ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ինչպես խոստացել էր, այսօր մանրամասներ ներկայացրեց անցած տարի հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների մասին։
ԱԺ-ում հոկտեմբերի 28-ին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին ի պատասխան, Փաշինյանը հիշեցրել էր հոկտեմբերի 19-ի հայտնի հանդիպումը, եւ նշելով ՀՅԴ-ի ներկայացուցչի անունը, ասել էր՝ երբ ինքն ասում էր այս գնով պետք է կանգնեցնենք պատերազմը, ձեր ներկայացուցիչն ասել է՝ բա այդպես ո՞նց կլինի, եւ այլն։
«Իհարկե, դա ասել եմ»,-այսօր հրապարակած իր հայտարարության մեջ ասաց Սաղաթելյանը, ապա որոշ մանրամասներ ներկայացրեց հանդիպումներից։
ՀՅԴ ներկայացուցիչները Փաշինյանի հետ երկու փակ հանդիպում են ունեցել պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 1-ին եւ հոկտեմբերի 7-ին։
Կարդացեք նաև
Հանդիպումներից մեկի ժամանակ, ինչպես վստահեցրեց Սաղաթելյանը, Փաշինյանին առաջարկվել է բոլոր զինվորականներին, որոնց իշխանությունը համարում է նախկին, ներգրավել հայրենիքի պաշտպանության գործին, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է՝ չի խառնվում բանակի գործերին։ «Սա մեկ փաստ է, որ ինքը այդ հանդիպման ժամանակ ստել է։ Բազմաթիվ փաստեր տեսանք, թե ինչպես է միջամտել բանակի գործողություններին եւ ուղիղ ցուցումներ տվել»,-ասաց Սաղաթելյանը։
Հանդիպման ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչները Փաշինյանին հայտնել են թիկունքի անկազմակերպ վիճակի մասին, ինչպես նաեւՍաղաթելյանի խոսքով ասած՝ ՄՈԲ-ի խայտառակ վիճակի մասին։
«Երկրորդ հանդիպման ժամանակ մենք անընդհատ հարցրել ենք՝ ո՞րն է զինադադարի գինը, արդյոք կա՞ն բանակցություններ։ Երբ հարցրեցինք զինադադարի ի՞նչ հնարավորություն կա, Փաշինյանը հստակ ասաց՝ դե, պետք է մեր բանակը լայնածավալ հարված հասցնի թշնամուն եւ դրանից հետո նոր տեղի կունենան բանակցություններ։ Հարցրեցի՝ արդյոք դուք այդ հնարավորությունը քննարկել եք մեր բանակի հետ եւ արդյոք այս իրավիճակում մեր բանակը կարող է լայնածավալ հակահարված տալ։ Ասաց՝ նման հարցերը չեն քննարկվում, պետք է հանձնարարել, եւ բանակը կանի»։
Հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը, ըստ Սաղաթելյանի, Փաշինյանը ներկայացրել է իրավիճակը, ասել՝ ունենք կորուստներ, այս պահին թշնամու տրամադրության տակ է Թալիշը, Մատաղիսը, կորուստներ կան հարավային շրջանում, եւ ասել է, որ մարտեր են գնում Հադրութի շրջակայքում։ «Ընդհատեցի նրան եւ ասացի՝ ճիշտ չեք ասում, Հադրութն այս պահին հանձնված է եւ գտնվում է թշնամու տիրապետության տակ։ Ինքն էլ ասաց՝ որտեղի՞ց ձեզ այդ տեղեկությունը, ձեր կուսակցականնե՞րն են ասել։ Ապա հրավիրեց իր օգնականներից մեկին, ականջին ինչ-որ բան ասաց, կես ժամ հետո եկավ մի փաստաթուղթ կարդաց, որ զեկուցում ենք, որ այս պահին Հադրութում տեղի են ունենում մարտեր։ Ասացի՝ չգիտեմ ինչ են զեկուցում, պնդում եմ՝ Հադրութը հանձնված է։ Ես ասել եմ Դաշնակցության տեսակետը՝ արյան մինչեւ վերջին կաթիլը կռվելու ենք։ Ասել եմ՝ եթե այս պատերազմում մենք հաղթենք՝ բոլոր դափնիները քոնն են եւ քո թիմինը, բայց եթե պարտվենք՝ ամբողջ պատասխանատվությունը քո վրա է, եւ չփորձես մեղավորներ գտնես»։
Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանն էլ, ըստ Սաղաթելյանի, Փաշինյանն իր խոսքը սկսել է, թե իրավիճակը ծանր է, բազմաթիվ կորուստներ ունենք, Արցախի նախագահն է զանգել իրեն եւ ասել, որ իրեն դիմել են Արցախի նախկին նախագահները եւ Սերժ Սարգսյանը, Արցախի խորհրդարանի բոլոր ուժերը եւ առաջարկել՝ գնալ բանակցությունների, գտնել ելքեր նախկինում քննարկված տարբերակի շուրջ եւ հասնել զինադադարի։
«Հետո նա ասաց՝ ես ունեմ առաջարկ պատերազմը կանգնեցնելու եւ դրա գինը 5+2 շրջանը հանձնելն է։ Ասաց, որ այլ ելք չկա։ Ես ասացի՝ գոնե կարգավիճակի հարց կա՞ , ասաց՝ ոչ։ Խոսքի մեջ նման մի արտահայտություն արեց՝ դե, Լավրովյան պլանը պլյուս-մինուս էս կողմ, էն կողմ․․․ Ես ասել եմ՝ գնում ես ստորագրես կապիտուլյացիայի փաստաթուղթ ու երկիրը բերել կանգնեցրել ես աղետի առաջ։ Ինքն ասաց՝ սա է իրականությունը, ես լավ ժառանգություն չեմ ստացել, էլի նախկին բանակցություններից խոսեց։ Ես ասել եմ՝ խնդրում եմ՝ լրջացեք, գտեք որեւէ լուծում, օգտագործեք բոլոր ջանքերը, ժողովուրդը ձեր հետ է, այդ կապիտուլյացիան մեր պետականության կորուստն է։ Սա է եղել այդ հանդիպման ընթացքում ՀՅԴ դիրքորոշումը։ Հանդիպումից հետո լայվով ասել եմ՝ մեր տեսակետը չի փոխվել՝ առանց կարգավիճակի հարցը չի կարող լուծվել, զիջումները մեզ տանելու են կործանման։ Սա մշտապես ասել ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ