Ընդհատակյա սողացող հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունների ֆոնին, որոնց ո՛չ ճշգրիտ բովանդակությունն է հայտնի, ո՛չ էլ դրա արդյունքում սպասվելիք փաստաթղթերի շրջագիծը, խորհրդարանական ընդդիմությունը քննարկման դրեց մի շատ կարեւոր հայտարարության նախագիծ այն մասին, որով Հայաստանի սահմանների փոփոխությունն առանց Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ սահմանված կանոնակարգերի անընդունելի է համարվում եւ դատապարտվում Արցախի բռնազավթումը, իսկ ահա իշխող մեծամասնությունը, Կոնջորյանի հակափաստարկով, հայտարարության մեջ ներքաղաքական բովանդակության ձեւակերպումներ եւ ընդդիմության քաղաքական «նարատիվի» մաս հանդիսացող մոտեցումներ տեսնելով` չքվեարկելով մերժեց այն:
Ընդդիմությունն էլ իր մեջ ուժ չգտավ մեկ-երկու բառ փոխելով` ներքաղաքական «նարատիվ» անվանվածը ուղղակի սահմանադրական ձեւակերպման մերկ տարբերակով մատուցել: Հասկանո՞ւմ եք` երկրի անվտանգության առումով կարեւոր նախագիծը, եթե մեծամասնությունը ձեւ չի անում եւ իրոք մտադրություն ունի երեբեւէ այդպիսի հայտարարություն ունենալ ձեռքի տակ` որպես արտաքին ճնշումներին դիմակայող գործիքակազմի բաղադրիչ, չընդունվեց փոխադարձ անզիջումության պատճառով: Վերջապես խորհրդարանականների ընդդիմադիր հատվածը համարձակվել էր այսպիսի նախագիծ բերել, չէ՞ որ ընդդիմությունը երբեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը կասկածի տակ դնող նախագիծ չի բերել խորհրդարան, ինչպես, ի դեպ, վարչապետ Փաշինյանն էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դա ընդդիմության երեսով տվեց: Ի դեպՙ այս մեկ հայտարարության ընդունմանը հասնելն ավելի կարեւոր նախաձեռնություն կլիներ ընդդիմության համար, քան նորից վերսկսած փողոցային պայքարը հոկտեմբերի 30-ի հանրահավաքով, որը չենք կարծում, թե հաջողություն կունենաՙ դրա համար հանրային պատրաստակամության նախապայման առկա չէ:
Նախագծի մի քանի դրույթ առանձնացնենք, հուսալով, որ միգուցե հայտարարության ավելի կոնսենսուսային տարբերակ կրկին խորհրդարան բերվի, այս պահին հարկավոր հենց Հայաստանի պառլամենտի տեսակետը որպես զսպաշապիկ առկա դարձնելով:
Նախագծում ձեւակերպված է Ադրբեջանի եւ Թուրքիայի` Արցախի Hանրապետության դեմ լայնամասշտաբ զինված ագրեսիայի դատապարտումը, Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններից հետո գերեւարման, պատանդառման եւ այլ հանցագործությունների արձանագրումը եւ բուն Արցախի տարածքի բռնազավթումը, ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք` սպառնալիքների ամենօրյա գործադրմամբ, Ադրբեջանի՝ պատերազմի հռետորաբանությունն եւ միջազգային հանրույթի մոլորեցումը, այս բոլորը շարունակվում է ՀՀ-ի եւ Արցախի տարածքների նկատմամբ ադրբեջանական հավակնություններով: Երկու դրույթ ամբողջությամբ մեջբերենք, որպես ելակետային.
Կարդացեք նաև
– Սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջեւ միջազգային իրավունքի վրա հիմնված համաձայնության միջոցով՝ Միավորված ազգերի կազմակերպության՝ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի, ի թիվս այլ դեպքերի, առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն:.
– Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը եւ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձեւաչափով:
Այս երկու դրույթից հետո հիշեցվում է ՀՀ Սահմանադրությունն, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ, որով.
ա) Հայաստանի Հանրապետությունը հետեւողականորեն սատար է կանգնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
բ) Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
Այս արձանագրումներին հետեւում է եզրակացություն, որ
ա) Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությանը ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում,
բ) Հայաստանի Հանրապետությունը չունի որեւէ միջազգային-իրավական պարտավորությունՙ հիմք ընդունելու որեւէ քարտեզով արձանագրված սահմանները,
գ) Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է:
Եվ նախագծով կա պահանջ Հայաստանի կառավարությանը՝զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով, որին հետեւում են հարակից մի շարք այլ պահանջներ:
Իշխանական մեծամասնությունը ընդդիմադիր «նարատիվ» համարում է սահմանադրական դրույթի այս կերպ ձեւակերպումը, թե ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որեւէ անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը: Չնայած սա սահմանադրական նորմի ուղղակի վերախմբագրում է, չենք կարծում, որ հանուն հայտարարության ընդունման ընդդիմությունը հենց տեղում չէր կարող հրաժարվել այս ձեւակերպումից, որովհետեւ վերը նշվածները հենց սա էլ նշանակում են:
Սա շատ կարեւոր հայտարարություն կլիներ, որ վալդայներում մեկ մարդ չկարողանար անառարկելի տոնով խոսել այլ պետության սահմանազատումից, որպես պարտադիր իրողություն, եւ նույն տրամադրվածություն ունեցող վարչապետն էլ նույն անառարկելի տոնով չխոսեր խորհրդային քարտեզներով սահմանազատման ընդունելիությունից:
*) Անգլերեն` narrative, այստեղ` «պատմողական»:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում