Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին անգամ կայացել է Հայաստանի կինոգործիչների միության պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխությունը

Հոկտեմբեր 31,2021 14:05

Հոկտեմբերի 30-ին Կինոյի տանը տեղի է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ, բեմանկարիչներ, օպերատորներ և ֆիլմերի ստեղծմանը մասնակցող այլ մասնագետներ:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ գիլդիաներ ստեղծելը մեծ երազանք էր: Նա ավելացրեց, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկու տարին մեկ անգամ: «Կինոյի ոլորտի մարդիկ առաջներում շատ քիչ էին հանդիպում, իսկ այսօր բոլորը միասին են, որի համար ուրախ եմ»,-ասել է Հարություն Խաչատրյանը:

Մրցանակաբաշխության կանոնակարգով մրցույթին մասնակցում էին բացառապես գիլդիայի անդամները, այն անձինք, որոնք մասնակցություն են ունեցել կոնկրետ 2018, 2019 և 2020 թվականներին արտադրված ֆիլմերում: Առաջին մրցանակաբաշխության համար որոշվել է ընտրել այդ երեք տարիները:

Ամեն գիլդիա ինքն է սահմանել քվեարկության ձևն ու ընտրել լավագույններին:

Կինոպրոդյուսերների գիլդիայի համանախագահները Կարեն Ղազարյանն ու Արման Միտոյանն էին: «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգին արժանացավ Արման Միտոյանը՝ «Անհայտ բաժանորդ» ֆիլմի համար:

«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Նոր տարվա գոճի» ֆիլմի պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը, իսկ «Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգին արժանացավ «Հենրի Մալյան. ես գիտեմ մարդուն» ֆիլմի պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանը:

«Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգը բաժին հասավ Արման Միտոյանին՝ «Անատոլիական պատմություն» ֆիլմի համար:

Այնուհետև բեմ բարձրացան կինոսցենարիստների գիլդիայի նախագահ, կինոսցենարիստ Լևոն Գալստյանն ու դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը:
«Ցավոք, կինոդրամատուրգները շատ պասիվ գտնվեցին»,-նշել է Լևոն Գալստյանը՝ ավելացնելով, որ արդյունքում ունեն մեկ մրցանակ:

«Այո, ինչպես նշեց պարոն Գալստյանը, ակտիվ չեն եղել սցենարիստները, բայց կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը խթան կհանդիսանա, որ նրանք հասկանան ու համոզվեն, որ սցենարիստի մասնագիտությունն ըստ էության ամենակարևորներից է, որովհետև բառից է սկսվում և՛ կինոն, և՛ թատրոնը, առհասարակ հիմքում դրամատուրգիան է»,-իր ելույթում ընդգծել է թատերագետ, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը:

«Խաղարկային ֆիլմի լավագույն սցենարիստ» անվանակարգին արժանացան «Էրկեն կիշեր» ֆիլմի սցենարիստներ Էդգար Բաղդասարյանն ու Քնարիկ Միրզոյանը:

Կինոռեժիսորների գիլդիան ղեկավարում է Միքայել Դովլաթյանը, որի հետ բեմ բարձրացավ նաև գիլդիայի փոխնախագահ Արման Երիցյանը, որը և մրցանակները հանձնեց:

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգը շնորհվեց Էդգար Բաղդասարյանին, իսկ «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգը` վերջինիս որդուն՝ Ալեքսանդր Բաղդասարյանին:

«Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգին արժանացավ Թամարա Ստեփանյանը, իսկ «Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Դավիթ Բաբայանը:

Կինոօպերատորների գիլդիայի նախագահը Վահագն Տեր-Հակոբյանն է, իսկ մրցանակները հանձնեց գեղանկարիչ Գագիկ Ղազանչյանը:

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր» անվանակարգը շնորհվեց Սուրեն Թադևոսյանին՝ «Էրկեն կիշեր» ֆիլմի համար:

Արթուր Ուստյանն էլ «Որբություն» ֆիլմի համար արժանացավ «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր» անվանակարգին: Իսկ «Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր» անվանակարգն էլ բաժին հասավ Արթուր Ղարայանին, «Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր» անվանակարգն էլ Միհրան Ստեփանյանինն էր՝ «Թողություն» ֆիլմի համար:

Կինոնկարիչների գիլդիան գլխավորում է Արմեն Ղազարյանը, իսկ մրցանակները հանձնեց Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

«Այնքան հուզված եմ, որ մեր կինոյի տունը նորից վերադարձավ մեզ, որովհետև հիշում եմ, որ բոլոր ֆիլմերի առաջին դիտումները լինում էին հենց այստեղ՝ Կինոյի տանը,-ասել է Արմեն Ղազարյանը՝ շարունակելով,-Մեր գիլդիայի մեջ մի փոքրիկ նորություն կա՝ պետք է անպայման գնահատվեն հագուստի նկարիչներն ու գրիմյորները, որովհետև ոչ մի մրցանակաբաշխություն չունենք, որտեղ գնահատվեն այդ մեծ ու տիտանական աշխատանք կատարող մասնագետները»:

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար» անվանակարգին արժանացավ Անահիտ Աղաջանյանը, «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն հագուստի նկարիչ» անվանակարգը շնորհվեց Կարինե Աթանյանին, իսկ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն բեմադրող-նկարիչ» անվանակարգը Արմեն Ղազարյանինն է՝ «Լորիկ» ֆիլմի համար:

Կինոլրագրողների և կինոգետների գիլդիան ղեկավարում է Սուսաննա Հարությունյանը, իսկ մրցանակները հանձնեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

«Երևի թե կինոգետները ամենախիստ մարդիկ են, դրա համար մենք երկար մտածեցինք անվանակարգերի շուրջ: Տարբեր առաջարկներ կային: Որոշեցինք այս առաջին մրցանակաբաշխությունը նվիրել մեր ավագ ընկերներին»,-նշել է Սուսաննա Հարությունյանը:

Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրատարակված գրքերի համար պատվավոր մրցանակներ ստացան կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյանը և կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը:

Երեկոյի ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես եկավ Առնո Բաբաջանյանի «Էքսպրոմտ» դաշնամուրային կատարմամբ:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nora says:

    Շատ հաճելի եւ խրախուսիչ երեկո էր։ Բայց այստեղ մեծ բացական եղավ դերասանների գիլդյան։ ԱՄՆ-ում կան՝ Screen Actors Guild-ը եւ Actors Equity-ն, Անգլիայում՝ British Equity-ն, եւ այսպես այլ երկրներում իրենց տեղվույն տարբերակները։ Իսկ Հայաստանում՝ թվում է թե դերասանը կինոյի ամենա անկարեւոր մասնիկն է։ Ուր՞ էր դերասանների գիլդյան։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031