Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2018թ․-ին, երբ մեր սերնդի ներկայացուցիչները դարձան որոշումների ընդունման մաս, ցավոք, ոչ մի բան չփոխվեց»․ Սարհատ Պետրոսյան

Հոկտեմբեր 31,2021 12:35

«Խնդիրներից առաջինը քաղաքային պլանավորում բնագավառի կայացումն է։  Երկրորդը․ վերաարժեվորման գործընթացում 10-15  տարի առաջ խոսում էինք պայմանական Կոնդի պահպանության անհրաժեշտության մասին, բոլորը ծիծաղում էին։ Այսօր բոլորը պահպանում են Կոնդը։ Ընդ որում, որեւէ մեկը չգիտի, թե ինչպես են պահպանում»,-Urbanlab.am-ի կազմակերպած՝ «Ալտ ուրբան ֆորումի» ժամանակ այսօր հայտարարեց Urbanlab.am-ի հիմնադիր, ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը։

«Կոնդի շուրջ ընթացող գործընթացները ավելի լավ է չլինեին, քան լինեին։ Բայց դա չի նշանակում, թե մենք այս ճանապարհն իզուր ենք անցել։ Մենք ունեցել ենք կիսահաղթանակներ, կարողացել օրակարգ սահմանել, բայց, ցավոք, շատ քիչ արդյունքի ենք հասել։ Այս գործընթացներից 15 տարի անց կարծում ենք, որ պետք է վերանայենք կատարվածը»,-նշեց նա։

Սարհատ Պետրոսյանի խոսքով․ «Շատ կարեւոր  է, որ ապաճարտարապետականացնենք քաղաքային պլանավորումը։ Այսօր շատ ենք տեսնում, որ շատերն ուրախանում են, որ ՀՀ-ում զարգանում է շինարարությունը, իսկ Երեւանում երեք անգամ ավելի շատ շենքեր են կառուցվում։ Բայց արդյոք երեք անգամ ավելի շատ ճանապարհներ կառուցվո՞ւմ են, այգիներ կառուցվո՞ւմ են, որեւէ մեկը մտածո՞ւմ է, թե այսքան շատ կառուցապատման արդյունքում ինչ կլինի Դավիթաշենի կամրջի, Կոմիտասի պողոտայի հետ։ Որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ Դալմայի այգու կառուցապատմամբ այդ նոր թաղամասը 30  հազար բնակիչ կունենա՝ առանց դպրոցի։ Ի՞նչ տեղի կունենա դպրոցի ժամին․․․»։

Սարհատ Պետրոսյանը բոլոր նրանց, ովքեր ասում են, թե մասնագետներ չկան, խորհուրդ տվեց ճանաչել Urbanlab.am-ի մասնագետներին, լսել ու կարդալ նրանց՝ բացահայտելու համար ֆանտաստիկ ներուժը, որը, ցավոք, հաշվի չի առնվում որոշումների ընդունման տրամաբանությունում։ «Կարծում էի, որ սերնդափոխության դեպքում կունենանք այլ իրավիճակ։ Ցավոք, այդպես չեղավ։ 2018թ․-ի այսպես կոչված հեղափոխությունից հետո, երբ ողջ երկրում տեղի ունեցավ սերնդափոխություն, իսկ վերջին մեկ-երկու տարում՝ Երեւանի քաղաքապետարանում, եւ մեր սերնդի ներկայացուցիչները դարձան որոշումների ընդունման մաս, ցավոք, ոչ մի բան չփոխվեց։ Ավելին՝ եռապատկված շինարարությունը բերում է նոր մարտահրավերներ։ Արդյոք պատրա՞ստ ենք այդ մարտահրավերներին։ Կարծում եմ՝ եթե պատրաստված ենք, ապա այդ պատրաստվածությունն այսօր այս քննարկման դահլիճում է»,-համոզմունք հայտնեց Սարհատ Պետրոսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031