Բալետային արվեստում ժամանակակից, մոդեռն ուղղություններով իրականացված ներկայացումները մեզ մոտ տասնամյակների պատմություն չունեն։ Հանդիսատեսին հայտնի են բալետմայստերներ Ռուդոլֆ Խառատյանի, Ռիմա Պիպոյանի, Ժակլին Սարխոշյանի, Արման Բալմանուկյանի, Արա Ասատրյանի՝ վերջին տարիներին արված բեմադրությունները նշյալ պարաոճերում։ Երեւանի պարարվեստի քոլեջում շուրջ երկու տարի է՝ բացվել է մոդեռն պարի դասարանը։ Մասնագիտական շրջանակներում էլ հաճախ քննարկման, նույնիսկ վեճի պատճառ է դառնում այդ ոճերի տարանջատումը, ինչը բնական է։ Պարզապես անհրաժեշտ են շփումներն արտերկրում բնակվող մասնագետների հետ։ Ի դեպ, Մեծ Բրիտանիայում ժամանակակից պարաոճի հանրահայտ բալետմայստերներից է մեր հայրենակցուհին՝ Թինա Աֆիյան Բրեյովան։
2007թ. ֆրանսաբնակ բալետի արտիստ, բալետմայստեր Լիլիթ Վարդանյանը Երեւանի օպերային թատրոնում անցկացրեց ժամանակակից բալետի դասեր՝ նպատակ ունենալով իրականացնել բեմադրություն։ Արվեստագետին 2018թ. դարձյալ հանդիպեցինք Երեւանում, որը Երեւանի պարարվեստի պետական քոլեջի բարձր կուրսերի սաների մասնակցությամբ ձեռնամուխ էր եղել ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Ռենե Օվրիի երաժշտությամբ ժամանակակից խորեոգրաֆիայով «Ջրաներկ» բալետային ներկայացման աշխատանքներին։ Մեզ հետ զրույցում էլ ցանկություն էր հայտնել դարձյալ վերադառնալ հայրենիք, այս անգամ՝ խաչատրյանական «Գայանե» եւ «Դիմակահանդես» բալետների «նոր ընթերցում» իրականացնելու։ Ճանաչված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն էլ մեզ հետ զրույցում հայտնել էր հետեւյալը. «Ժամանակակից պարը պետք չէ շփոթել ժամանակակից բալետի հետ… Այն, ինչ ես բեմադրել եմ մեր թատրոնում՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», «Տանգո», «Զույգ արեգակներ», «Բոհեմ», «Ստաբաթ Մատեր» եւ այլն, արտահայտում են մերօրյա տեմպն ու ռիթմը՝ ինչպես խորեոգրաֆիայի, այնպես էլ գործողությունների իմաստով։ Վերջապես պետք է հասկանալ, որ եթե զինուժը երկրային սահմաններն է, բալետը երկնային տերիտորիան է, աշխարհն ուզում է ավելի մեծ հոգեւոր տերիտորիաներ վերցնել։ Ավելի լավ հեռուստացույց ու ավոմեքենա չենք կարող ստեղծել, բայց բալետով կարող ենք ցույց տալ հայկական ոգին ու պատմությունը։ Տեսեք՝ խոսքը քաղաքականացվում է, իսկ բալետի պարագայում ոչ ոք կասկածի տակ չի կարող դնել այն ասելիքը, ուղերձը, ինչը գալիս է պարի միջոցով»։
«Առավոտը» հյուրընկալեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ամբիոնի ռեժիսուրայի դասախոս Էլեն Արմազանին, ով վերջերս մասնակցել է Սանկտ Պետերբուրգի ժամանակակից պարի ակադեմիայում անցկացված ժամանակակից եւ ջազ պարաոճերի վարպետության դասերին։ Խնդրեցինք լայն ընթերցողի եւ բալետարվեստի երկրպագու հանդիսատեսի համար հնարավորինս պարզ ներկայացնել պարաոճերը. «Երրորդ անգամն եմ մասնակցել ժամանակակից պարի ակադեմիայում վարպետության դասերին։ Մի բան անվիճելի է. ժամանակակից, մոդեռն, ջազ եւ պարային մյուս բոլոր ուղղությունները ե՛ւ նման են, ե՛ւ բացարձակ տարբեր։ Կփորձեմ փոխանցել ճանաչված բալետմայստերների խոսքը այդ պարաոճերի մասին։ Մինչ այդ նշեմ, որ ժամանակակից՝ contemporary պարաոճը թույլ է տալիս մարմնի հետ վարվել մի կողմ դնելով բալետային օրենքները, այլ կերպ ասած՝ շարժումների անսահմանափակ ազատության հնարավորություն է տալիս։
Բալետմայստեր Լիլյա Բուրդինսկայան հավաստիացնում է, որ խորեոգրաֆը իր մտահղացումը պետք է բեմադրի սկզբում առանց երաժշտության, հետո նոր մեղեդի «հագցնի» բեմադրությանը։ Նա նույնիսկ նշում է, որ երաժշտությունը ընդամենն օժանդակում է, որ բեմադրությունը, ներկայացումը ավելի ընկալելի, մատչելի լինի հանդիսատեսին։ Հաճախ էր կրկնում, որ զգացմունքն ու էմոցիան տարբեր հոգեվիճակներ են։ Զգացմունքը դեռ էմոցիա չէ»։ Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ Մարիինյան թատրոնի մենապարող Յուրի Սմեկալովի հետեւյալ միտքը. որքան ստեղծագործողը զբաղված է, այդքան էլ շատ է նրա ժամանակը ստեղծագործելու համար, այսինքն՝ ժամանակակից կամ մոդեռն ոճերում կարելի է անդադար նոր ասելիք գտնել։ Իսկ, օրինակ, Սալեմահ Քնայթը հայտարարում էր, որ ջազ պարաոճը իրենց՝ սեւամորթների մոտ ավելի վաղ է առաջացել, քան պալատային ծագումով դասական բալետը։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ քանի որ ձեր ներկայացրած ճանաչված մասնագետների կարծիքներն էլ են ըստ էության տարաբնույթ, ստացվում է, որ, ասենք, հանդիսատեսը չի կարող տարբերակել ժամանակակից, մոդեռն, ջազ պարաոճերը, Էլեն Արմազանը պատասխանեց. «Վստահ եմ՝ հանդիսատեսը հենց թեկուզ երաժշտությունից, հագուստից, պարային շարժումներից կտարբերակի, քանի որ դրանք խիստ տարբեր են դասական բալետից»։ Հավելեց նաեւ, որ, օրինակ՝ Չայկովսկու «Կարապի լիճը» եւ համաշխարհային բալետային գրականության այլ գլուխգործոցներ վաղուց ներկայացվում են մոդեռնացված տարբերակով եւ հանդիսատեսը հիանալի տարբերակում է այն դասականից։ «Մի բան էլ. Մարիինյան թատրոնում Լեոնիդ Յակոբսոնի բեմադրությամբ «Սպարտակը» պարում են առանց պուանտների՝ սանդալներով, բայց սա չի կարելի ընկալել իբրեւ մոդեռն տարբերակ, քանի որ բալետմայստերը ուղղակի հավատարիմ է մնացել ժամանակաշրջանին»,- ավելացրեց Էլեն Արմազանը։
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ նախաձեռնել է 2022թ. ամռանը հանդիսատեսին ներկայացնել Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության «Ինչպես Դանթեն ստեղծեց դժոխքը» մասը՝ ժամանակակից պարաոճում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2021