Զարմանալի է, որ պատերազմի ավարտից հետո այս ժամանակահատվածը ՀՀ իշխանություններն արդյունավետ չեն օգտագործել գոնե Սյունիքի սահմանին համապատասխան ամրաշինական աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտության դեպքում հակառակորդի ագրեսիան հետ մղելու խնդիրը լուծելու համար։ Մի՞թե մտածում էին, թե թշնամին բավարարվելու է ձեռք բերածով։
Հազիվ թե… Ստացվում է, որ թշնամուն դիմադրություն ցույց չտալու և նահանջի հրաման արձակելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պայմաններ է ստեղծել, որ ոչ միայն Սյունիքին հարակից Արցախի տարածքները հենց այնպես հանձնվեն, այլև խախտվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։
Դրա արդյունքում է, որ հակառակորդն առանց որևէ դիմադրության հանդիպելու ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք, ու Ալիևն էլ իրենց գործողություններն էլ արդարացնում է նրանով, որ եթե դա Հայաստանի տարածքը լիներ, հայկական կողմից պաշտպանական դիրքեր կլինեին, այնինչ Հայաստանը չի ցանկացել պաշտպանել այդ տարածքները։ Առավել ևս, որ ՔՊ-ականները հերթով մեզ համոզում էին, որ Ադրբեջանը մեր տարածք չի մտել, այսինքն՝ արդարացնում էին թշնամական պետության քայլերը՝ հավաստելով, թե նրանք իբր իրենց տարածքներում են: Ընդհանրապես, այն հանգամանքը, որ ոչինչ չի ձեռնարկվում թշնամուն Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու համար, բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս։
Դրա համար էլ հանրության շրջանում կարծիքներ են շրջանառվում այն մասին, թե այդ իրողությունը շատ հնարավոր է, որ գաղտնի պայմանավորվածությունների արդյունք է։ Թերևս հարկ է, որ հանրության շրջանում առկա մտահոգությունները փարատելու համար այս հարցին հենց իշխանությունները սպառիչ պարզաբանումներ ներկայացնեն։ Սակայն կասկածները ցրելու փոխարեն իշխանություններն ամեն անգամ իրենց զիջողական գործողությունները փորձում են արդարացնել պատերազմի, բախման վտանգով։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե Սյունիքի հատվածում զորքերի նահանջի որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունն էինք կորցնելու և այլն։ Ի դեպ, նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ նշում էր, թե հարկ չկա Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսել։
Կարդացեք նաև
Այսպիսով, Փաշինյանը կարծես թե արդարացնում է իր իշխանության պարտվողականությունը, առկա ու սպասվելիք զիջումները և պետականությունը գլորում դեպի սուբյեկտայնության կորուստ։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»