Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերությունը ծաղկեցրել է Դաստակերտը, հանքարդյունաբերության հետեւանքները՝ ամայացրել

Հոկտեմբեր 31,2021 21:30

Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը, որն իր աշխարհագրական դիրքով ու պատմական վայրերով կարող էր տուրիզմի լուրջ ուղղություն լինել, այսօր համարվում է «քաղաք-ուրվական»:

Երբեմնի 4000 բնակիչ ունեցող քաղաքում այսօր մոտ 300 մարդ է ապրում: Հանքարդյունաբերությունը ծաղկեցրել է այս քաղաքը, հանքարդյունաբերության հետեւանքները՝ ամայացրել: Այսօր քաղաքը կարծես ուրվական լինի. շուրջբոլորը լքված կիսավեր շենքեր են, անբարեկարգ փողոցներ, արտադրական գործընթացից մնացած մետաղե ջարդոն:

Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է, գտնվում է Այրի լեռան ստորոտին, Սիսիան խոշորացված համայնքում:

1952 թվականին այստեղ կառուցվել է պղնձամոլիբդենային կոմբինատ եւ բժշկական գործիքների գործարան: Կառուցվել են նաեւ մի քանի տասնյակ բազմաբնակարան շենքեր, եւ քաղաքը սկսել է արագ բնակեցվել Հայաստանի տարբեր շրջաններից:

Այսօր արդեն ո՛չ կոմբինատը կա, ո՛չ բժշկական տեխնիկայի գործարանը, բայց տեղում է կոմբինատի՝ դաստակերտցիների սերունդներին բաժին հասած արտադրական թափոնների պոչամբարը: Այն տեղակայված է քաղաքի ներքեւի հատվածում, որտեղով հոսում է Այրի գետի վտակներից մեկը: Այստեղ դեռ կիսաքանդ վիճակում մնում են նախկին հանքարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքները:

Շրջակա միջավայրի նախարարության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ պոչամբարում, որը զբաղեցնում է 9 հա մակերես, կուտակված է շուրջ 1 միլիոն տոննա խտանյութի մնացորդ:

Տոլորսի ջրամբար

«Իսկ 1 միլիոն տոննա խտանյութի մեջ թունավոր նյութեր են: Այսօր դրանք հանգիստ խառնվում են ջրերին եւ հոսում դեպի Տոլորսի ջրամբար»,-ասում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքով, Դաստակերտի պոչամբարը ո՛չ փակվել է, ո՛չ էլ՝ ռեկուլտիվացվել. «Իսկ դա նշանակում է, որ այս պոչամբարից արտահոսքերը վտակներով գնում են Այրի գետ, որի միջոցով գնում Տոլորսի ջրամբար: Եվ 1975 թվականից սկսած՝ քրոնիկ թունավորում են մեր ջրային թանկարժեք պաշարները: Ինչո՞ւ թանկարժեք, որովհետեւ Տոլորսի ջրամբարը կառուցված է էներգետիկ եւ ոռոգման նպատակներով»:

Ինգա Զարաֆյան

Ինգա Զարաֆյանի խոսքով, 2012 թ․-ին «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ն պետության հետ Դաստակերտի հանքի ընդերքօգտագործման պայմանագիր է կնքում, սակայն ընկերության գործունեությունը սահմանափակվում է պաշարների հետախուզական աշխատանքներով, չապահովելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանվող ընդերքի ողջամիտ եւ համալիր օգտագործումը, խախտելով Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին 6-րդ մասի պահանջները. «Ընկերությունը չի ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը՝ խախտելով Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի եւ ընդերքօգտագործման պայմանագրի պահանջները։ Ազդակիր համայնքի կարգավիճակը կորցնելով, Դաստակերտ համայնքը բավարար չափով չի օգտվել ընկերության կողմից սոցիալական աջակցության միջոցներից»։

Տիկին Զարաֆյանը նաեւ ասաց, որ 2012 թվականից առ 2017 թվականը այդ ընկերությունը չի հաշվարկել եւ չի վճարել բնապահպանական միջոցառումների իրականացման համար պահանջվող բնապահպանական հարկերը. «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումով ներկայացվող՝ հանքի փակման ծրագիրը պետք է ներառի նաեւ խախտված հողերի ռեկուլտիվացիայի, ենթակառուցվածքների ապամոնտաժման, աշխատուժի սոցիալական մեղմացման, մշտադիտարկումների իրականացման, հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքների վերաբերյալ դրույթներ»: Սակայն, ըստ մեր զրուցակցի, ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ ընկերությունը ոչինչ էլ չի կատարել եւ միայն հետազոտական աշխատանքներ է իրականացրել:

Չնայած հանքարդյունաբերության՝ Դաստակերտին ու շրջակա միջավայրին հասցրած վնասին, այստեղ կարոտով են հիշում կոմբինատի աշխատելու տարիները: Դաստակերտի վարչական շրջանի ղեկավար Նաիրի Ֆիլոսյանն ասում է՝ որ հանքը կրկին բացվի, երիտասարդները չեն գնա արտագնա աշխատանքի, կմնան իրենց համայնքում կաշխատեն, կենսամակարդակը կբարձրանա, քաղաքը կրկին շունչ կառնի:

Նաիրի Ֆիլոսյան

Բայց այսօր քաղաքի բնակչության մեծ մասն արտագաղթել է, մնացել են Ադրբեջանից բռնագաղթված բնակիչները եւ մի քանի ընտանիքներ, որոնք անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Երիտասարդները Դաստակերտը լքում են, քանի որ համայնքն անգամ վարելահողեր չունի, միայն տնամերձ այգիներ են:

Հիմնականում այստեղ մնացել են նրանք, որոնք նպաստով ու թոշակով ապրողներ են:

 

Նիկոլայ Ստեփանյանը Դաստակերտի հնաբնակներից է: 93 տարեկան է, բայց կիսավեր տունը չի լքում: Եկող-գնացողին Դաստակերտի մասին գիրքն է ցույց տալիս, որտեղ իր մասին էլ է նշված՝ որպես առաջատար բրիգադիր: 1951 թվականին տեղափոխվել է Դաստակերտ եւ մինչ օրս էլ այստեղ է: Ասում է՝ ժամանակին Դաստակերտում ամեն ինչ էլ եղել է, խանութներ, մշակույթի տուն, ժամանցի վայրեր, այսօր՝ ոչինչ չի մնացել, անգամ խանութ չկա: Ամիսը մեկ-երկու անգամ շրջիկ խանութ է Դաստակերտ գալիս:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031