Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրարից դրական ազդակներ ստանալու վերաբերյալ հայտարարություններ անել: Վերջերս Թուրքիայի նախագահը մասնավորապես շեշտել էր, որ Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով, Թուրքիայից հնչող հայտարարությունները բավականին զավեշտալի են:
«Թուրքիան ասում է, որ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել: Սա, մեծ հաշվով, նորություն չէ, միշտ են ասել: Բայց հիմա, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանների, ավելի հետընթաց է գրանցվել: Իրականում Թուրքիայից ոչ թե դրական, այլ բացասական ազդակ կա, որովհետև եթե նախկինում Թուրքիան հարաբերություններն ուղղակի Հայաստանի հետ էր փորձում կարգավորել, ապա հիմա Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է արդեն երրորդ կողմով՝ Ադրբեջանի մասնակցությամբ: Սա արդեն, փաստացի, դրական չէ, ավելին՝ հետընթաց է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին փորձը հիշենք, երբ ստորագրվեցին արձանագրություններ:
Այն ժամանակ Ադրբեջանի մասին որևէ խոսք չկար: Խնդիրը Հայաստանի և Թուրքիայի միջև էր, չկար որևէ նախապայման այդ առումով: Հիմնական նախապայմանն ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրս գալն էր: Այդ ժամանակ իրենք համաձայն էին անգամ այն տարբերակին, որ եթե հայերը նույնիսկ մեկ շրջանից դուրս գային, սահմանը կբացեին ու հարաբերություններին ընթացք կտային: Այս անգամ ոչ միայն ազատագրված տարածքները, այլև մի բան էլ «բոնուսով» ավելին ենք տվել: Բայց այդքանից հետո Թուրքիան դեռևս Հայաստանի հետ կարգավորման նախաձեռնությունը կապում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց թուրքագետը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում