Urbanlab.am-ի կազմակերպած՝ «Ալտ ուրբան ֆորումի» ժամանակ այսօր ներկա քաղաքացիներից մեկը, դիմելով բանախոսներին, համոզմունք հայտնեց, որ ֆունկցիոնալ կառույցները, օրինակ՝ «Հրազդան» մարզադաշտը, պետք է քանդվեն, որովհետեւ ժամանակի պահանջներին չեն համապատասխանում, չեն կատարում իրենց գործառույթը։
Արվեստագետ Ռուբեն Արեւշատյանն այսպես արձագանքեց․ «Համաձայն եմ, որ Երեւանում կան շատ ֆունկցիոնալ կառույցներ։ Այլ է հարցը, թե այդ գործառույթը որքանով է համապատասխանում ժամանակաշրջանի գերակա պատկերացումներին։ Լավագույն օրինակներից է մի մոռացված կառույց՝ Չարենցի փողոցի վրա գտնվող «Դինամո» լողավազանի կառույցը։ Տարիներ շարունակ գտնվում է կիսավեր վիճակում։ Եթե իրական պատմական ավերակ եք ուզում տեսնել, կարող եք գնալ տեսնել։ Մեթոդաբար անցկացվում է այդ կառույցի ավերականացումը։ Վաղը մյուս օրը հաստատ մեջտեղ է գալու խնդիր, որ այդ կառույցը կորսված է, հնարավոր չէ վերականգնել, տարածքը թանկ է, ավելի ձեռնտու է վաճառել ու տեղը շենք սարքել․․․ Այն մարզական կառույց է»։
Արեւշատյանը հիշեցրեց, որ Չարենցի փողոցն ուներ մեկ այլ բացօթյա լողավազան, որը վերակառուցվեց եւ դարձավ էլիտար մարզահամալիր․ «Կողքին կային նաեւ թենիսի կորտեր։ Դա միակ համալիրն էր, որը դեռեւս Թամանյանի նախագծի տրամաբանության մեջ էր դիտարկված՝ որպես կրթական, մարզական նշանակության կառույց։ Մի քանի լողավազանը պետք է սպասարկեին նաեւ հարակից շրջանները։ Խտությունը պարզ է։ Սակայն երեսուն տարում ամենամեծ փոփոխությունը, որը եղավ, հանրային նշանակության կառույցների գործառույթների դասակարգումն էր։ Սպորտը դարձավ էլիտար զբաղմունք։ Տարածքն այլեւս բաց չէ, բոլորը չեն կարող մուտք գործել․ այն դարձավ փակ, սպորտային համալիր։ Արդեն պարզ է, թե ավերակի ճակատագիրն ինչ կլինի»։
Ռուբեն Արեւշատյանի խոսքով՝ ցավոք, հասարակությունը չի գիտակցում, թե հանրային բարիք ունեցող շինության գործառույթը որքան կարեւոր է․ «Այդ խնդիրը դիտարկելուց հետո միայն հնարավոր է անցնել գործնական խնդիրներին»։
Կարդացեք նաև
Ճարտարապետ Արսեն Կարապետյանն էլ ասաց՝ հարց է առաջանում, թե ինչպես են ֆունկցիոնալ կառույցները հայտնվել սեփականատերերի ձեռքում․ «Միանշանակ, դրանք նվիրվել են։ Մեկ այլ օրինակ՝ «Դինամո» մարզադաշտը ծածկ ունենալու շնորհիվ հիմա քիչ թե շատ ծառայում է հանրությանը։ Իսկ «Հրազդան» մարզադաշտը․․․ Վստահ եմ, որ մեր հարեւան երկու պետությունները վերակառուցելու լուծում կգտնեին։ Այլ է հարցը՝ մեզ պե՞տք է մարզադաշտ։ Եթե պետք չէ, համաձայն եմ, որ քանդեն, տեղը հող լցնեն, շենքեր սարքեն։ Բայց կարծում եմ, որ պետք է, եւ փոքր են հարցերը, թե ինչպես պետք է գումար գտնել։ Ամենամեծ հարցն այն է, որ մարզադաշտը սեփականատեր ունի։ Նույնը եւ «Ռոսիա» կինոթատրոնը։ Ինչպե՞ս կարելի էր այն վերցնել-տալ մեկին, որը չի ունեցել ներդրումային գաղափար, բայց այդ թաղամասի տերն ու տիրակալն է եղել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ