Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի սրահում վաղ առավոտից հայտարարվել է պատվաստման օր։ Հետաքրքիրն այն է, որ չնայած անձրևային եղանակին՝ պատվաստման մեծ հերթեր էին գոյացել։ Պատվաստման էին եկել նաև տարեց մարդիկ՝ 83, 85 տարեկան՝ սպասելով դրսում՝ իրենց հերթին։
Միջոցառումն իրականացվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ։
Ըստ Գյումրի ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի, միջոցառման առաջին 30 րոպեի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստվել է 34 քաղաքացի, հերթագրվել 129-ը։
Առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը։
Կարդացեք նաև
Գյումրու առողջապահական հիմնարկներում շրջայցի եկած ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս մի պահ ներկա է գտնվել «Պատվաստումների օր Գյումրիում» խորագիրը կրող միջոցառմանը։
Նախարարը նշել է, որ ամենալավ գնահատականը դրսում սպասող քաղաքացիների հերթն է։
«Իսկապես մեծ աժիոտաժ կա, մարդիկ ուզում են գալ օր առաջ պատվաստվելու։ Սա՛ է մեր նպատակը, որ օր առաջ շատ քաղաքացիներ գան պատվաստվեն, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիներն։
Գիտեք, բա՛վ է՝ մենք մարդկանց կորցնենք։ Ամեն օր ցավ ենք ապրում, երբ որ չի հաջողվում մարդկանց կյանքը փրկել։ Կրկնակի ցավ է պատճառում, որ ունենալով կանխարգելման միջոցը՝ կորցնում ենք մարդկանց։
Սիրելի՛ գյումրեցիներ, քաջալերում եմ, եթե ոչ այսօր, վաղը ցանկացած ժամի մոտեցեք պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, պատվաստվեք»,-հորդորեց նախարարը։
Նա նշեց, որ քննարկում են սահմանափակումների ռեժիմը խստացնելու հարցը, քանի որ հիվանդանոցային ֆոնդը սպառված վիճակում է, բուժաշխատողները ծայրահեղ ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում։ Այդ պատճառով, ըստ նախարարի, նոյեմբերի 1-ից դրսում դիմակներ կրելու պահանջը կմտնի ուժի մեջ։
Նախարարը նշեց, որ հիվանդանոց պառկելու իրենց հերթին սպասում են 300 քաղաքացի, վերջին շաբաթվա ընթացքում 20 հազարից ավելի պատվաստում են արել ողջ հանրապետությունում։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ պատվաստվել են Շիրակի մարզի բնակիչների մոտ 22 տոկոսը՝ 38 հազար քաղաքացի։
Ըստ նրա, պատվաստված են մարզի բուժաշխատողների 85,8 տոկոսը, մանկավարժների 89, 4 տոկոսը, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների 67, 2 տոկոսը։
Լեյլի Ասլանյանը նաև տեղեկացրել էր, որ պատվաստման համար քաղաքի բանուկ հատվածը ընտրելը պատահական չէ, կիրակի օրը շատ զբոսաշրջիկներ կան, նաև մեծ թվով գյումրեցիներ են հանգստի օրերին զբոսնում Վարդանանց հրապարակում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ