Օրեր առաջ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն:
Տնտեսագետները թերահավատորեն են վերաբերվում 2022 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթում տեղ գտած թիրախային ցուցանիշներին:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ 2022 թվականի պետական բյուջեն ճիշտ պլանավորելու համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել 2021 թվականը:
«Խնդիրն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տնտեսական բլոկը սխալ են գնահատում 2021 թվականի սոցիալ-տնտեսական տվյալները: Դրա վառ ապացույցը վարչապետի հրապարակած մի շարք թվերն են. նա մասնավորապես հայտարարեց, թե այս տարի կունենանք կանխատեսվածից բարձր տնտեսական աճ՝ այն դեպքում, երբ հունվար-սեպտեմբեր ամիսներին ունենք 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 4.8 տոկոսից ավելի քիչ՝ 4.4 տոկոս ցուցանիշը: Արտահանման պարագայում ևս սխալ ցուցանիշ հնչեցվեց, թե՝ 20 տոկոսից ավել, այն դեպքում, երբ 17.2 տոկոս է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:
Կարդացեք նաև
Նա նաև հիշեցրեց, որ ի հեճուկս կառավարության գյուղատնտեսական ծրագրերի և բարձրագոչ հայտարարությունների՝ գյուղատնտեսության ոլորտում 1.5 տոկոս անկում կա, որն էական ազդեցություն է թողնելու գնաճի վրա՝ ինչպես այս, այնպես էլ՝ հաջորդ տարի: Այդ առումով նա պատահական չի համարում հաջորդ տարվա համար նախատեսված 5.5 տոկոս գնաճը:
Անդրադառնալով կառավարության «ռեկորդներին»՝ Սուրեն Պարսյանը մանրամասնեց. «Երբ խոսում ենք աշխատատեղերի և աշխատավարձերի աճի մասին, պետք է դա համադրենք պետական բյուջե մուտք գործող հարկերի հետ: Այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, եկամտային հարկի հավաքագրումներն ավելացել են ընդամենը 900 միլիոն դրամով՝ 2.6 տոկոսով, և Փաշինյանի հայտարարած 11.9 տոկոս աշխատավարձերի աճը, մոտ 20 հազար աշխատատեղերի ավելացումը, ըստ էության, որևէ ձևով չեն ապացուցվում. հարկային մուտքերը համաչափ չեն աճել:
Ստացվում է՝ ունենք կառավարության՝ իրականությունից կտրված կանխատեսումներ, ինչի վրա փորձ է արվում պլանավորել 2022 թ. պետբյուջեն: Ակնհայտ է, որ այդ բյուջեի մասով արդեն իսկ ունենք լուրջ խնդիրներ, քանի որ սխալ ենք գնահատել մեր հնարավորությունները»:
Ի դեպ, տնտեսագետն այս բյուջեն բնութագրում է որպես «Ամուլսարի շահագործումից կախված բյուջե»՝ արձանագրելով. «Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, իրենք կկարողանան իրենց 7 տոկոսանոց տնտեսական ակտիվությունը, եկամուտների հավաքագրումն ապահովել:
Ակնհայտ է նաև, որ նույնիսկ այդ 7 տոկոսանոց ակտիվության պայմաններում` նպաստառուների, թոշակառուների, նվազագույն աշխատավարձ ստացողների, պետական պաշտոնյաներից շատերի համար կենսամակարդակը նվազելու է՝ նրանք է՛լ ավելի են աղքատանալու, քանի որ 5.5 տոկոս գնաճ է նախատեսվում՝ այն դեպքում, երբ այս խմբերի համար թոշակները, նպաստները, աշխատավարձերը գրեթե չեն ավելանալու»:
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում