Իրավապաշտապան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը երեկ հրավիրվել է ՔԿ-ի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին։ Նա հարցաքննվել է որպես տուժող։
«ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը այս տարվա հոկտեմբերին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ «Ծանր Վիրավորանք» հոդվածի մշտադիտարկման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել հանցագործության մասին հաղորդում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանին Youtube.com կայքում ծանր վիրավորանք հասցնելու առթիվ։
Aravaot.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այս, իր խոսքերով ասած՝ անընդունելի, աննորմալ հոդվածի հիման տարբեր մարդկանց, այդ թվում իր հասցեին տարբեր տեղեր ծանր վիրավորանքներ հասցնելու համար քրեական գործ է (սա հանրայն մեղադրանքի գործ է, քանի որ պայմանավորված է նախորդ կարգավիճակով, որպես Արցախի հանրապետության ՄԻՊ) հարուցել, իրեն հրավիրել են որպես տուժող, հարցաքննվել է։ Բայց այստեղ մի «նրբություն» կա․ իրավապաշտպանը նշեց՝ նման դեպքերում բոլորը պետք է տուժող ճանաչվեն, հարցաքննվեն, եւ այս հոդվածով առաջին քրգործը Նիկոլ Փաշինյանին վիրավորելու առնչությամբ էր, սա նշանակում է Փաշինյանը նույնպես պետք է տուժող ճանաչված լինի, նույնպես պետք է հարցաքննված լինի․«Հիմա հետաքրքիր է իմանալ՝ արդյոք նա ճանաչվել է տուժող, հարցաքննվել է որպես տուժող, հակառակ դեպքում գործ կունենանք կրկնակի ստանդարտների հետ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է կատարել Մանվել Գրիգորյանի որդին, իրավապահ մարմիններում նյութեր էին պատրաստում։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ սոցիալական ցանցում Փաշինյանի լուսանկարի ներքո գրառում էր կատարել, իրավապահները սա դիտարկել են որպես ծանր վիրավորանք, եւ սկսել զբաղվել դրանով։
Կարդացեք նաև
«Սա այն օրենքն է, որը ՔՊ-ի «փայլուն» իրավաբաններն ընդունել են։ Աննորմալ հոդված է, այն այժմ ՍԴ-ում է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա պատմեց, որ հարցաքննության ժամանակ քննիչներին ներկայացրել է՝ այն քաղաքացին, որն իրեն թույլ է տվել նման վիրավորական բառեր հնչեցնել իր հասցեին, այդ անձը, մեծ հաշվով, ակամա գտնվում է այլ անձանց ուղղորդման ներքո․«Այդ անձինք երկար տարիներ պայմանավորված իշխանությունների նկատմամբ իմ կեցվածքով, քննադատությամբ, ստեր են տարածել իմ մասին, որի հիման վրա ատելություն են սերմանել իմ եւ այլ գործիչների նկատմամբ։ Այս հոդվածով է անհրաժեշտ է պարզել արարքի օժանդակողներին եւ դրդիչներին»։
Արդյոք մեղադրյալ կա՞, մեր այս հարցին ի պատասխան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ քննիչից չի հետաքրքրվել՝ այդ անձին հայտնաբերե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են կատարում նրան հայտնաբերելու մասով․«Բայց քրեական օրենսգրքի համաձայն, վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր տեղեկացնել ինձ՝ եթե որեւէ մեկը որպես մեղադրյալ ներգրավված լիներ, ապա ես այդ մասին պետք է իմանայի։ Եթե չեն տեղեկացրել, ապա կարող եմ հետեւություն անել, որ որեւէ մեկը տվյալ քրգործով որպես մեղադրյալ ներգրավված չէ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ