Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ամենակոլորիտային կնոջ դիմաքանդակը՝ քաղաքի սրտում՝ նրա տան պատշգամբի տակ

Հոկտեմբեր 30,2021 20:51

Այսօր Գյումրու պատմական շենքերից մեկի (Սպանդարյան 23 հասցեում) մուտքի մոտ բացվեց քաղաքի ամենակոլորիտային դեմքերից մեկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի դիմաքանդակը։

Քաղաքի, այնուհետ մարզի մշակույթի ոլորտը երկար տարիներ ղեկավարած Հասմիկ Կիրակոսյանը Գյումրու խորհրդանիշերից էր, իր ճոխ բառապաշարով, սուր հումորով ու անզուգական մտածողությամբ շուք էր տալիս բոլոր միջոցառումներին, ամենահասարակ միջոցառումը վերածում էր տոնի։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի բառերը կախարդում էին ներկաներին, տրամադրություն փոխում, նրա հնչեղ խոսքից հետո դժվար թե որևէ մեկը հանդգներ խոսք հնչեցնել։

Ինչպես բնութագրում  է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը․ «Տիկին Հասմիկ Կիրակոսյանը գյումրիագիտության մեծ վարպետ է, Գյումրիի կոլորագիտության մեծ գիտակ, ում հետ մեր ամեն հանդիպումը լինում էր հախուռն, փոթորկոտ, երբեմն նաեւ վիճաբանությամբ ուղեկցվող, բայց միշտ ինչ- որ մի բան տալիս էր»։

Տիկին Կիրակոսյանը մահացել էր 6 ամիս առաջ՝ 78 տարեկան հասակում՝ չարաբաստիկ կորոնավիրուսից։

Դիմաքանդակի հեղինակը երիտասարդ քանդակագործ Վահագն Պապոյանն է։

Նա պատմեց, թե ինչպես է ստացել տիկին Կիրակոսյանի կոլորիտային կերպարը։

«Ինձ մի քիչ հեշտ էր տիկին Կիրակոսյանին քանդակելը, որովհետև քաղաքում այդպիսի մարդ չկա, որ ծանոթ չլինի իրեն, ծանոթ չլինի իր կերպարին։ Եթե արվեստի լեզվով ասեմ՝ իմպրեսիոնիստական մոտեցմամբ է արված։ Կերպարի համ ու հոտը, իր շարֆը, զարդերը փորձել եմ դնել քանդակի մեջ, ինձ թվում է՝ ստացվել է», -ասաց քանդակագործը։

Հասմիկ Կիրակոսյանի դուստրը՝ Սոնա Հովհաննիսյանն էլ ասաց․ «Հրաշք քանդակ է․ մայրիկս նայում է իր սիրած քաղաքին։ Այս շենքի երրորդ հարկում մայրիկիս պատշգամբներն են, որտեղից նա նստած՝ միշտ հետևում էր քաղաքի անցուդարձին։

Նա դողում էր իր քաղաքի վրա․ եթե նկատեր մի փոքրիկ անկարգություն, պիտի ահազանգեր, թե էս ինչ բանն եմ տեսել, եթե մեկը փորձեր աղբ գցել,  նա պատշգամբից պիտի դիտողություն աներ, իր սիրտը շատ էր ցավում մեր քաղաքի համար։ Անչափ շատ էր սիրում Գյումրին, իր առավոտը բացվում էր պատշգամբում՝ իր սիրուն քաղաքով զմայլված։

Երբ դիմաքանդակը պիտի տեղադրեինք, ես մտածում էի՝ չվնասե՞նք հանկարծ շենքի պատերը, շքամուտքի մոտ է, բայց  վստահ եմ՝ գյումրեցիները մեծ ուրախությամբ կկանգնեն, կնայեն, մեկ անգամ կհիշեն Հասմիկ Կիրակոսյանին՝ պատվավոր գյումրեցուն»։

Նա դստերը պատգամել է իր տան իրերի դասավորությունը չփոխել, տունը նման է թանգարանի՝ տարբեր նկարիչների կտավներով, գյումրեցի վարպետների պատրաստած կահույքով, ծաղկազարդ շքամուտքով։ Նա ապրում էր գյումրեցիներին վայել նիստուկացով։

«Մայրիկիս ոգով ու շնչով տունը պահում եմ, այն կարծես մայրիկիս թանգարանը լինի»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը միջոցառման ժամանակ ընթերցեց Հասմիկ Կիրակոսյանի բանաստեղծություններից մեկը՝  նվիրված իր «հպարտ, անկոտրում, աղուհացով, ադաթով, շեն քաղաքին՝ Գյումրիին», որին նա անվանել էր իր աչքի լույսը։

Գյումրու «Հայորդաց տանն» էլ  տեղի ունեցավ նրան նվիրված հուշ-միջոցառումն ու նրա գրքի շնորհանդեսը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031