Հոկտեմբերն աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս․ հատկապես այս ամսվա ընթացքում աշխարհի առողջապահական կազմակերպությունները իրազեկման լայնածավալ միջոցառումներ են իրականացնում՝ փորձելով ավելի ու ավելի շատ մարդկանց տեղեկացնել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ու կանխարգելման կարևորության մասին։
Այն, որ կրծքագեղձի քաղցկեղը լրջագույն մարտահրավեր է՝ ուղղված հատկապես կանանց, փաստում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալները՝
- Կրծքագեղձի քաղցկեղը քաղցկեղի առավել տարածված տարատեսակներից է․ 2020 թ․-ին գրանցվել է այս հիվանդության ավելի քան 2,3 միլիոն դեպք։
- 2020 թ․-ին մոտ 685 000 կին է մահացել կրծքագեղձի քաղցկեղից։
- Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության առավել բարձր մակարդակ ունեն ցածր եկամուտ ունեցող երկրները, իսկ հիվանդությունից մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Աֆրիկայում և Պոլինեզիայում։
Կրծքագեղձի քաղցկեղը հիմնականում զարգանում է գեղձի ծորանների կամ բլթակների էպիթելից և սկզբնական շրջանում կարող է գոյություն ունենալ նախաինվազիվ (in situ) ձևով՝ չառաջացնելով որևէ ախտանշան։ Սակայն ժամանակի ընթացքում այդ նախաինվազիվ չարորակ գոյացությունները կարող են աճել և գրավել կրծքագեղձի ավելի մեծ ծավալով հյուսվածքներ՝ վերածվելով ինվազիվ ձևերի։ Դրանք կարող են ավելի շատ տարածվել՝ ներառելով լիմֆատիկ հանգույցներն ու այլ օրգաններ։
Կարդացեք նաև
Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը բարձր է, երբ այն հայտնաբերվում է վաղ շրջանում։ Այդ հիվանդության բուժումը համադրում է մի շարք միջամտություններ՝ վիրահատական, ճառագայթային և դեղորայքային․ բուժման այդ համալիր մոտեցումը փրկում է կյանքեր։
Ինչպես նշվեց վերևում, 2020 թ․-ին աշխարհում կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել մոտ 2,3 միլիոն կնոջ մոտ, ընդ որում այդ հիվանդությունը խլել է 685 000 մարդու կյանք։ Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են աշխարհի բոլոր երկրներում՝ ցանկացած տարիքի կանայք՝ սեռական հասունության հասնելուց հետո, սակայն հիվանդացության մակարդակն ավելի մեծ է հասուն տարիք ունեցող կանանց շրջանում։
Ի տարբերություն օնկոլոգիական որոշ հիվանդությունների (օրինակ՝ արգանդի վզիկի քաղցկեղի), կրծքագեղձի քաղցկեղը չի առաջանում վիրուսային կամ բակտերիալ վարակների պատճառով։
Կրծքագեղձի քաղցկեղով կարող են հիվանդանալ կանայք, որոնք չունեն հիվանդության զարգացման ռիսկի որոշակի գործոն, բացառությամբ սեռի (իգական) և տարիքի (40-ից բարձր)։ Սակայն որոշ գործոններ մեծացնում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը՝ տարիքը, ճարպակալումը, ալկոհոլի չարաշահումը, ժառանգականությունը, վերարտադրողական պատմությունը (դաշտանը սկսվելու տարիքն ու առաջին հղիության տարիքը), ծխախոտի օգտագործումը, դաշտանադադարի շրջանում հորմոնալ թերապիան և այլն։
Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը նվազեցնող գործոններ են համարվում․
- երկարատև կրծքով կերակրումը,
- կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,
- քաշի վերահսկումը,
- ալկոհոլի չարաշահումից խուսափելը,
- ծխախոտի ծխի ազդեցության բացառումը,
- հորմոնների երկարատև օգտագործումից խուսափելը,
- ճառագայթման ազդեցությունից խուսափելը։
Սեռային պատկանելիությունը (իգական) կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ամենալուրջ ռիսկի գործոնն է։ Տղամարդկանց ընդամենը 0,5–1%-ն է հիվանդանում այս հիվանդությամբ, իսկ նրանց բուժումն իրականացվում է նույն սկզբունքներով, ինչ կանանց դեպքում։
Ավելի հաճախ կրծքագեղձի քաղցկեղն արտահայտվում է կրծքագեղձում անցավ «գնդիկի» կամ կոշտության տեսքով։ Այդպիսի փոփոխություններ հայտնաբերելուց հետո անմիջապես բժշկին դիմելը չափազանց կարևոր է՝ անգամ եթե դրանք ընդհանրապես ցավ չեն պատճառում։ Առաջին իսկ ախտանշանների դեպքում մասնագետին դիմելը նպաստում է ավելի արդյունավետ բուժմանը։
Որպես կանոն, կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ են համարվում հետևյալ դրսևորումները․
- Կրծքագեղձում «գնդիկի» կամ կոշտության առաջացումը,
- կրծքագեղձի չափսի, ձևի փոփոխությունը,
- կրծքագեղձի մաշկի ձգվածությունը, կարմրությունը, խոցերի առաջացումն ու այլ փոփոխությունները,
- պտուկի ձևի կամ տեսքի, հարպտուկային շրջանի փոփոխությունները,
- ոչ նորմալ արտահոսքը կաթնագեղձերից։
Կրծքագեղձում կոշտությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, սակայն այդ գոյացությունների մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը քաղցկեղածին չեն։ Սակայն կանայք պետք է անցնեն մի շարք հետազոտություններ՝ պարզելու համար՝ այդ նորագոյացությունները չարորակ, թե՞ բարորակ բնույթի են։
Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը կարող է շատ արդյունավետ լինել և մինչև 90 տոկոսով ապահովել հիվանդության հաղթահարումը, հատկապես այն դեպքերում, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ շրջանում։ Որպես կանոն բուժումը ներառում է վիրահատական միջամտություն և ճառագայթային թերապիա, ինչպես նաև համակարգված թերապիա՝ դեղորայքային բուժում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ ԱՀԿ