Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ դատապարտման ոչ մի խոսք չլսեցինք Ռուս եկեղեցու առաջնորդներից․ «Ազգ»

Հոկտեմբեր 30,2021 10:18

Տեղին ու արդար է այն զայրույթը, որն առաջացրեց Բաքվում Ռուս Ուղղափառ եկեղեցու նորանշանակ հոգեւոր առաջնորդ, ծայրագույն վարդապետ (архимандрит) Ալեքսիյ Նիկանորովի տված հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետա» թերթին:

Զայրույթ է պատճառել հատկապես նրա այն պնդումը, թե «Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջեւ հայկական պետության բաժանումից ի վեր չկա ոչ մեկ հուշարձան, կառուցված այս տարածքում, որը կարելի լինի անվանել հայկական»: Պարզվում է, որ Ադրբեջանում ծնված այս եկեղեցականը դեռեւս 2004 թ.ին Մոսկովյան հոգեւոր ակադեմիայում ավարտաճառ է պաշտպանած եղել «Քրիստոնեությունը կովկասյան Ալբանիայում» թեմայով, որտեղ, ըստ «Հնդեվրոպական քաղաքակրթություն» կազմակերպությունից Լուսինե Ազնաուրյանի հավաստիացման, հանգել է այն «բացառիկ» եզրակացության, որ «հազարավոր տարիների ընթացքում Ադրբեջանը գերազանցապես եղել է քրիստոնեական երկիր»:

Եվ, փոխանակ հարց տալու եւ բացատրելու, թե այդ ինչպե՞ս եղավ, որ իր կողմից «Ադրբեջան» հորջորջված այդ տարածքում (որը, ի դեպ, դեռեւս 7-րդ դարից սկսած արաբները կոչել են Էրմենիա) քրիստոնեությունը իսպառ վերացավ, առաջ է քաշում այսպես կոչված «Աղվանական գործոնը», որպեսզի դրա վրայով կամ միջոցով ցատկ կատարի դեպի Ուղղափառություն եւ ընդհուպ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցի:

Խնդրին անդրադարձ է կատարել նաեւ «Ազգ»-ի հիմնադիր կազմի անդամ, հայկական համակարգչային տառատեսակների առաջին ստեղծողներից Պավել Դալլաքյանը Մոսկվայից: Անհրաժեշտ ու կարեւոր մի քանի հղումներով ֆեյսբուքյան իր էջում նա հարցին մոտենում է մյուս կողմից՝ռուս մեծապետական (վելիկոռուսկի) հավակնություն եւ Ամենայն հայոց հայրապետի կրավորական կեցվածք, նկատի ունենալով հոկտեմբերի 13-ին (Կարսի պայմանագրի ստորագրման 100-րդ տարելիցի օր) Մոսկվայում Կիրիլ պատրիարքի, Ամենայն հայոց հայրապետի եւ Կովկասի մահմեդականների շեյխ-ուլ-իսլամ Փաշազադեի միջեւ եռակողմ հանդիպումը, որից, դատելով համապատասխան պաշտոնական հաղորդագրություններից, ըստ ինձ մի մուկ անգամ չծնվեց: Թեեւ Դալլաքյանն իր հոդվածում դավանաբանական կոպիտ սխալ է թույլ տալիս Հայ առաքելական եկեղեցուն վերագրելով ուղղափառություն, այսուհանդերձ նրա դիտարկումները, ինչ վերաբերում է Ռուս եկեղեցու նվաճողական քաղաքականությանը, տեղին են եւ մտահոգիչ, մանավանդ ներկա կացության մեջ, ուր շարունակվում է Մոսկվայի զիջողական կեցվածքը Բաքվին, եւ, զուգահեռաբար, Ռուս եկեղեցու քծնողական դիրքը թուրքո-ազերիականության նկատմամբ, բոլորն էլ մեր, ներառյալ արցախահայությունը, հաշվին:

Այլապես ի՞նչ անուն պետք է տալ հայր Ալեքսիյ Նիկանորովի բարբաջանքներին, որոնց մեջ միակ ճշմարիտն այն է, որ ներկայիս Ադրբեջան կոչվող ողջ տարածքը եղել է քրիստոնեական: Նա հարց չի տալիս, թե ո՞ւր գնացին այդ քրիստոնյաները, ի՞նչ եղան նրանց սրբատեղիները, որոնց ավերակների վրա բոլոր արձանագրությունները հայերեն ու հայատառ են: Նաեւ, գալով մեր օրերին, ինչո՞ւ եւ ո՞վ կործանեց Շուշիի Կանաչ ժամը, ինչո՞ւ ուղիղ նշանառության տակ առնվեց Ղազանչեցոց տաճարը, հայկական մյուս աղոթատեղիները: Ինչո՞ւ 30 տարուց ի վեր պահեստարանի է վերածվել Բաքվի առաջնորդանիստ՝ այժմ թափուր եկեղեցին: Ինչո՞ւ դատապարտման ոչ մի խոսք չլսեցինք Ռուս եկեղեցու առաջնորդներից:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031