Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հաշվարկներ կան, որ ուժգին երկրաշարժի դեպքում Երեւանում կարող է 300 000 մարդ մահանալ»․ Ալեն Ամիրխանյան

Հոկտեմբեր 31,2021 17:54

«Իրականում ՀՀ-ում, Երեւանում կառուցապատման հսկա պահանջ կա։ Առաջնահերթ դա կապված է շենքերի՝ սեյսմիկ նորմերին համապատասխանության հետ։ Այսինքն, եթե դիտարկենք հայ եւ ճապոնացի մասնագետների վերջին հետազոտությունները, ապա պարզ կլինի, որ մեր բնակֆոնդի 70%-ը պատշաճ վիճակում չէ եւ 7 բալանոց երկրաշարժի դեպքում աղետալի հետեւանքների է ենթարկվելու»,- Urbanlab.am-ի կազմակերպած՝ «Ալտ ուրբան ֆորումի» ժամանակ այսօր հայտարարեց «Electric Architects» նախագծային արվեստանոցի հիմնադիր, ճարտարապետ Մարիաննա Կարապետյանը։

Նրա բնորոշմամբ․ «Մի կողմից լավ է, որ ունենանք ապահով բնակֆոնդ, մյուս կողմից էլ հսկայական խնդիրներ կան՝ գործընթացի արագության հետ կապված։ Շատ արագ է շինարարությունը տեղի ունենում՝ անկանխատեսելի, անկառավարելի։ Որքան էլ կողմերը ջանք գործադրեն, փաստացի, դա անհնար է, որովհետեւ աղետալի ժառանգություն ենք ստացել եւ հիմա ստիպված ենք կողմնորոշվել՝ ի՞նչ անել այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են ներդրում անել եւ զարգացնել մեր բնակֆոնդը, եւ մյուս կողմից, ինչպե՞ս դա դնել այն հունի վրա, որը մեզ պետք է»։

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» տնօրեն, քաղաքային պլանավորման մասնագետ Ալեն Ամիրխանյանն էլ շեշտեց՝ շինարարությունը պետք չէ թշնամի համարել, որովհետեւ այո, շենքերի անվտանգության մեծ խնդիր ունենք․ «Հաշվարկներ կան, որ ուժգին երկրաշարժի դեպքում կարող է 300 000 մարդ մահանալ Երեւանում։ Դրա համար պետք է պատրաստվել եւ անցումային գործընթաց ունենալ։ Մյուս կողմից, եթե ճարտարապետներին հարցնես, թե արտակարգ իրավիճակներում թաղամասն ինչպես պետք է հասանելի դառնա, չեն կարող պատասխանել։ Ճարտարապետը չի կարող նման հարցեր լուծել, ուստի պլանավորումն ավելի լայն հասկացողություն է»։

Ալեն Ամիրխանյանը խոսեց նաեւ քաղաքաշինության եւ տրանսպորտի կազմակերպման սխալ պլանավորումից՝ որպես օրինակ բերելով «Դալմա» առեւտրի կենտրոնի հարակից բնակելի թաղամասը․ «Առեւտրի կենտրոնի մոտ խցանումներ են, եւ դա սխալ պլանավորման հետեւանք է։ ՀՀ-ում տրանսպորտի պլանավորում գոյություն չունի։ Երբ քաղաքապետարանում տրանսպորտի պլանավորման մասին ես խոսում, իրենք երթուղայինների գծերից են խոսում։ Շատ մեծ բացեր կան, որոնց վերեւից կարգավորումը դժվար եմ պատկերացնում։ Նաեւ հանրային ճնշում պետք է լինի։ Կրթված, գիտակ սերունդը պետք է ասի, որ չի ուզում Խանջյանից Մոսկովյան փողոց հասնել կես ժամում»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031