Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կտավներ՝ ինչպես էքսպրոմտ գրված բանաստեղծություններ

Հոկտեմբեր 30,2021 12:30

Բացվեց Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը

Ռաֆայել Ջավախյանի անհատական ցուցահանդեսը մի անգամ եւս առիթ տվեց մտորելու հանկարծաստեղծ արարման շուրջ, քանի որ, ինչպես գեղանկարիչն է ընդգծում, իր բոլոր գործերը ստեղծել է առանց նախապատրաստության, շատ արագ՝ բացարձակապես վերանալով իրականությունից, ապրումի գերլարվածությամբ, ասես՝ ամեն անգամ հոգեպես պոկվելով իր իսկ մարմնեղեն էությունից։ Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում ներկայացված գործերը հայրենի աշխարհից ոգեշնչումներ են, որոնք վառ-բխուն, խիտ երանգներով ոչ միայն իրականության արտացոլանքն են, այլ երբեմն՝ աբստրահարման աստիճանի ընդհանրականացված գունապատկերներ։ Սակայն հարազատ բնաշխարհի, գյուղաշխարհի անկյունները ճանաչելի են, երբեմն էլ այն տպավորությունն ունես, թե ուղղակի կտավին արձանագրում է այն թանկն ու անկրկնելին, որը վտանգված է, որը սիրելու, փայփայանքով պահելու, որը պաշտպանելու կարիքն ունի։

Լոռվա զավակ է Ռաֆայել Ջավախյանը. ոնց պահապան է եղել իր երկրին՝ Արցախյան շարժման ակտիվիստներից լինելով եւ ապա լրացնելով ազատամարտիկների շարքերը, այնպես էլ որդիական նվիրվածությամբ պահպանել է Ալավերդի քաղաքի պատկերասրահի գանձերը՝ համառորեն պայքարելով, որ մշակույթի այս օջախը չփակվի, չփոշիանա։ Իր համոզմամբ՝ ցանկացած բնակավայրի դեմքն իր մշակույթն է, իսկ պատկերասրահը կորցնելը նշանակում էր կորցնել այդ յուրահատուկ դիմագիծը։ Ու արդեն 35 տարի տնօրինելով Հայաստանի պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի աշխատանքները՝ նա պահապանն ու մշակն է իրեն վստահված մշակույթի օջախի։ Ասում է՝ շատ արվեստագետների է ներկայացրել նրանում, սակայն ինքը հաճախ է ձեռնպահ մնացել սեփական արվեստը ցուցադրելուց։ Իր զավակների պնդմամբ է նախաձեռնել երեւանյան ցուցադրությունը, որ իմ գնահատմամբ, իր արվեստի համահավաք պատկերն է։ Շրջելով սրահում եւ վայրկյաններ կանգնելով ամեն կտավի առջեւ՝ նա բարձրաձայնում էր այն ապրումները, որոնք ունեցել է այս կամ գործը ստեղծելիս։ Ասենք, Արագածի վեհափառ գագաթներն իրեն երեւացել են մշուշված, ցերեկվա ժամին մութն ու լույսն այնպես են իրար հաջորդել, որ թվացել է՝ երեկո է։ Կտավին այս ամենը կենդանի արտացոլված է։ Եվ դիմել է Աստծուն՝ աղերսելով՝ հնարավորությո՜ւն տուր տեսնելու լեռանն իջած լույսը. եւ գագաթների վերեւ երկինքը պարզվել է…

Ալավերդու պատկերաշարերը մեկը մյուսից զանազան են՝ օրվա եւ եղանակների տարբերություններով, դիտակետերի ընտրությամբ, սրանցով պայմանավորված՝ Լոռվա լեռնաշխարհը գուներանգների լայն սպեկտրով ներկայացնելով։ Նույնը՝ գյուղաշխարհի պատկերներում է. անգամ լքված բնակավայրը կենդանի, շնչող գույներով է արված, ու ոչ թե սուգ ու ցավ կա նրանում, այլ՝ գեղեցկություն, գույնի պայծառություն։ Ամեն կտավում նշմարվում է սերը, որ բազմազան արտահայտություններ ունի՝ գուներանգների ընտրության եւ զգացմունքների առատության առումով, բնաշխարհի անկրկնելիության ու վեհության ընդգծմամբ, գյուղաշխարհի պայծառ եւ անդրդվելի թվացող խաղաղությամբ…
Ռաֆայել Ջավախյանը նաեւ քանդակագործ է, եւ իր արած՝ փոքր չափի քանդակներից նույնպես ցուցադրված են երեւանյան ցուցասրահում։ Իր համար նյութի ընտրությունը եւս պահի թելադրանքով է պայմանավորված։ Հոր գլուխը քանդակել է հողից. այդ պահին հողից բերքահավաքով էր զբաղված, ու գաղափարը տվել է հենց հողը։ Եվ սրանում ես մեծ խորհուրդ եմ տեսնում։ Հողն է հուշում՝ դու՝ հողեղենդ, պահիր եւ սերունդներիդ փոխանցիր այն, ինչ անհիշելի ժամանակներից քեզ ժառանգել են նախնիներդ. այդ հողը քո նախնյաց փոշիացած ոսկերքն են, որ հումուս են դարձել վրան աճող ծառի, ծաղկունքի, պտղի։ Արմատներ ձգիր այս հողում, որպեսզի մի օր քո հայ սերունդն ապագա պտղահավաքներին հող դարձած քո մարմինը քանդակեղեն պատկերով ներկայացնի՝ իբրեւ եկող ժամանակների նոր արվեստ…

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031