Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի լրագրողական չհրապարակված մանրամասներից

Հոկտեմբեր 31,2021 09:30

Որքան էլ ողբերգական էր 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարվածը, երբ զինյալ ահաբեկիչները մտան Ազգային ժողով ու գնդակահարեցին վարչապետին, ԱԺ նախագահին ու փոխնախագահներին, նախարարի եւ պատգամավորների՝ առանձին դիպվածներ կան, որոնք հիշելիս չեմ կարողանում թաքցնել դառը ժպիտը:

Ասենք, նման հակասական զգացումներ է առաջացնում այն ժամանակ «Ազգի» թղթակից Նարինե Դիլբարյանի բացականչության մասին վերհուշը: Տեսնելով, թե ինչպես է ահաբեկիչ Կարեն Հունանյանը ատրճանակն ուղղել ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար Ստեփան Մնացականյանի գլխին՝ Նարինեն գոռաց. «Ստեփան Մնացականյանն է, ինտելիգենտ մարդ է, ինչո՞ւ ես կրակում»…

Տեղն է բացատրել, որ Նարինե Դիլբարյանը նստում էր լրագրողների օթյակի երկրորդ շարքում (այն ժամանակ պատգամավորների եւ մամուլի հատվածները միմյանցից բաժանված էին ընդամենը մի անցումով): Երկրորդ շարքում բավական խիտ էին նստած, ու երբ պառկեցին՝ շարքի գրեթե վերջում նստած Դիլբարյանի համար այլեւս տեղ չմնաց: Ու կիսաթեքված վիճակում՝ նա տեսնում էր կատարվողն եւ բուռն արձագանքում…

Այն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Խաչատրյանը հետո ինձ ասաց, թե ինչ խելոք ենք ես ու դու՝ նստում ենք վերեւում, շարքում՝ մենակ, քեզ համար հանգիստ պառկիր…

Ռուզան Խաչատրյանն ընդհանրապես չէր մնում կառավարության հետ հարցուպատասխաններին: Դրանք ավարտվում էին արդեն այնժամ, երբ «Ազատությունը» եթերում պետք է լիներ, եւ ռեպորտաժը պատրաստելու ժամանակ չէր մնա: Բայց 1999 թվականի հոկտեմբերի 27-ը մինչեւ ժամը 17-ը շատ տարտամ ու ձանձրալի օր էր լրագրողական աշխատանքի համար: Ասենք, քննարկվում էր «Բուսական աշխարհի» մասին օրենքի նախագիծը: Եվ Ռուզանը համոզեց ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավարներին, որ մնա հարցուպատասխանին՝ հուսալով, որ կհաջողեցնի հարցազրույց անել ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, որն այդ օրը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթին:

Եվ գրեթե ընդհուպ մինչեւ այն պահը, երբ Նաիրի Հունանյանը եւ իր հանցակիցները ներխուժեցին նիստերի դահլիճ՝ Ռուզանը շուռ էր գալիս դեպի ինձ ու ասում, թե այսօր իր երազանքը իրականացել է՝ վերջապես ներկա է կառավարության հետ հարցուպատասխանին…

Արդեն հետո՝ հատակին պառկած, Ռուզանը մեծ արագությամբ լուռ ռեժիմի փոխեց հեռախոսը՝ ուշադրություն չգրավելու համար: Բայց ավելի ուշ զանգել էր աղջիկը, ու ինչ որ բան էր հարցնում՝ կարծեմ, ռուսերեն այսինչ բառն ինչպես է գրվում: Ռուզանը պատասխանեց, թե այստեղ կրակում են… Աղջիկը՝ ոչինչ, դու արագ ասա….

Մի մանրամասն էլ՝ այն ժամանակ մեր վերնահագուստները կարող էինք կախել նաեւ նիստերի դահլիճին հարակից ձախ նախասրահում: Եվ այնտեղ էր Ռուզանը կախել իր բաճկոնը: Բայց այն բանից հետո, երբ Դիլբարյանի ակտիվությունից հետո՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի թղթակից Գոհար Սարգսյանը ոտքի կանգնեց ու Նաիրիին կանչեց լրագրողների մոտ՝ հորդորելով ազատ արձակել իր նախկին գործընկերներին ու ԱԺ աշխատակիցներին՝ մենք դուրս եկանք աջ կողմով:

Աշնանային բավական պաղ օրը Ռուզանը դրսում հայտնվեց առանց տաք վերնահագուստի: Բայց ոչ այդ պահին, ոչ էլ հետո հույսը չէր կորցնում, թե կհաջողի գտնել իր բաճկոնը: Դե, մենք էլ չար կատակներ էինք անում: Ասենք, ոստիկանության մի ծանոթ բարձրաստիճան անձ՝ այս պատմությունն իմանալուց հետո, մոտեցել էր Ռուզանին ու ասել, թե պարզել են՝ որտեղ է իր վերնահագուստը՝ այն հագել ու այդպես է դահլիճից փախել նախարարներից մեկը:

Ռուզան Խաչատրյանը՝ հոկտեմբերի 27-ին կորցրած բաճկոնով

Հետագա օրերին տարբեր անձանց էի մատնացույց անում եւ ասում՝ այ ինքը հաստատ կիմանա, թե որտեղ է քո բաճկոնը: Պետք էր տեսնել, ասենք, ԱԺ աշխատակազմի քարտուղարության աշխատակից Թաթուլ Սողոմոնյանի դեմքը Ռուզանի՝ «Ինձ ասացին, թե դուք կիմանաք՝ որտե՞ղ է իմ բաճկոնը» հարցադրմանն ի պատասխան:

Ի դեպ, հոկտեմբերի 27-ից որոշ ժամանակ անց Ազգային ժողովի նիստերի դահլիճում պայթուցիկ փաթեթ հայտնաբերվեց, ու խորհրդարանում գտնվողները տարհանվեցին: Զարմանալի զուգադիպությամբ՝ լրագրողներից միայն Ռուզան Խաչատրյանն էր այդ օրը ԱԺ-ում: «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի այն ժամանակվա համակարգող Վաչե Սարգսյանը, որը կծու հումոր ունի՝ ասում էր, թե Ռուզանը հիմա էլ կոշիկներն է թողել խորհրդարանում, ու կատակում էր, թե նա էլ է հոտառությամբ զգում պայթուցիկը, ու գնում այդ ուղղությամբ:

… Տարիներ անց, երբ «հոկտեմբերի 27»-ի գործի նյութերն էի կարդում, գաղտնալսման սղագրություն ընթերցեցի, որն առիթ տվեց Ռուզանին ասելու, թե ոնց որ գտել եմ քո վերնահագուստը: Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման գնալուց առաջ ինչ որ մեկը Նաիրի Հունանյանին ասում է, թե առ՝ հագիր էս բաճկոնը…

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Տեսապատկերում՝ Ռուզան Խաչատրյանը 1999թ հոկտեմբերի 27-ին ԱԺ շենքից դուրս գալուց հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031