Այսօրվա իրականությունում գրեթե անհնար է պատկերացնել մանկությունն առանց մուլտֆիլմերի։ Երեխաներին կարելի է գրավել վառ գույներով, բարձր ձայներով, սուպեր հերոսների կերպարներով եւ այլ հնարքներով։ Մուլտֆիլմերը երեխայի վրա ունենում են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։ Անահիտ Մաթեւոսյանը պատմում է, թե ինչ ազդեցություններ են տարբեր մուլտֆիլմեր թողել իր 3-ամյա աղջկա վրա. «Սկզբնական շրջանում տարբեր մուլտֆիլմեր էինք դիտում, որպեսզի հասկանանք, թե որոնք են ավելի հարմար իր տարիքի համար։ Օրինակ՝ առաջին հայացքից անմեղ թվացող սովետական մուլտֆիլմերից «Դե սպասիր»-ը, որը պարունակում է ծխելու տեսարաններ, որոշ ժամանակ դիտելուց հետո, մի օր լուցկու հատիկները շարել էր բերանում եւ նմանակում էր գայլին։ Իսկ «Մաշան եւ արջը» մուլտֆիլմից կրկնօրինակում էր արջին բնորոշ ձայները, ինչը առաջացնում էր խոսքային դժվարություններ։ Ամենավատ ազդեցությունը թողել է «Նաստյան եւ հայրիկը» հոլովակաշարը։ Այնտեղից սկսել էր շատ բաներ կրկնօրինակել, օրինակ՝ քնած ժամանակ հոր վրա ջուր լցնել կամ իր քմահաճույքները լացի միջոցով առաջ տանել։ Ես նրանց ալիքի հասանելիությունն արգելափակեցի, որպեսզի այլեւս չտեսնի այդ հոլովակները»:
Հոգեբան Քնարիկ Ղազարյանը ներկայացրեց, թե ինչ վատ հոգեբանական ազդեցություններ կարող են թողնել մուլտֆիլմերը երեխաների վրա. «Մուլտֆիլմերը կարող են վատ ազդեցություն ունենալ երեխաների հոգեկան զարգացման վրա։ Մուլտֆիլմեր նայելով, 1-1,5 տարեկան երեխան կարող է ունենալ խոսքային դժվարություններ, կորցնել կենտրոնացումն ու ուշադրությունը։ Կան նաեւ մուլտֆիլմեր, որոնք առաջացնում են վախեր։ Շատ սուպերհերոսներին կրկնօրինակումները կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների։ Այսպես, երեխան կրկնօրինակելով մուլտֆիլմի հերոսներին՝ սկսած հագուստից, խոսքից, վարքից, կարող է կորցնել իր սեփական «ես»-ը»: Հոգեբանը նաեւ տվեց մի քանի խորհուրդ, թե ինչպես խուսափել մուլտֆիլմերի թողած վատ ազդեցությունից. «Առաջին հերթին պետք է ընտրել կարճ եւ ասելիք ունեցող մուլտֆիլմ։ Շատ կարեւոր է, որ ծնողը երեխայի հետ միասին դիտի մուլտֆիլմերը, իսկ հետո միասին քննարկեն, թե ինչը դուր եկավ երեխային, ինչը՝ ոչ, կամ ինչը կփոխեր ինքը։ Եթե երեխան դեռ նոր է սկսում խոսել, քննարկման ժամանակ կարելի է նոր բառեր սովորել, այնուհետեւ արդեն բառակապակցություններ»։
Խոսելով մուլտֆիլմերի մասին, որոնք դրական ազդեցություն են ունենում երեխայի վրա՝ Անահիտն ասաց. «Մենք արդեն ֆիլտրել ենք մուլտֆիլմերի ցանկը, որոնք դիտում է աղջիկս։ Նախընտրությունը տալիս ենք հայալեզու մուլտֆիլմերին։ Կարծում եմ՝ Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը շատ ստացված են եւ բավականին ուսուցողական են։ Աղջիկս մեծ հետաքրքրությամբ է նայում «Վիշապագորգը» եւ «Անահիտ» մուլտֆիլմերը»:
Ելենա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
3-րդ կուրս
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
29.10.2021