Դիլիջանի նոր կառուցվող եկեղեցում այսօր տեղի ունեցավ Bolorov.am բարեգործական նախաձեռնության միջոցառումը՝ «Քարերը հավաքելու ժամանակն է» կարգախոսի ներքո։
Նախագծի նպատակն է միավորել ամբողջ աշխարհի հայերին, Հայաստանի բարեկամներին և հատկապես դիլիջանցիներին, Դիլիջանում կառուցվող եկեղեցու շուրջ՝ նվիրատվություն կատարելով Bolorov.am առցանց հարթակի միջոցով և ձեռք բերելով անվանական քար իր սերտիֆիկատով, որն այնուհետև կտեղադրվի կառուցվող եկեղեցում։
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա բոլոր այն անցած ճանապարհի պատմությունն է, որ հայ ժողովուրդն ունեցել է․ «Ասում են, որ տունը քարը քարի վրա ենք դնում կառուցելու համար, իսկ մենք ավելացնում ենք ասելով, որ հոգի առ հոգի, քար առ քար, սիրտ առ սիրտ, ձեռք առ ձեռք, հավատք առ հավատք, մեծ սիրո մեջ Աստծո առաջնորդությամբ այս տաճարի կառուցումը ժողովրդի հավաքման խորհուրդը կկարողանա կրել: Լայն իմաստով մենք ենք քանդել մեր տները, Աստծո տաճարները, և Դիլիջանը բացառություն չէ: Այսօր մենք այդ մեղքը պետք է քավենք ու վերստին մեր ձեռքերով կառուցենք: Ես հրավիրում եմ շատ մարդկանց մասնակցելու այս նախաձեռնությանը, դրանով իրենց հավատարմությունը հայտնելու թե՛ անցյալին, թե՛ ներկային և թե՛, հատկապես, գալիքին»:
Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն էլ իր հերթին ևս մեկ անգամ շեշտեց, որ ապագան կարող է իսկապես փայլուն, երջանիկ և բարգավաճ լինել այն դեպքում, երբ բոլորը հասկանան, որ միայն իրենք են պատասխանատու ապագայի համար․ «Մենք պետք է հասկանանք, որ մեր պատասխանատվությունը միայն լավ ճանապարհների և լավ շենքերի մեջ չէ, այլ հոգևոր աշխարհի վերածնունդն է: Այդ վերածնունդը սկսում է փոքր քայլերից, սիմվոլիկ մի քարը նշանակում է, որ մենք բոլորս միասին ենք և փորձում ենք փոխել ինչ-որ բան:
Կարևոր է, որ այս եկեղեցին կառուցեք միասին և ոչ միայն ասեն, որ այն կառուցել է Ռուբեն Վարդանյանը իր ընկերների հետ, այլ կառուցել են բոլոր դիլիջանցիները՝ այստեղ, թե դրսում, նաև Դիլիջանի ընկերները:
Եկեղեցին շենքը չէ, այլ հավատն է, եկեղեցն այն հոգևոր միջավայրն է, որը ստեղծում է բոլորի տունը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այստեղ հոգին զգանք, քանի որ քարերն ու բետոնը կառուցվում և փլվում են, իսկ հոգին միշտ մնում է»:
Նախաձեռնության հեղինակներից «Իմպուլս մենեջմենթ» կազմակերպության ղեկավար Հրանտ Բաբասյանը նշեց, որ Bolorov.am բարեգործական նախաձեռնության կայքը ամբողջությամբ կգործի մյուս տարվա սկզբից, իսկ մինչ այդ բոլոր ցանկացողները կարող են իրենց անվանական քարերը գնել Դիլիջանի ինֆորմացիոն կենտրոնից, իսկ կայքում մինչ այդ կլինի նաև նվիրաբերման կոճակ, որով ցանկացած գումար հնարավոր կլինի նվիրաբերել եկեղեցու կառուցման համար.
«Կայքում հնարավոր կլինի տեղեկություն ստանալ եկեղեցու մասին, անվանական քար գնել օնլայն տարբերակով, որի շնորհիվ աշխարհի տարբեր վայրերում գտնվող մարդիկ կկարողանան իրենց անվանական քարը գնել ու իրենց ներդրումն ունենալ եկեղեցու կառուցման գործում»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ