Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի բակում բացվեց 44-օրյա պատերազմում կրթօջախի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված հուշաքար:
Վրեժ Ավետիսյան, Սեյրան Պետրոսյան, Գրիգոր Գրիգորյան, Արայիկ Տիգրանյան, Հովհաննես Պողոսյան, Հարություն Շահնազարյան. նրանք դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներն են, մի քանիսը այն հազարավոր քաջերից, որ սեփական կյանքը նվիրաբերեցին հզոր ու պաշտպանված հայրենիք ունենալու հավատին։ Հայրենասիրություն խորհրդանշող այս անուններն այսուհետ ոսկե տառերով պիտի գրվեն Հայոց Հայրապետի անունը կրող դպրոցի պատմության մեջ։
Կարդացեք նաև
Հուշաքարի տեղադրման գաղափարը Հովհաննես Պողոսյանի դասընկերներինն էր եւ դպրոցի տնօրինությանը՝ կրթօջախի տարբեր սերունդների սրտերում հավերժացնելու նահատակների հերոսական անունները: Նրանց անավարտ թռիչքը ապրողների համար պիտի դառնա հզոր հայրենիք ունենալու հավերժական խոստում։
Հուշաքարի բացմանը ներկա էին հերոսների ծնողները, ընտանիքի անդամները, հարազատներ, տարբեր տարիների շրջանավարտներ, ուսուցիչներ, աշակերտներ, Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ։
Դպրոցի բակը կրկին բազմամարդ է, բակում յուրատեսակ դաս է. բացականերկան։ Հենց այդ բացականերն էլ այսօր կանցկացնեն դասը՝ իրական դաս տալով ներկաներին, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը՝ սիրել սեփական անձից առավել։
Նրանք բացակա են, քանի որ միացել են քաջերի երամին՝ իրենց անունը դրոշմելով հանուն հայրենիի նահատակված դյուցազունների պայծառ համաստեղությունում։
Միայն այսօր ուսուցիչներն էլ աշակերտ են. սովորում են իրենց սաներից, այն շրջանավարտներից, որոնց հենց իրենք են սովորեցրել լինել հայրենապաշտ, կյանքուկռվի անհավասար պայքարում հաղթել պատվով։ Ուսուցիչները լուռ են. նրանք էլ չգիտեն, թե որտեղ է ավարտվել ու աշակերտներին կորցնելու վշտի ու նրանց հերոս նահատակ գիտակցելու սահմանը։ Բայց մի բան հաստատ է՝ նրանց թաց աչքերում հպարտության զգացում կա. հայրենասիրության իրենց տված դասը տղաները լավ են սերտել։
Դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանի կարծիքով՝ նրանք այն տղաներն են, որ բարձր պահեցին ոչ միայն հայրենիքի, այլեւ դպրոցի պատիվը։ Նրանք այն քաջերն են, որ բազում այլ հայորդիների նման նվիրաբերեցին սեփական կյանքը՝ հավիտյան փակելով իրենց աչքերը հզոր հայրենիքի գաղափարի համար։
«Այդ գաղափարի հանդեպ մեծ հավատով սիրահոժար նահատակվեցին՝ սեփական արյունով ներկելով հայոց արնահունց հողը, այդ արյունով գծելով հայրենի երկրի սահմանները։ Եվ մենք՝ ապրողներս, պետք է գիտակցենք, որ այստեղ՝ Հայաստան կոչվող այս փոքրիկ հողակտորի վրա, մեր անելիքը մեծ է, պետք է շարունակենք մեր առյուծ որդիների կիսատ թողած գործը, իրականություն դարձնենք նոր եւ հզոր Հայաստան կերտելու նրանց մարմաջը»,-նշեց դպրոցի տնօրենը։
Որպես երկարամյա մանկավարժ՝ նա վստահեցրեց՝ նոր սերունդը վաղը կլինի առավել կազմակերպված, հաղթաշունչ, չարիքը դիմագրավելու պատրաստ եւ կարող հայություն։ Նա լիահույս է, որ այդ նոր սերունդը մեր հավիտենական թշնամու դեմ պայքարում ոչ թե անզոր ճիչեր կարձակի, ոչ թե կթմբկահարի գալիք վտանգի մասին, այլ ժամանակին կանի ամեն ինչ՝ չեզոքացնելով վտանգը։
«Հովհաննեսը սեր էր իր ողջ էությամբ, սեր դեպի հայրենիքը, մարդը, բնությունը։ Հենց այդ սիրուց դրդված՝ նա նախընտրեց արտերկրում ուսանելու փոխարեն պաշտպանել իր «մայրենիքը». այդպես էր նա անվանում Արցախը, քանի որ մայրն արցախցի էր»,-մեզ հետ զրույցում նշեց նրա դասվար Լուսինե Մարտիրոսյանը։
Կարգապահ ու ճշտապահ, ընկերներին օգնող ու կարեկից. այսպես է մշտապես հիշելու նրան դասղեկ Մելինե Հակոբյանը, որը շարունակելու է կրթել նոր հովհաննեսպողոսյաններ։
Դպրոցի բակում իսկական դաս է, հայրենասիրության, միասնության. հուշաքարը տղաների յուրատեսակ ներկայությունն է, որ գալիք սերունդներին ստիպում է անսալ՝ հայությունը ճակատագրորեն պետք է հարկադրված լինի հիշելու պատերազմի գործին ծառայող գիտությունների մասին եւ պատրաստվի հաղթանակի բերկրալի ժամին։ Նրանց սխրանքն ուղղակի հիշեցում է՝ անմիաբան ու անհամերաշխ ժողովուրդը միայն պատրաստի զոհ է իր հարեւանների համար. պետք է լինել միաշունչ, միակամ հայություն։ Ի դեպ, դպրոցի բակում 6 հերոսների անուններով խորհրդանշական եղեւնիներ տնկվեցին։ Մշտադալար եղեւնիները կխորհրդանշեն նրանց մշտարթուն ներկայությունն ու կրթօջախի տարբեր սերունդներին կզինեն նույն ոգով ու խիզախությամբ, կամքով ու արիությամբ, որ ունեին իրենք՝ ընտրյալները, լավագույնները։
«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն». Վազգեն Առաջինի այս խորիմաստությամբ են նրա անունը կրող դպրոցում առաջնորդվում ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ աշակերտները։ Այս դարբնոցում լիահույս են՝ ուժեղ ու կուռ Հայաստանը կուղղի իր մեջքը, կունենա հզոր բանակ, կրթված, հայրենասեր սերունդ, ուժեղի կողքին կունենա իր տեղը՝ վերագտնելով երբեմնի փառքն ու հեղինակությունը։
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2021