Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ Հայաստանն էլ պետք է երեխաներին քովիդի դեմ պատվաստումների ճանապարհով գնա». Լիլիթ Մարության

Հոկտեմբեր 30,2021 16:00

Քովիդ համավարակի իրավիճակը շարունակում է լարված մնալ, ամեն օր վարակից մեծ թվով մահացություն է գրանցվում, օր օրի նոր դեպքերի թիվն ավելանում է, այն հատել է 2000-ը։ Պատվաստումների գործընթացն էլ դանդաղ է առաջ գնում՝ մոտ 7% է։

«Ուիգմոր Քլինիք»- մանկաբույժ իմունիզացիայի ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ վարակի նման տարածվածության պատճառը, բնականաբար, բնակչության՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է, պատվաստման գործընթացի ոչ բավարար ընթացքը, եւ իհարկե, շրջանառվող Դելտա շտամը, որի վարակելիությունն, ի տարբերություն նախորդների, ավելի բարձր է։

«Արդեն կես տարի է պատվաստանյութերը կան մեր երկրում, պատվաստման գործընթացը կես տարի է սկսել է, քիչ ժամանակ չէ, բայց կան երկրներ, որտեղ կես տարուց էլ քիչ ժամանակահատվածում պատվաստումների 80-85%-ի են հասել, ինչը բավարար է, որպեսզի իրավիճակի բարելավում լինի»,-նշում է մասնագետը։

Կան օրեր, երբ պատվաստվողների թիվը մի քիչ ավելանում է, սակայն բժիշկն ասում է՝ մի օր մի քիչ ավել, մի օր մի քիչ պակաս պատվաստման ցուցանիշը իրավիճակ չի փոխում, եթե պատվաստումների ընդհանուր ցուցանիշն ընդամենը 7% է. «Սա շատ-շատ քիչ է։ Դելտա շտամի դեպքում, որպեսզի կոլելտիվ իմունիտետի դրական արդյունք լինի, պահանջվում է 85% ընդգրկվածություն։ Եթե առաջին շտամերի դեպքում փորձագետները նշում էին 60-70%, հիմա այս շտամն ավելի վարակիչ է, ուստի ավելի շատ մարդ պետք է ընդգրկել պատվաստումներում»։

Տիկին Մարությանի դիտարկմամբ՝ այս 7%-ն էլ ի հաշիվ ՊՇՌ թեստի կամ պատվաստման հավաստագրի պահանջի էր. «Ու էլի շատերը նախընտրում են ինչ-որ ճանապարհներ գտնեն՝ թեստեր անեն, նաեւ կան մարդիկ, ովքեր հավաստագրերը գնում են։ Սա վտանգավոր է, պետք է իրավապահներն այս ուղղությամբ շատ ուշադիր լինեն»։

Հիշեցնենք, հինգշաբթի օրը կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցեց՝ քովիդ դրական 30, 433 քաղաքացիներից պատվաստված են 1702-ը, հոսպիտալացված 3100 քաղաքացիներից պատվաստված են ընդամենը 96-ը, իսկ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ 1500 ծայրահեղ ծանր հիվանդներ են, ընդամենը 5-ն են պատվաստված։ Նախօրեին գրանցվել է 38 մահվան դեպք:

Բժիշկ Մարությանն ասում է՝ վարակի նման բարձր տարածվածության համար բոլորն են պատասխանատու, եւ մեղավոր են բոլորը՝ սկսած քաղաքացիներից, որոնք դիմակ չեն կրում, վերջացրած այն մարմիններից, որոնք կարգ են հաստատում եւ չեն հետեւում դրա իրականացմանը։

Ապատեղեկատվության ազդեցության մասին էլ բժիշկն ասում է՝ ցավոք, կան մի քանիսը, որոնք մասնագիտությամբ բժիշկ են, բայց ապատեղեկատվություն են տարածում. «Սա խնդիր է, որովհետեւ, երբ ասում են՝ պետք է պատվաստվել, շատերն ասում են՝ ինձ բժիշկն այլ բան է ասել։ Չի կարելի լինել բժիշկ ու տարածել հակագիտություն, դրա համար այդ մարդը պետք է պատասխանատվություն կրի։ Երբ սպիտակ խալաթավորը նման կարծիք է տարածում գիտակցաբար ու սոցցանցերում տարածում, դա հանցագործություն է, որովհետեւ համավարակի պայմաններում բժիշկը երբ տարածում է ապատեղեկատվություն, դա հանցագործություն է։ Դրա համար պետք է նստեն մտածեն թե ինչ պատիժ պետք է լինի նման դեպքում։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում նման վարքի բժիշկը զրկվում է բժիշկ կոչվելու իրավունքից, իսկ մեր երկրում, ինչպես եղել է նախորդ պատվաստումների ժամանակ, այդպես էլ շարունակվում է, անպատիժ մնալը շարունակվում է եւ սա ինչ-որ ձեւ պետք է վերացնել»։

Իր աշխատանքային փորձից ելնելով տիկին Մարությանը նկատում է՝ երեխաների շրջանում էլ ավելացել են քովիդի դեպքերը, իրենց կլինիկա շատ են դիմում ծնողները, երբ երեխաները ջերմում են կամ քթից հոսում է, սա, իհարկե, այս սեզոնին շատ տարածված գանգատ է ու ծնողները ոչ էլ կասկածում են, որ քովիդով վարակված են։ Ընդ որում, ըստ բժշկի, աճել է ոչ միայն քովիդի, այլեւ շնչառական վարակներով հիվանդների թիվը։ Բժիշկներն արձանագրում են, որ ի տարբերություն մեկ տարի առաջվա դեպքերի, այսօր Դելտա շտամով հիվանդացությունը երեխաների ու երիտասարդների մոտ կլինիկորեն ավելի ծանր է ընթանում։

Սեպտեմբերին ուսումնական հաստատությունների բացվելն էլ դեր խաղաց հիվանդացության տարածման գործում, բայց բժիշկն ասում է՝ դրանից առաջ էլ կանխատեսումներ կային, որ նոր ալիք է լինելու, որովհետեւ երեխաները տարածող են եւ քանի որ մինչեւ 18 տարեկան անձը չի կարող պատվաստվել,18-ից բարձր տարիքի բնակչությանը եթե պատվաստեինք, էլի 0-18 տարեկանները տարածելու էին, եւ վարակի շղթան չէր փակվելու. «Դրա համար է, որ շատ շատ երկրներ սկսել են պատվաստել 16 տարեկանից։ Արդեն մի քանի օր է, տարբեր երկրներում որոշում են ընդունել 5-11 տարեկաններին էլ պատվաստել, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ մինչեւ նշված տարիքն էլ չընդգրկվի՝ կոլեկտիվ իմունիտետը չի հասնելու այն մակարդակին, որ կանգնեցնի վիրուսի տարածումը։ Կարծում եմ Հայաստանն էլ պետք է այդ ճանապարհով գնա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031