Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ միջազգային պայքարի «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խումբը՝ (ՖԱԹՖ – Financial action task force on money laundering կամ Groupe d’action financière – GAFI)-ը, 19-21 հոկտեմբերի 2021 թվականի իր նիստում Իրանին և Հյուսիսային Կորեային ներառել է իր սև ցուցակում, փակել է պատժի ժամանակավոր առկախման էջը։
Այս որոշումով դժվարանում են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ-ի) ֆինանսական միջազգային գործարքները․ բոլոր երկրներին հանձնարարվում է նախազգուշական միջոցառումներ կիրառել իրանական ընկերությունների առևտրա-տնտեսական գործարքների դեմ։ Իրանին արգելվում է այլ երկրներում տնտեսական գործունեություն ծավալել։ Իրանը հույս ուներ ՖԱԹՖ-ում Չինաստանի հերթական նախագահության օրոք, դարձյալ օգտվել իրեն տրված ժամանակավոր արտոնությունից՝ պատժի առկախումից, բայց պատիժը վրա հասավ, և Իրանը վերադարձավ ՖԱԹՖ-ի սև ցուցակ։
Կարդացեք նաև
(ՖԱԹՖ) միջկառավարական անկախ մարմին է, որը մշակում է համաշխարհային ֆինանսական համակարգը փողերի լվացումից, ահաբեկչության ֆինանսավորումից և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումից պաշտպանելու քաղաքականություններ և սատարում է դրանց իրագործմանը: FATF-ի Հանձնարարականները ճանաչում են գտել, որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաշխարհային ստանդարտ: ՖԱԹՖ-ը սկսած 2016 թվականի հունիսից ԻԻՀ-ին ժամանակ էր տվել, որպեսզի իր օրենսդիր բարձրագույն մարմնի միջոցով վավերացնի այս խմբի առաջարկվող փաստաթղթերը և միանա աշխարհի 200 երկրներին, որոնք պայքար են մղում արատավոր այդ երևույթների դեմ։
Նախկինում ԻԻՀ-ի Իսլամական Խորհրդարանը վավերացրել էր այդ կոնվենցիաները, բայց հանդիպել էր Սահմանադրության Պահապան Խորհրդի (Սահմանադրական Դատարանի համարյա թե նման իրավասություններով մարմնի) դիմադրության․ այս Խորհուրդը Իսլամական Խորհրդարանի որոշումը չհաստատեց։ Իրանի նախկին նախագահ Ռոհանիի կառավարությունը, համաձայն երկրի գործող օրենքների հարցը փոխադրեց «Վարչակարգի Նպատակահարմարության Խորհուրդ»-ին․ այս Խորհուրդը նշանակված մեկ տարվա ժամկետի ընթացքում դժվարացավ կամ չուզեց բողոքի վերաբերյալ որոշում տալ և Սահմանադրության Պահապան Խորհրդի մերժումը մնաց ուժի մեջ։ Իրանի փորձագիտական շրջանակներն այս հարցում տարակարծիք են և ոմանք կարծում են «Վարչակարգի Նպատակահարմարության Խորհուրդը» ցանկացած պահի կարող է որոշում տալ և ժամկետով կաշկանդված չէ։ Իրանի բարեփոխական շրջանակները ՖԱԹՖ-ի ստանդարտներին միանալը համարում են կարևոր․ դա նրանց կարծիքով փրկության օղակ է երկրի տնտեսական ահավոր վիճակը փրկելու համար։ Նրանք կարծում են, որ սրանով 200 երկիր և առաջին հերթին՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան միասնական կեցվածք կորդեգրեն Իրանի դեմ և Իրանի հետ աշխատող բանկերի և ընկերությունների դեմ ճնշումները կսաստկանան։ Իշխող կարծրամիտները շարունակում են պնդել իրենց դիրքորոշման վրա, քանի որ ներկա վիճակը հնարավորություն է տալիս նավթի և այլ մթերքների վաճառքի հարցով շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները և շարունակել ֆինանսական աջակցություն ցուցաբերել «Համաս»-ի ու «Հեզբօլլահ»-ի նման ծայրահեղական խմբերին, որոնք պրոքսի պատերազմի (proxy war) ներկայացուցիչներ են Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում։
ՖԱԹՖ-ն անցած չորս տարում վեց անգամ ժամանակ է տվել Իրանին, որպեսզի միանա միջազգային այս ստանդարտներին, բայց Թեհրանը մասամբ է հաստատել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքները և վերապահություն ունի «Պալերմոյի արձանագրություններ»-ի (Palermo protocols) և «Ահաբեկչության ֆինանսավորման ապահովման» (Combating the Financing of Terrorism- CFT) որոշ կետերի հանդեպ: Նրանք հիմնվում են իսլամական հեղափոխության արժեքների վրա, որի համաձայն օգնում են նաև աշխարհի մուսուլմաններին և հիմա մտահոգված են, որ այս բանաձևերի ընդունման դեպքում դժվարության կհանդիպեն:
«Պալերմոյի արձանագրություններ»-ը չորսն են. «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություններ, «Ցամաքով, ծովով և օդով միգրանտներին մաքսանենգ ճանապարհով տեղափոխման դեմ» արձանագրություն, «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգի կանխարգելման, արգելման և պատժելու մասին» արձանագրություն և «Հրազենի, ռազմամթերքի և հարակից նյութերի անօրինական արտադրության և շրջանառության դեմ» արձանագրություն (այս մասին տենել նաև իմ նախորդ գրությունը՝ Տ․Դ․) ։
ՖԱԹՖ-ի՝ Իրանի դեմ սահմանափակումների որոշումն ունի տարիների անցյալ և արտացոլված է նաև Հայաստանի Կենտրոնական Բանկի Խորհրդի որոշումներում ( տես որոշում թիվ 239-Ն, 14 սեպտեմբերի 2010 թ.)։ Սա արգելակում է նաև Հայաստան – Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման բնական ընթացքը։ Հայաստանի և Իրանի հարյուրավոր գործարարներ ու քաղաքացիներ, ՀՀ և միջազգային բանկերում հանդիպում են լուրջ խոչընդոտների։ Նրանք գործարքներ և ֆինանսական փոխանցումներ կատարելու համար չեն կարող օգտվել որևէ բանկի ծառայությունից և պարտավոր են օգտվել զարտուղի ճանապարհներից։ Սա նաև խարդախության դուռ է բացում․ Հայաստանի դատարաններում այդ նյութերով հիմա քննվում են քրեական գործեր, որի պատճառներից մեկը հենց Հայաստանի և Իրանի միջև բանկային ուղղակի կապի բացակայությունն է։
FATF-ի սահմանափակումներից տուժում են նաև Իրանում ծնված հայերը, որոնք ՀՀ քաղաքացի լինելով հանդերձ հանդիպում են Հայաստանի բանկերի ստեղծած խոչընդոտներին․ նրանց արգելվում է որպես իրավաբանական կամ ֆիզիկական անձ, արտարժույթով բանկային հաշիվ բացել, կամ փոխանցում կատարել։ Մի խումբ իրանահայեր դիմել են թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և թե գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց հարցը դրական լուծում չի ստացել․ պատասխանը մեկն է՝ բանկերը կառավարության ենթական չեն, իսկ և՛ կառավարությունը և՛ բանկերը պետք է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները։
Իմ կարծիքով Իրանի իշխանությունները պետք է ավելի ողջամիտ գտնվեն, Արևմուտքի հետ իրենց 40-ամյա տարաձայնությունը լուծեն խաղաղությամբ, վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և իրենց երկրի ու ժողովրդի առջև ծառացած բազում հարցերի համար արդար և ընդունելի ելք գտնեն։
Դա բխում է Իրանի ժողովրդի շահերից, դա անհրաժեշտ է նաև Հայաստանի ու Իրանի հարաբերությունների բնականոն զարգացման համար։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ