Արթուր Հովհաննիսյանը՝ խոսքի ազատության սահմանափակման քննադատությունների մասին
Ազգային ժողովում ասում եք, թե ձեր նախագծով ուզում եք պաշտպանել լրագրողներին, ինչո՞ւ է ձեզ թվում, որ լրագրողներն անպաշտպան են, լրագրողները ձեր պաշտպանության կարիքը բացարձակ չունեն: Երեկ «Առավոտի» հետ զրույցում այս դիտարկմանն ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Լրագրողները ո՞նց չունեն, իրենք էլ են հենց չնույնականացած աղբյուրների թիրախում: Լրագրողների երեխա է թիրախավորվում, լրագրողները ֆիզիկական բռնության են ենթարկվում փողոցում ընդդիմության երթերի ժամանակ, ինչի՞ մասին է խոսքը: Իմ համար ԶԼՄ ազատությունը ժողովրդավարության գլխավոր ցուցիչներից մեկն է եւ այսօր Հայաստանում ժողովրդավարությունը ու առաջին հերթին ԶԼՄ-ներն ունեն պաշտպանության կարիք: Կներեք, բայց մեր հանրության մոտ լրիվ խառնվել է իրար արդեն՝ իրական լրագրողն ով է եւ ինչ է իրական լրագրությունը: Լրագրողների բարի համբավը շատ է նվազում, երբ դրան զուգահեռ առաջանում են ինչ-որ մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն լրագրության հետ: Հիմա ԱԺ-ում հարց ենք քննարկում, նախկին լրագրող Արեգնազ Մանուկյանը, որն աշխատում է 7or.am-ում՝ Քոչարյանին պատկանող կամ իր փողերով սնվող կամ միգուցե մի քանի աղբյուրներից, ասում է՝ բայց խի՞ պետք է լրագրողը երկրորդ աղբյուրից նյութը ստուգի: Հասկանո՞ւմ եք մենք ինչի հետ գործ ունենք: Սա խայտառակություն է, երբ լրագրողն ասում է՝ ես կարող եմ մի տեղ ուղղակի նյութը տեսնեմ, վերցնեմ հրապարակեմ ու դա է լրագրությունը»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվեց եւ այսօր քվեարկության է դրվելու Արթուր Հովհաննիսյանի համահեղինակությամբ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որով սահմանվում է՝ չնույնականացված աղբյուրներին, ֆեյքերին հղում տալու դեպքում ԶԼՄ-ն ինքն է կրելու պատասխանատվությունը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասել էր՝ «Արթուր ջան, մի՛ արեք, ոնց որ ես գնամ նյարդային վիրաբույժին ասեմ՝ լանցետդ այսպես բռնիր, չի՞ ասի՝ ա՛յ տղա, ս…ր եղի ստեղից: Կասի, չէ՞: Ո՞ւմ ես հարցրել, ո՞ւմ հետ ես զրուցել»:
Ուստի մեր հարցին՝ ո՞նց եք պատկերացնում մի ոլորտի մասին նախագիծ ընդունելը, երբ չի եղել ոլորտի փորձագետների հետ քննարկում, ընդամենը մեկ հանդիպում եք ունեցել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի հետ՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Քննարկումներ եղել են: Լեւոն Բարսեղյանի հետ քննարկում եղել է, կարծում եմ, Լեւոն Բարսեղյանը ըստ էության կարմիր գծերն անցել է՝ որոշակի արտահայտություններ անելիս, դրա համար ես դեռ կմտածեմ հետագա քննարկումների ընդհանուր շահառուների ցանկը: Բայց ամեն դեպքում ներառական քննարկումներ եղել են: Միգուցե ինչ-որ մեկի հետ 1 անգամ, ինչ-որ մեկի հետ 3 անգամ, բայց ես չեմ կարծում, որ քննարկող կողմը պետք է սահմանի, թե մենք իրար հետ քանի անգամ պետք է հանդիպենք: Այսինքն, հանդիպում ենք, առաջարկները լսում ենք, եթե ընդունելի են՝ ընդունում ենք»:
Կարդացեք նաև
Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ԶԼՄ-ները այլընտրանք չեն թողել, ստիպված են օրենքով կարգավորում, որովհետեւ բարեխղճության դաշտ չեն գալիս. «Ժուռնալիստիկան նաեւ պատասխանատվություն է ենթադրում: Լրագրողը վերցնում է նյութը, չգիտի որտեղից, դու ի՞նչ խղճով ես այդ նյութը տարածում: Դու մարդկանց ճիշտն ասես, մարդը ճիշտ կդասավորի իր կյանքը, խաբես՝ ինքը կգնա կկործանվի»: Դիտարկմանը, որ զրպարտության դեպքում դատի տվեք՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախագծի նպատակն է, որ ԶԼՄ-ները հասկանան՝ իրենք պատասխանատվություն ունեն»: Փոխանցեցինք՝ ձեզ մեղադրում են, որ ինքներդ լրատվական դաշտից եք դարձել պատգամավոր ու հիմա ոնց որ ուզենաք աքցանով լրագրողների ատամները քաշել, դուք, ձեր իշխանությունը պարբերաբար նախագծեր եք բերում ԶԼՄ-ների մասին՝ Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց. «Խի՞ եք անհանգստանում: Շատ օրենքներ առնչվում են, «Հարկային օրենսգրքի» փոփոխություններն էլ են ԶԼՄ-ներին առնչվում, հիմա ասենք ԶԼՄ-ներին ճնշո՞ւմ եք, այ քեզ բան»:
Դիտարկմանը, որ իրականությունից կտրվել եք, երկրում կարեւորագույն հարցերը թողած՝ ընկել եք ԶԼՄ-ների հետեւից՝ Արթուր Հովհաննիսյանը հորդորեց մի կարեւոր հարց ասել, որ լուծման փուլում չի: Պատասխանեցինք՝ անվտանգության հարցերն են օրակարգի թիվ մեկ հարցերը՝ Արթուր Հովհաննիսյանի պատասխանը հետեւյալն էր. «Չե՞ք հետեւում իրադարձություններին, չե՞ք տեսնում մեր մեկնաբանությունները՝ անվտանգության ուղղությամբ»: Երբ ասացինք՝ մեկնաբանություններ տեսնում ենք, առաջընթաց չենք տեսնում՝ նա արձագանքեց. «Դուք չեք էլ կարող տեսնել առաջնագծում փոփոխությունները, չի էլ կարելի դա տեսնել: Չի թույլատրվում ու այդպես էլ պետք է դա լինի»:
ՔՊ պատգամավորը վրդովված էր ընդդիմության գնահատականներից, թե խոսքի ազատությունն են սահմանափակում. «Ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ է այդ խոսքի ազատությունը, ցույց տվեք ինձ, ենթադրաբար ինչ-որ մի խոսք, մի բառ պետք է սահմանափակվի: Ցույց տվեք գործնականում կա՞ նման բան: Ոչ ոք չի պատասխանում, այդտեղ է իմ վրդովմունքը, որ քաղաքական դիվիդենտներ են փորձում շահել»:
Ասացինք, որ սա շղթայի մաս է, որովետեւ ձեր իշխանության օրոք է, որ պատգամավորների խոսափողներն այսքան հաճախ անջատում են, ՀՀԿ-ի ժամանակ այդպես չէր՝ Հովհաննիսյանը ճշտեց. «Ոչ թե մեր իշխանության ժամանակ է, այլ՝ այս ընդդիմության ժամանակ է: Այս ընդդիմությունը ռեւանշիստներ են, վրեժի ծարավով լցված, որը ոչ թե ուզում է մեզ հեռացնի իշխանությունից, այլ Ռոբերտ Քոչարյանին բերի իշխանության»: Զարմացանք, ցանկացած ընդդիմություն ուզում է գալ իշխանության, դա նորմալ է՝ պատգամավորը պատասխանեց. «Չկա նման բան: Եղանակներն են կարեւոր: Երբ որ ընդդիմությունը ոչ բովանդակային դաշտ է տեղափոխվում, մենք արդեն գործ չունենք ընդդիմության հետ: Ըստ էության, մենք գործ ունենք ռեւանշիստների հետ»: Հիշեցրինք՝ Փաշինյանի ելույթները պակա՞ս էին, ՀՀԿ-ն նրա խոսափողը չէր անջատում՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Ցանկացած մեկը, ով կարմիր գծերը կանցնի, մեր խմբակցության եւ մեր կառավարության արձագանքը ասիմետրիկ է լինելու»: Այսինքն, ՀՀԿ-ականներն ավելի հանդուրժո՞ղ էին՝ նա պատասխանեց. «Այդ համեմատականը ես չեմ ընդունում: ՀՀԿ-ականները կոռումպացված, քաղաքական սպանություններով լի պատմություն ունեն, դրա համար ես խնդրում եմ մեր իշխանությանը չհամեմատեք ՀՀԿ-ի հետ»: Նա պնդեց, որ այս իշխանությունների օրոք խոսքի ազատության հետընթաց չի տեսնում: Դա նրանից է, որ իրականությունից կտրվա՞ծ եք, նախկինում ԱԺ ամբիոնի մոտ խոսացողի թեւերից չէին մտնում ու լռեցնում՝ մի բառի համար՝ նա պատասխանեց. «Նախկինում խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը ռեւանշիստներ չէին, այստե՛ղ է գլխավոր տարբերությունը: Հիմա խորհրդարանում հայտնվել են ռեւանշիստական ուժեր, որի հետ մենք պետք է հաշվի նստենք ու շարժվենք ըստ այդմ: Եվ մենք շարժվում ենք ըստ այդմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2021