«Սյունիքն ամենատուժած գյուղն է, կեղտոտ օդ ենք շնչում, պղտոր ջրերով էլ բերքն ենք ոռգում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սյունիք համայնքի բնակիչ Շահում Հարությունյանը՝ թվարկելով տարածաշրջանում իրականացվող հանքարդյունաբերության բացասական հետեւանքները: Շահումն ասում է, որ բնակչության կրած վնասների համար, սակայն, որեւէ փոխհատուցում իրենց չի տրվում:
Այս տարածքում մի քանի ընկերություն մետաղական հանքեր են շահագործում. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն, պղինձ ու մոլիբդեն է արդյունահանում, «Չաարատ Կապանն» էլ շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը եւ վերամշակում է հանքավայրից արդյունահանված հանքաքարը: Դրան գումարած շրջակայքում մի քանի մեծ պոչամբարներ կան:
Կարդացեք նաև
«Գետի կողքը, որտեղ լցվում են կոմբինատի ջրերը, մի րոպե չես կարող կանգնել, ահավոր հոտ է գալիս, բայց ի՞նչ անենք, ոռոգման ջուր չունենք, ստիպված՝ այդ ջրերով ենք մեր այգիները ջրում»,-ասում է Շահումը: Նրա խոսքով, ջրելը՝ ջրում են, բայց անզեն աչքով էլ տեսնում են, որ քիմիկատներով հագեցած ջրերը ինչպես են փչացնում բերքը: Բացի այն, որ բերքի ապրանքային տեսքն է ընկած, կանաչեղենից, բանջարեղենից տարօրինակ համ ու հոտ են առնում. «Պտուղը չորացնում է, բայց ի՞նչ անենք, ջուր չունենք: Էդ հոտը շնչում ենք, քամին որ սկսում է գյուղի վրա, տեսնեք ինչ փոշի է կիտվում»:
Սյունիքի մեկ այլ բնակիչ էլ ասում է, եթե շուկայում իմանում են, որ բերքը Սյունիք գյուղից է, չեն գնում: Գյուղացիներն էլ բերքը վաճառելու համար ստիպված վերավաճառողներին էժան գներով հանձնում են, որպեսզի հետքը կորչի. «Մենք չենք կարող մեր ապրանքը վաճառել: Փոքր գյուղեր են, Կապանն էլ փոքր քաղաք է, մեկը մյուսին ճանաչում են, չես կարող խաբել՝ ասել Սյունիքինը չէ: Դրա համար էժան հանձնում ենք»:
Գյուղի բնակիչների խոսքով, անձրեւը որ գալիս է, պատուհանները ցեխի մեջ կորում են: Գյուղը խմելու ջրի խնդիր էլ ունի: Շահումի խոսքով՝ խոստացել են լուծել:
Սյունիք համայնքն այժմ խոշորացված Կապան համայնքի մեջ է, որտեղ շուտով համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում: Սյունիքում էլ նախընտրական եռուզեռ էր. թեկնածուների պաստառներն ու ավտոմեքենաները այս համայնքի բնակիչներին «անհոգ կյանք» ու «ապագա» էին խոստանում:
Շահում Հարությունյանի խոսքով, այդ խնդիրներով, սակայն, որեւէ մեկը չի անհանգստանում. «Գիտե՞ք քանի տարի է` ասում ենք էս մասին, որ օդը կեղտոտ է, ջուրը կեղտոտ է, ոտքի վրա թունավորվում ենք: Ո՞վ է բանի տեղ դնում, ոչ մեկը»:
Շահում Հարությունյանի եւ գյուղի մյուս բնակիչների դժգոհությունները, սակայն, չեն կիսում ԶՊՄԿ-ի աշխատակիցները, որոնց հանդիպեցինք կոմբինատի վթարային ավազանի մոտ:
Սյունիք գյուղից մի քանի կիլոմետր վերեւ՝ Աճանան գյուղի հատվածով անցնում է կոմբինատի հսկայական պոչատարը, որը արտադրական թափոնները տեղափոխում է Արծվանիկի պոչամբար: Այստեղ կառուցվել է վթարային ավազան, որպեսզի պոչատարի վթարի դեպքում պոչերը թափվեն այդ ավազանը եւ չտարածվեն:
Այս հատվածով անցնում է Նորաշենիկ գետը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով, չնայած ձեռք առնված միջոցներին, միեւնույն է, կոմբինատի արտադրական թափոնները անձրեւների, ձնհալների միջոցով լցվում են Նորաշենիկ գետը, որը Ողջի գետի վտակներից է:
Կոմբինատի մասնագետները վստահեցրին, որ իրենք կոմբինատից բաց թողած ջրերը PH-ով մաքրում՝ նստեցնում են դրանցում եղած մետաղները՝ նոր միայն բաց թողնում արտաքին միջավայր, ուստի գետի՝ պղտոր լինելու մասին խոսք լինել չի կարող:
ԶՊՄԿ-ի աշխատակիցները նաեւ նշեցին, որ գյուղացիներն իրավունք չունեն այդ ջրերով այգիները ոռոգել եւ որ ջուրն անօրինական են վերցնում:
Ի դեպ, Կապանի տարածաշրջանում իրականացվող հանքարդյունաբերության հետեւանքով Կապան քաղաքով անցնող Ողջի գետը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով, Կապանից դուրս գալու հատվածում ախտոտվածությամբ 5-րդ աստիճանի է, ինչը նշանակում է աղտոտվածության ամենաբարձր աստիճան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ