայի Խաղաղության պալատում անցկացրեց հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ներկայացրած գործով։ Միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Լեւոն Գեւորգյանի հետ զրուցել ենք Հայաստանի հայցի, դատավարության ընթացքի եւ սպասվելիք արդյունքների մասին։

– Ինչո՞ւ հայցը ներկայացվեց հե՛նց այս կոնվենցիայի շրջանակներում։

– Իրականում խնդիրը միջազգային իրավունքի առանձնահատկություններն են, միջազգային իրավունքում հարկադրման մեխանիզմներ կիրառելն այնքան էլ դյուրին չէ։ Որպեսզի մի պետությունը մյուսի դեմ հայց ներկայացնի, անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ Իսկ համաձայնություն կարելի է ձեւավորել մի քանի ճանապարհով։ Օրինակ, պետությունները կարող են հայտարարել, որ իրենք ընդունում են միջազգային դատարանի իրավազորությունը բոլոր հարցերով։ Նման հայտարարություն ոչ Հայաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը չեն արել։ Մյուս դեպքում պետությունները կարող են գալ փոխադարձ համաձայնության առ այն, որ իրենց միջեւ վեճը քննվի որեւէ միջազգային ատյանում։ Բնականաբար, այս դեպքում նման համաձայնության գալն իրատեսական չէ։ Մյուս կողմից գոյություն ունեն միջազգային պայմանագրեր, որոնք նախատեսում են, որ պայմանագրի առարկայի վերաբերյալ վեճերը կարող են ներկայացվել միջազգային ատյանի քննությանը, այսինքն՝ պետությունը կարող է արդեն առանց մյուս կողմի կարծիքը հաշվի առնելու գնալ դատարան։ Եվ այս համատեքստում ամենահարմար գործիքն, ըստ էության, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման վերաբերյալ կոնվենցիան էր, որին երկու պետություններն էլ անդամակցում են, որը վեճերի կարգավորման ընթացակարգ ունի միջազգային դատարանի միջոցով եւ որը իրականում հնարավորություն է տալիս Հայաստանին կենտրոնանալ ոչ թե պարզապես միայն վերջին պատերազմի արդյունքում արձանագրված հանցագործությունների եւ խախտումների վրա, այլ փաստացի քննարկման առարկա դարձնել Ադրբեջանի կողմից տասնամյակների ընթացքում վարած հայատյաց քաղաքականությունն՝ իր ամենատարբեր դրսեւորումներով։ Այս տեսանկյունից այս կոնվենցիայի շրջանակը կարելի է ասել իդեալական հարթակ է։

– Այդ դեպքում ինչո՞ւ հակամարտության նախորդ փուլերում արձանագրված հանցագործություններն ու խախտումները մինչեւ այժմ իրավական գնահատական չեն ստացել։

– Հայաստանը կոնվենցիայի անդամ է դարձել 1993 թվականին, Ադրբեջանը՝ 1996-ին։ Այսինքն՝ շարունակական բնույթ չկրող ցանկացած իրավախախտման վերաբերյալ քննարկում կարող ենք սկսել 96 թվականից սկսած։ Չնայած դրան՝ Նախիջեւանի մշակութային ժառանգության ոչնչացումը, Ռամիլ Սաֆարովի վերադարձը եւ հերոսացումը, ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած վայրագությունները կարող էին արդեն վաղուց քննության առարկա դառնալ այս կոնվենցիայի ներքո, եւ բնականաբար այն ատելության խոսքը, որը տարիներ շարունակ տարածվել է Ադրբեջան պետության կողմից… հայատյացության ողջ քաղաքականությունը, սկսած 96-ից, կարող էր քննության առարկա դառնալ ավելի շուտ: Ցավոք, որքանով հասկանում եմ՝ տասնամյակներ շարունակ մեր պետությունը հակված է եղել խնդիրը կարգավորել Մինսկի խմբի գործողությունների շրջանակում։ Թերեւս եղել է նաեւ մտավախություն, որ ցանկացած դատական գործընթաց կամ որեւէ այլ միջազգային ատյանում արցախյան համակարտության եւ հայ-ադրբեջանական տարաձայնությունների շուրջ հարցերի քննարկումը կարող է անխուսափելիորեն խաթարել Մինսկի խմբի գործընթացը։ Այս մտավախությունն, իհարկե, երբեւէ հիմնավոր չի եղել։ Ամենեւին չեմ ուզում ասել, որ այս հայցադիմումը ուշացած է, այն կարող էր, բնականաբար, շատ ավելի շուտ ներկայացված լինել, իմ կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո առավել քան ժամանակն էր այն ներկայացնելու, բայց ունենք այն, ինչ ունենք։

– Հայաստանին ուղղված մեղադրականներ եւս հնչեցին, Ադրբեջանի ներկայացուցիչը նույնիսկ անդրադարձավ Հայաստանում գործող «ՈՄԱ» հասարակական կազմակերպության գործունեությանը՝ դիտարկելով այն ռասայական խտրականության համատեքստում։

– Ադրբեջանի կողմից հայցադիմում ներկայացնելն ակնհայտ ճարահատյալ քայլ է։ Նրանք փորձում են հայելային մոտեցում ստեղծել՝ ցույց տալ, թե իբր միայն իրենք չեն, այլ մենք էլ ենք իրավախախտ կողմ. այս քաղաքականությունը նրանք տարիներ շարունակ են վարել։ Նույնիսկ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների դեպքում, երբ խախտողն իրենք էին, միշտ աղմուկ էին բարձրացնում, թե իբր հայկական կողմը խախտել է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը։ Կարելի է ենթադրել, որ սա պետության ամենաբարձր մակարդակով արված պատվեր է, որպեսզի պարզապես հայկական կողմի դիրքորոշումն անարձագանք չմնա։ Պարզապես պատվեր է կատարվել ամեն գնով Հայաստանի դեմ նույնպես հայց ներկայացնել՝ չունենալով ուժեղ փաստական եւ իրավական հիմքեր։ Մեր հայցադիմումի մեջ մենք խոսում ենք Ադրբեջանի նախագահի մակարդակով արված հայտարարությունների մասին, իսկ իրենք քննարկման առարկա են դարձնում հասարակական կազմակերպության գործունեությունը եւ կամ այդ կազմակերպության առաջնորդի խոսքն են մեջբերում։ Ի դեպ, Վովա Վարդանովի հայտարարությունները լիովին տեղավորվում են խոսքի ազատության եվրոպական ստանդարտների թույլատրելի շրջանակներում, դրանցում ատելության խոսք չկա, դրանցում կա քննադատական տոնայնություն, կա ազգի պահպանության եւ արտաքին թշնամու անձնավորմանն ուղղված խոսք։ Եվ միայն այն փաստը, որ դատարանում ներկայացնելու համար նրանք դա են ընտրել, որպես ենթադրյալ խտրականության լավագույն օրինակ, արդեն իսկ խոսում է այն մասին, թե որքան ծանր է նրանց վիճակն այս դատավարության շրջանակներում։

– Ինչ վերաբերում է միջանկյալ միջոցին…

– Մենք առավել քան համոզված ենք, որ մեր պահանջները լիովին տեղավորվում են Կոնվենցիայի տրամաբանության մեջ, մենք համոզված ենք, որ ադրբեջանական կողմի պահանջները կոնվենցիայի տրամաբանությունից դուրս են, մասնավորապես ականների տեղակայման քարտեզների վերաբերյալ պահանջը, որը մեր կարծիքով չի տեղավորվում ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի իրավական տրամաբանության մեջ, այն պարզ պատճառով, որ ականները չեն պայթում՝ ճշտելով դրա վրա պայթողի ազգությունը։

– Լսումների ընթացքում հնարավո՞ր էր կանխատեսել դատարանի դիրքորոշումը։

– Դժվար է կանխատեսումներ անել, որովհետեւ՝ հաշվի առնելով, որ դատավարության վաղ փուլն է, չեմ բացառում, որ դատարանը հակված կլինի խուսափել իրավիճակից, որտեղ հայկական բոլոր պահանջները կբավարարվեն, իսկ ադրբեջանական բոլոր պահանջները կմերժվեն, որովհետեւ սա կարող է անգամ անկողմնակալ դիտորդի, այսինքն՝ երրորդ անձանց աչքերում թվալ փոքր-ինչ տարօրինակ եւ ընկալվել, որ արդեն իսկ ամեն ինչ կանխորոշված է, այդ իսկ պատճառով չեմ բացառում որոշակի բալանսավորման փորձեր, օրինակ, չեմ բացառում, որ դատարանը կարող է ապացույցների ապահովման հետ կապված Ադրբեջանի միջնորդությունը բավարարել, կամ կոչ անել երկու կողմին զերծ մնալ ատելության խոսքի քարոզից՝ առանց ընդգծելու, թե հայկական կողմին իրականում մեղսագրելի է ատելության խոսքի տարածման մեղադրանքը, թե ոչ։ Այսինքն՝ անորոշ ձեւակերպումներ, որոնք ուղղված կլինեն երկու կողմին էլ, չեմ բացառում։ Ընդհանուր առմամբ իրավական տեսանկյունից մենք համոզված ենք, որ մեր պահանջները լիովին կոնվենցիայի տրամաբանության մեջ են, իրենցը՝ ոչ։

– Այսինքն՝ այս անգա՞մ էլ միջազգային հանրությունն, ի դեմս միջազգային դատարանի, կարող է պարզապես կոչով հանդես գալ, ինչպես տարիներ շարունակ եւ ինչպես վերջին պատերազմական գործողությունների ընթացքում էր վարվում։

– Գերեվարված անձանց եւ մշակութային ժառանգության համատեքստում չեմ կարծում, որ դատարանը կոչով կսահմանափակվի, իսկ ատելության խոսքի պարագայում չեմ բացառում նման մոտեցումը, որովհետեւ ատելության խոսքի պարագայում փոքր-ինչ դժվար է պատկերացնել, օրինակ՝ նախագահական ելույթների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների կիրառումը: Փոխարենը՝ գերիների վերադարձի հարցում, գերիների հետ վարվելակերպի, գերիների վիճակի մշտադիտարկման մեխանիզմների կիրառման հարցում, ինչպես նաեւ մշակութային ժառանգության պաշտպանության հարցում առավել քան պարզ եւ հստակ մեխանիզմներ հնարավոր է իմպլեմենտացնել, որոնք կկանխեն հետագա խախտումները, եւ մենք լիահույս ենք տեսնել դատարանից կոնկրետ մեխանիզմների պահանջով որոշում, որտեղ կարձանագրվեն հստակ ընթացակարգեր եւ պահանջներ՝ ուղղված Ադրբեջանին։ Միաժամանակ արձանագրենք, որ սա վաղ փուլն է, այսինքն՝ միջանկյալ միջոցի ապահովման փուլն է, այս որոշմամբ չէ, որ վճռվելու է դատարանի ողջ վարույթի վերջնական ելքը։ Հայկական կողմի պահանջների ամբողջական բավարարումից պետք չէ ենթադրել, որ մենք դատական գործը հաղթեցինք եւ, նաեւ հակառակը, եթե նույնիսկ ինչ-ինչ պահանջներ չբավարարվեն, պետք չէ եզրակացնել, որ մենք չենք հաղթելու։ Արդեն նշեցի, որ գործընթացը երկարարաժամկետ գործընթաց է, եւ այստեղ տարիների աշխատանք կա անելու։

– Նկատենք, որ կարեւոր է ոչ միայն միջազգային դատարանի որոշումը, այլեւ պրոցեսն ինքնին, քանի որ այն նպաստելու է միջազգային ճիշտ ընկալումների ձեւավորման վրա։ Տեղեկատվական հարթակն այստեղ, կարծում եմ, մեծ անելիք ունի, սակայն մեդիադաշտի արձագանքը, կարծես, այնքան էլ ոգեւորիչ չէր։

– Սա բարդ գործընթաց է, որը մի քանի հարթություն է շոշափում, թե՚ տեղեկատվական, թե՚ քաղաքական, թե՚ իրավական…այս տեսանկյունից, այո՚, կհամաձայնեմ, որ հայկական լրատվական տիրույթում մի փոքր պասիվությունը տարօրինակ էր, որովհետեւ սա առօրյա իրադարձություն չէ, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան մասշտաբներով, այլ նաեւ համաշխարհային, որովհետեւ այս վճիռը, որը կկայացվի մի քանի տարի հետո, խորին համոզում ունեմ, որ լինելու է միջազգային դատարանի ամենաընթերցված, ամենածավալուն եւ ամենաբովանդակային վճիռներից մեկը: Իսկ ընթացակարգն ինքնին հայկական իրականության համար, պետք է որ, շատ մեծ կարեւորություն ունենար, որովհետեւ սա փորձ է հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմաքաղաքական հարթակից տեղափոխել իրավական հարթակ։

– Ի դեպ, միջազգային դատարաններում լրագրողներին եւս աշխատելու հնարավորություն տրվում է, հայկական պատվիրակության կազմում կայի՞ն լրագրողներ։

-Ոչ, գուցե նաեւ համավարակի սահմանափակումներով էր դա պայմանավարված, բայց, իհարկե, լրագրող կարող էր լինել մեզ հետ, ով կլսեր նույն փաստաբանական թիմի անդամների կարծիքները, լսումների ընթացքը կլուսաբաներ…Սա, ի վերջո, բարձր մակարդակի տեղեկացվածություն կարող էր երաշխավորել, կարող էին լինել լրագրողական վերլուծություններ, հետաքննություններ, որոնք շատ կարեւոր կլինեին լսարանի, հանրային լայն շրջանակներում ընկալումների ձեւավորման տեսանկյունից, առաջ կբերեին նոր, թարմ կարծիքներ, մոտեցումներ, այլ ոչ թե պարզապես խնդիրը կլուսաբանվեր որպես մի թեմա, որը լսվեց ու մոռացվեց մինչեւ մյուս դատական լսումներ։ Գործընթացի կարեւորության թերագնահատում, կամ, գուցե, ուշադրության պակաս, այնուամենայնիվ, հայկական մեդիահարթակում նկատվեց։ Կցանկանայի, որպեսզի հասարակությունը գիտակցեր, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործընթացը համատեղ ջանքեր է պահանջում։ Տարիներ շարունակ ամենատարբեր հարթակներում առանձին-առանձին պայքար ենք մղել. տեղեկատվական պայքար ենք մղել, դիվանագիտական, ռազմական, բայց կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի հակամարտության կարգավորման իրավական կողմին եւս ուշադրություն դարձնենք։

– Ի՞նչ կարող ենք ակնկալել այս դատավարությունից։

– Նախ հասկանանք, որ այս դատավարությունն իրականում տարիներ է տեւելու՝ հինգ, վեց…եթե ոչ ավելի։ Այն լսումները, որոնք տեղի ունեցան Հաագայում, դրանք միջանկյալ միջոցի վերաբերյալ լսումներն էին, կարելի է ասել՝ «հայցի ապահովման միջոցի» կիրառման վերաբերյալ լսումներն էին։ Բնականաբար, մեր ակնկալիքները շատ մեծ են։ Հավանականությունը, որ դատական գործընթացը ավարտի չի հասնի, մոտ է զրոյի։

– Բացի այս հայցից, վերջին պատերազմի համատեքստում այլ իրավական գործընթաց կա՞ այս պահին, կամ նախատեսվո՞ւմ է։

– Եվս երկու գործընթաց արդեն իսկ կա Եվրոպական դատարանում՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հայաստանն ընդդեմ Թուրքիայի։ Եվ, բնականաբար, կան նաեւ այլ կոնվենցիոն մեխանիզմներ, որոնք կարող են գործադրվել։ Կարծում եմ՝ հակառակ կողմն էլ շատ լավ գիտակցում է այդ կոնվենցիոն մեխանիզմների կիրառելիության հավանականությունը։ Խոսքը Պատանդառության դեմ պայքարի 1979թ. կոնվենցիայի, Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ մարզման դեմ 1989թ. կոնվենցիայի եւ Խոշտանգումների, այլ դաժան, անմարդկային, նվաստացուցիչ վարվելակերպի եւ պատժամիջոցների մասին 1984թ. կոնվենցիայի մասին է, ինչու ոչ, նաեւ Ահաբեչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ 1999թ. կոնվենցիայի մասին։ Սրանք այն քիչ կոնվենցիոն գործիքներն են, որոնց կիրառման հեռանկարները բավականին իրատեսական են` հաշվի առնելով հատկապես վերջին պատերազմի իրադարձությունները եւ դրա հետեւանքները։

– Վերադառնանք Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործին։ Արդարադատության պալատում լսումներն ավարտվեցին, ի՞նչ է նախատեսվում դատավարության հաջորդ փուլում։

– Սպասում ենք միջանկյալ միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, որից հետո դատարանը կսահմանի ժամկետներ ամբողջական հուշագրերի ներկայացման համար, հետո կհաջորդեն լսումները դատարանի իրավազորության վերաբերյալ եւ այսպես ըստ դատական կարգի։

Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930