Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վերլուծության կենթարկվեն վայրի կենդանիների և մարդկանց միջև շրջանառվող հիվանդությունների ռիսկերը

Հոկտեմբեր 30,2021 13:55

ԵՊՀի կողմից ներկայացված «Կենսաանվտանգության կարողությունների զարգացում Հայաստանում. կաթնասունները որպես հիվանդությունների վեկտորներ» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է վերլուծել վայրի կենդանիների և մարդկանց միջև շրջանառվող հիվանդությունների ռիսկերը, ինչպես նաև հարուցիչների և դրանց վեկտորների (կաթնասունների վայրի տեսակներ) առկայությունն ու տարածվածությունը:

 Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված ԲԵՀ 5 թեմաներից մեկը «Կենսանվտանգության կարողությունների զարգացում Հայաստանում. կաթնասունները որպես հիվանդությունների վեկտորներ» թեման է, որի նպատակն է ստեղծել զոոնոզ (կենդանածին) հիվանդությունների ռիսկային ինդեքսի հիման վրա ստացված թեժ կետերի քարտեզներ, ինչպես նաև բացահայտել այդ հիվանդությունների հիմքում ընկած մեխանիզմները, ինչն էլ կնպաստի երկարաժամկետ զարգացող վարակիչ հիվանդությունների մշտադիտարկման ծրագրերի բարելավմանը, ըստ այդմ՝ հսկողության արդյունավետությանը։

Ֆինանսավորման երաշխավորված թեման, Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբ. գիտ. թեկնածու Աստղիկ Ղազարյանի ղեկավարությամբ, ներկայացրել է հետազոտական խումբը, որում ներառված են Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկանատին կից գործող ուսումնական լաբորատորիայի վարիչ Տիգրան Հայրապետյանը, Կենդանաբանության ամբիոնի ասպիրանտ Լևոն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ ԿՀԳԿ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Աբգարյանը:

Մեզ հետ զրույցում Աստղիկ Ղազարյանը տեղեկացրեց, որ ինչպես բնական իրադարձությունների, այնպես էլ կլիմայի փոփոխության պատճառով վարակիչ հիվանդությունների առաջացումը Հայաստանի համար զգալի և աճող ռիսկ է ներկայացնում: Նրա խոսքով, կենսաբանական վերահսկողության և հիվանդությունների վերահսկման վատ համաձայնեցված ռազմավարությունը տարածաշրջանում վտանգում է մարդկանց առողջության պաշտպանությունը:

«Վերջին 50 տարիների ընթացքում ճանաչված մարդկային հարուցիչների հիմնական մասը զոոնոզ է (60%), այսինքն՝ կենդանական ծագում ունի, և դրանց մեծամասնությունը (75%) առաջանում է վայրի կենդանիների մեջ: Թերի ուսումնասիրված կաթնասունների, մասնավորապես չղջիկների և կրծողների, ինչպես նաև ռիսկի այլ գործոնների աշխարհագրությամբ ու բարձր բազմազանությամբ պայմանավորված՝ Կովկասը սահմանվում է որպես զարգացող վարակիչ հիվանդության թեժ կետ»,- ասաց Աստղիկ Ղազարյանը:

Նրա տեղեկացմամբ, ի հայտ եկող վարակիչ հիվանդությունների մեծ մասը և գրեթե վերջին բոլոր համաճարակները ծագում են կենդանիներից, և դրանց առաջացումը հաճախ ենթադրում է դինամիկ փոխազդեցություն վայրի բնության և արագ փոփոխվող միջավայրում գտնվող մարդկանց միջև. «Մեր երկրում վայրի կաթնասունների հարուցիչների և փոխանցման ցիկլերի վերաբերյալ տեղեկությունները թերի են, սակավաթիվ են նաև հազվադեպ վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետազոտությունները»։

«Այս ծրագրով տեսակների բաշխվածության մոդելավորման և «PCR» մեթոդների կիրառմամբ մենք վերլուծելու ենք վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները, ստեղծենք կաթնասունների հարուցիչների շտեմարան։ Բացի դրանից՝ մոդելավորվելու է հարուցիչների և տեր հանդիսացող կաթնասունների տարածվածության բաշխվածությունը։ Ստացված տվյալների հիման վրա էլ քարտեզագրվելու են Հայաստանում զոոնոզ վարակիչ հիվանդությունների տարածական տատանումների թիրախային կետերը»,- ասաց հետազոտական խմբի ղեկավարը։

Այս ծրագրի կարևորությունը, ըստ Աստղիկ Ղազարյանի, այն է, որ կաթնասունների կողմից փոխանցվող վարակների համաճարակաբանական հսկողության կազմակերպման համար մշակվելու են նոր մոտեցումներ:

ԵՊՀ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031