Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան․ «Այսօրվա հանրահավաքից հետո նոյեմբերի 9-ին եթե հանդիպեն ալիեւներն ու փաշինյանները, ընդամենը մի նոր դեկլարացիա են ծնելու»

Հոկտեմբեր 30,2021 20:00

«Հայոց  պետականությունը կրկին կանգնած է չարաղետ փորձանքների եւ լրջագույն փորձությունների շեմին։ Ըստ խիստ հավաստի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում ստորագրել երկու փաստաթուղթ»,-այսօր այս մասին Ազգային-ժողովրդական բեւեռի՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը։ Նրա ներկայացմամբ, այս փաստաթղթով ստեղծելու է Ադրբեջանը  Թուրքիայի հետ կապվելու անվերահսկելի հնարավորություն, ինչպես նաեւ լրջագույն հարված է հասցվելու ՀՀ  տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավական հիմքերին։

Պապյանի խոսքով՝ այս ամենն արվում է  այսպես կոչված խաղաղության դարաշրջանի քարոզի ներքո եւ ժողովրդի կյանքը բարելավելու կեղծ խոստումներով․«Ստորագրելուց առաջ անհրաժեշտ է հստակեցնել եւ ամրագրել այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա դա պետք է տեղի ունենա։ Նման գործողության համար առ այսօր չկա հստակեցված որեւէ իրավական հիմք։  ԽՍՀՄ վարչատարածքային սահմանները  ոչ մի դեպքում չեն կարող հիմք հանդիսանալ միջպետական օրինական սահմանների համար, առավել եւս, երբ Ադրբեջանը առնվազն երկու անգամ հրաժարվել է իրավաքաղաքական ժառանգությունից։ Նման հիմք չի կարող լինել նաեւ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին 1995 թվականի օրենքը։ Միջպետական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե ներպետական օրենքով, այլ միջազգային իրավունքով։ Միջազգային իրավունքի դաշտում ՀՀ   սահմանների վերաբերյալ կա երկու օրինական   եւ իրավական անդրադարձ՝  հայ-թուրքական սահմանի  առումով՝ Վուդրո Վիլսոնի 1920 նոյեմբերի 22-ի  իրավարար  վճիռն է, որին նախորդում է Սեւրի պայմանագիրը, իսկ հայ-ադրբեջանական սահմանի առումով՝ Ազգերի լիգայի խորհրդի ՀՀ սահմանները որոշող հանձնախմբի 1920 փետրվարի 24-ի զեկույցը։ Այն, ինչ տեղի է ունեցել հետո՝ ՀՀ-ի ռուս-թուրքական 1920 սեպտեմբեր-նոյեմբերի բռնազավթում,  1992 դեկտեմբեր բռնակցում»։

Արա Պապյանի ներկայացմամբ  որեւէ մեկն, անկախ պաշտոնից, իրավունք  չունի միանձնյա եւ ինքնագլուխ որոշելու ՀՀ տարածքին առնչվող որեւէ հարց, նման հարցերը կարող են քննության  առարկա դառնալ միայն համապետական հանրաքվեի ժամանակ։

ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանն էլ, ներկայացնելով  Բեւեռի ճանապարհային քարտեզի դրույթներն, ասաց, որ  հարյուրամյա գաղութացման վիճակի հետ գործ ունենք, ուստի անցյալի իրավաքաղաքական գնահատականից պետք է սկսվի ամեն ինչ։ Դրույթներից մեկն էլ  ԽՍՀՄ լուծարումից հետո կիսագաղութային շրջանին իրավաքաղաքական գնահատական տալն է,  որից էլ բխելու է անցումային արդարադատությունը, քաղաքական, տնտեսական, գործակալական լուստրացիան,  ընդունվելու է նոր Սահմանադրություն, որի հիման վրա ընտրվելու է ընտրական օրենսգիրք եւ կուսակցությունների մասին նոր օրենք եւ ապա անցկացվելու են արտահերթ ընտրություններ։

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ իր ելույթում ասաց՝ նոյեմբերի 9-ին ստորագրած, իր խոսքով՝ «սեւ թղթի» հետ չենք կարող համակերպվել․«Եվ չենք հասկանում այն հայ մարդկանց, ովքեր այսօր շարունակում են հետեւել այնպիսի ուժերին, այնպիսի քաղաքական «գործիչներին», ես կասեի՝ ոճրագործներին,  որոնք հայտարարել են՝  իրենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդունում են  որպես փաստ եւ այլեւս ոչ մի անելիք չունեն։ Մեր սիրելի ժողովրդին պիտի հանգիստ բացատրենք՝ ինչպես կարելի է գնալ այդ գործակալների հետեւից»։

Նա ասաց, որ կեղծ լուրեր են տարածում, թե իբր Բեւեռը հայ ժողովրդին ռուսական կայսրության տակից դուրս բերելուց հետո մեկ այլ կայսրության տակ է դնելու․«Դա սուտ է։ Ի տարբերություն պուտինյան ՌԴ-ի, մեր  դաշնակիցները, մասնավորապես  ԱՄՆ-ն, կողմ է ՀՀ  ինքնիշխանությանը։ Մեր ժողովրդին այս փաստարկով պետք է բացատրենք, որ իրենց տեղը այսօրվա դավաճան իշխանությունների շարքերում չէ,  նրանց աջակցելու հրապարակներում չպետք է լինեն, պետք է չլինեն քոչարյանների հրապարակներում, իրենց տեղն այստեղ է»։

Սեֆիլյանի խոսքով․ «Ես վստահ եմ՝ այսօրվա հանրահավաքից հետո նոյեմբերի 9-ին եթե հանդիպեն ալիեւներն ու փաշինյանները, շատ-շատ ընդամենը մի նոր դեկլարացիա են ծնելու, այլ ոչ մի պայմանագիր։  Մենք ազդում ենք, եւ պիտի բացատրենք մեր շրջապատին, որ այդ ազդեցությունը պետք է բազմապատկենք, որ ազատվենք այս ռեժիմից»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031