Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում. փրկված զինվորի մոր շնորհավորական խոսքը փրկարարին

Հոկտեմբեր 30,2021 18:28

Փրկված զինվորի մոր՝ Սոնա Ադամյանի շնորհավորական խոսքը փրկարարին:

Հարգարժան փրկարար, կոչմանդ իրական կրող:
Թույլ տուր խորին երախտագիտությամբ քեզ ասել՝ Շնորհակալ ենք:
Երբ մի պահ տեղափոխվում ենք անցյալ տարվա նույն օրերը, թվում է՝ անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չի լինելու:

2020 թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաև մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդու՝ Արթուր Հարությունյանից վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝ ամսի 10-ից արդեն թշնամու թիկունքում հայտնվելու, շրջափակման մեջ լինելու ընթացքում:

Դժոխք դարձած օրերը ամեն անգամ մեզ հեռացնում էին նրան գտնելու հույսից, բայց չէին կտրում: «Ում միջոցով Աստված կփրկեր ու տուն կբերեր մեր Արթուրին, երբ կբերեր, մտքով սպասում էինք: Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում, իսկ ահա մայրամուտին այդ հույսը կարծես մարում էր… ու այդպես մինչև դեկտեմբերի 17-ը: Այդ օրն էր, երբ 70 օրից հետո առաջին լուրը ստացանք:

Մշտապես անձամբ մասնակցելով որոնողական աշխատանքների նախապատրաստման և իրականացման հոգեբանական ծանր գործընթացներին, հաճախ ինքս ընդգրկվելով խմբերում, ականատեսն էի փրկարարների տքնաջան և անասելի, անգամ գերմարդկային ուժին՝ անմնացորդ նվիրվածությանը:

Աննկարագրելի զգացողություններ ունեմ դեկտեմբերի 20-ի հետ կապված, երբ արդեն կազմ ու նախապատրաստված որոնողական խմբերը դուրս էին եկել առաջին անգամ հաստատ կյանքեր փրկելու, նրանց մեջ էր նաև որդիս:
Մեր հանդիպանը դժվար էր ողջ օրը սպասել, առավել ևս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տուն դարձի ճանապարհը: Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում, սպասում օպերացիայի իրականացմանը, որի կազմակերպման գործում հսկայական էր փրկարարական խմբի, ի դեմս գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ավանդը:

Մարդկային ու մասնագիտական բացառիկ ունակություններով օժտված, անհամեմատելի նրբազգացողությամբ, նվիրվածությամբ, հոգատարությամբ նա ողջ որոնողական ժամանակահատվածում շփվում էր անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներիս ու հարազատների հետ, գերհոգնած, գերհուզված: Այո, նրա կերպարում հենց ծնողներս հայրենասիրության, սրտացավության, օգնության ձեռք մեկնելու անսպառ պատրասատակամություն և հույս էինք տեսնում:

Հարգարժան Կարեն Գրիգորիի, թույլ տվեք հրաշքով փրկված 6 տղաների ու ծնողներիս անունից խորին երախտագիտությամբ պարզապես ասել՝ Շնորհակալ ենք: Շնորհակալ ենք Ձեր բացառիկ նվիրումի և հոգտարության համար:
Ի դեմս Ձեզ, շնորհավոր իսկական փրկարարի տոնը՝ բոլորիդ տոնը:

ԱՀ ՆԳՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031