Ըստ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՄԻՊ աշխատակազմը ստացել է ահազանգ այն մասին, որ քրեական վարույթի շրջանակում մի քանի օր առաջ խուզարկությամբ առգրավվել են «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող գույքը՝ համակարգիչներ եւ փաստաթղթեր:
Ահազանգի տվյալներով՝ դա արվել է՝ նպատակ ունենալով հասնել քոլեջի տնօրենի հեռացման, քանի որ նա Կապան համայնքի ղեկավարի տեղակալի մայրն է, իսկ համայնքի ղեկավարի նշված տեղակալն ընդգրկված է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակում:
Aravot.am-ի աղբյուրներով, քրեական գործը հարուցվել է երեք անձի կեղծ դիպլոմ տալու փաստով, սակայն դեռ գործով անցնող անձ չկա, գործի նախաքննության հսկողությունը իրականացնում է Սյունիքի մարզի դատախազությունը։
Նշենք, որ քոլեջի ներկայիս տնօրենը Անժելա Մաքյանն է, իսկ նրա որդին՝ Գոռ Թադեոսյանը, Կապանի համայնքապետի տեղակալն է եւ Կապանի ավագանու ընտրություններում առաջադրված «Շանթ դաշինք»-ի ընտրական ցուցակի 4-րդ համարն է։
Կարդացեք նաև
Գոռ Թադեւոսյանը նախկինում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի (ներկայումս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր-Ա․ Դ․) տեղակալն էր, հետո դարձավ մարզպետ Հունան Պողոսյանի խորհրդականը։ Պողոսյանի հրաժարականից հետո էլ Գոռ Թադեւոսյանն աշխատանքից ազատման դիմում գրեց։
Լուսանկարը՝ քոլեջի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ