Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում օրերս դաշնամուրային երաժշտության համերգ էր՝ նվիրված Բեթհովենի ծննդյան 250-ամյակին։
Դաշնակահար Տիգրան Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած անվանի երգահանի 250-ամյակը լրացել է անցած տարի՝ 2020թ.-ին, բայց համերգաշարը հնարավորություն եղավ իրականացնել այս տարի։ «Նախ կորոնավարակն էր, հետո՝ պատերազմը։ Այս տարի որոշեցի կյանքի կոչել ծրագիրը, Կապանից հետո՝ Գյումրի, Երեւան, ուզում եմ բոլոր մարզկենտրոններում ներկայացնել ծրագիրը»,-ասում է Տիգրանը։ Ի դեպ, անցած տարի, երբ հետաձգվեց համերգային շրջագայությունը, Բեթհովենի սոնատները ներկայացրեց առցանց համերգով։
«Բեթհովենն ինձ համար Աստծո մի մասնիկն է։ Արդյո՞ք պարզապես կոմպոզիտոր լինելով կարելի է ստեղծել 9-րդ սիմֆոնիա, չէ՞ որ դա տիեզերքի արարումն է։ Նա ինձ համար սիրո, խաղաղության և ներդաշնակության մոլորակ է, ես ապրում եմ այդ մոլորակում»,-ասում է Տիգրան Սարգսյանը։
Կարդացեք նաև
Համերգային ծրագրում Բեթհովենի չորս սոնատներն են․ №8՝ «Պաթետիկ»-ը, №14՝ «Սոնատ ֆանտազիա» -ն, որը հանրահայտ «Լուսնի սոնատն» է, №17՝ «Փոթորիկ»-ը, №23 «Ապպասսիոնատա»-ն։ Կապանում անվանի դաշնակահարը ներկայացրեց «Լուսնի սոնատ»-ն ու «Ապպասսիոնատա»-ն։
Տիգրանի խոսքով՝ պատահական չէ, որ «Բեթհովեն-250» համերգաշրջանը որոշեց սկսել Կապանից։ «Ընդհանրապես, Սյունիքը ինձ համար Հայաստանի ծննդավայրն է։ Իսկ կապանցին` այդ ծննդավայրի արժանի զավակը»,-ասում է Տիգրան Սարգսյանը։
Կապանում մի քանի անգամ եղել է, բայց առաջին անգամ էր համերգային ծրագրով ներկայանում կապանցուն։ «Չնայած այն հանգամանքին, որ դահլիճը չէր ջեռուցվում ու փոքր-ինչ ցրտոտ էր, Կապանի հանդիսատեսն իր չդադարող ծափահարություններով ջերմացրեց թե՛ դահլիճը, թե՛ ինձ ու ստիպված ես, մեծ հաճույքով կրկին մոտեցա գործիքին և նվագեցի Բեթհովենի «Փոթորիկ» սոնատի 3-րդ մասը, որը նախատեսված չէր ծրագրով»,-ասում է Տիգրան Սարգսյանը։
Կապանյան համերգին աջակցել էր Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։
Հ․Գ․ Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Գյումրիում նախատեսված համերգը համավարակի պատճառով հետաձգվել է, իսկ Երեւանում կկայանա նոյեմբերի 3-ին՝ «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտում։
Համերգից մի հատված՝ այստեղ
Արմեն ԴԱՎԹՅԱՆ