«Ստեփան Սաֆարյանը շատ քննադատողաբար է վերաբերվել իր գործունեության հանդեպ հնչած բազում քննադատությունների: Ես այդպիսի որևէ քննադատության համար դատական հայց չեմ ներկայացրել: Տվյալ պարագայում իրավաբանները միակարծիք են, որ արված արտահայտություններն ուղղակի անձին վիրավորելու միտումնավորություն են ունեցել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանի այն կարծիքին, թե Ստեփան Սաֆարյանը քաղաքական գործիչ է և պետք է հանդուրժող լինի իր հանդեպ քննադատություններին, այսպես պատասխանեց Հանրային խորհրդի (ՀԽ) նախկին նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք՝ Ստեփան Սաֆարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 ժամ» ՍՊԸ-ի՝ պահանջելով ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և փոխհատուցել՝ պատասխանողներից յուրաքանչյուրից 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է եղել լրատվականում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառումը։
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը հրաժարվեց «168 ժամ»-ի մասով դատական հայցից: Այս առիթով Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց. «Որոշումը պատճառաբանվել է նրանով, որ հայց ներկայացնելու պահին ընդամենը երկու աղբյուր է հայտնի եղել՝ մեկը Իգոր Խաչատուրովը, որի անձնական էջում չի հայտնաբերվել տվյալ գրառումը, մյուսը՝ 168.am-ը, որի էջերում տեղադրված է եղել գրառումը: Քանի որ մինչև դատական քննությունը հնարավոր չէ պարզել՝ նրանցից որ մեկն էր սկզբնաղբյուրը, հայց ներկայացվել է երկու պատասխանողի դեմ: Ըստ էության՝ Իգոր Խաչատուրովն իր վրա է վերցրել, որ ինքն է ասել: Միայն վերջերս մենք փաստաբան Արամազդ Կիվիրյանից գրություն ենք ստացել այն մասին, որ թերթը բացարձակապես պատասխանատվություն չի կիսում, քանի որ Իգոր Խաչատուրովն է դա ասել, և իրենք ընդամենը փոխանցել են հանրությանը: Հետևաբար, այս իրավիճակում բնականաբար, եթե Իգոր Խաչատուրովն ընդունում է, որ ինքն է ասել, ոչ թե թերթն է իրեն վերագրել, և թերթը պատասխանատվություն չի կրում դրա համար, դրա համար պատասխանողներից մեկը դուրս է գալիս»:
Իգոր Խաչատուրովի դեմ ներկայացված հայցի առիթով Ստեփան Սաֆարյանը պնդեց՝ իրեն վիրավորելու միտումնավորություն են ունեցել: Պատասխանող կողմի այն պնդումներին, թե այդ հայտարարություններն ունեցել են գնահատողական բնույթ, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Տվյալ պարագայում իրավաբանները միակարծիք են, որ արված արտահայտություններն ուղղակի անձին վիրավորելու միտումնավորություն են ունեցել: Հետևաբար, դրանք որակել՝ որպես գնահատողական դատողություն կամ քննադատական խոսք, չեն կարող: Ուզում եմ հիշեցնել՝ ըստ էության Իգոր Խաչատուրովն ընդհանրապես այս գործում չպիտի լիներ, քանի որ կարծեք թե հեռակա քննադատություններն ընթանում էին ՀԽ նախագահ Ստեփան Սաֆարյանի և իր հայրիկի՝ Յուրի Խաչատուրովի միջև: Հարց է ծագում՝ ինչո՞ւ Ստեփան Սաֆարյանը հայցադիմում չի ներկայացրել Յուրի Խաչատուրովի դեմ Բաղրամյան պողոտայում ունեցած իր ելույթի և իմ անվան շահարկման՝ այդ թվում և վիրավորանքներով համեմված: Նույն տրամաբանությամբ, քանի որ հասկացել ենք, որ այդ նույն իրավիճակում որքան էլ այն վիրավորական տարրեր պարունակել է, ՀԽ նախագահ Ստեփան Սաֆարյանը Յուրի Խաչատուրովին դատի չի տվել, թեպետ դա անել կարող էր: Ավելին,Ստեփան Սաֆարյանը նախընտրել է Յուրի Խաչատուրովին շատ կոռեկտ պատասխանել: Միգուցե տեքստը Յուրի Խաչատուրովին դուր չի եկել: Դա այլ հարց է: Ես այդպիսի խնդիր չեմ դրել, որ դա Յուրի Խաչատուրովին դուր գա, բայց հաստատապես առանց Յուրի Խաչատուրովի անձը վիրավորելու ես պատասխանել եմ նրան: Հետևաբար, եթե ես հայցադիմում ներկայացնեի, ես կներկայացնեի Յուրի Խաչատուրովի դեմ, բայց ես դա էլ չեմ արել: Հետևաբար հարց է ծագում՝ այդ ի՞նչ պատահեց, որ Իգոր Խաչատուրովը որոշեց վիրավորանքներով համեմված այդ գրառումը կատարել, որը մի քանի կայք արագորեն տեղափոխեցին իրենց էջերը: Այնպես որ, դա գրառում չէ, դա եղել է մամուլին հայտնած տեսակետ»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ Իգոր Խաչատուրովի փաստաբանն ասում է՝ «Քիրվա» նշանակում է բարեկամ, և Ստեփան Սաֆարյանը, լինելով Հանրային խորհրդի նախագահ, երբևէ իր բացասական վերաբերմունքը չի արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների, բարեկամության վերաբերյալ, ուստի պետք է որ չվիրավորվի, երբ իրեն ասում են թուրքի բարեկամ», Ստեփան Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Միայն քիրվան չէ. այնտեղ այլ վիրավորական բառեր նույնպես կան, և դրանք են խնդիրը: Թող իզուր ուշադրություն չշեղեն: Իմ ընտանիքը ոչ քիրվա է ունեցել, ոչ դոստ: Բայց այդքանով հանդերձ, սա չեմ ասում՝ որպես հեգնանք կամ արհամարհանք այն ընտանիքների նկատմամբ, որոնք սովետական ժամանակ դոստ կամ քիրվա են ունեցել: Մեր ընտանիքը պարզապես դիստանցիա է պահել այդ ազգից: Խնդիրն այդ բառի մեջ չէ, այլ մյուս անձնական վիրավորանքների մեջ, որոնք հասցվել են և որի համար օրենսդրությունը նախատեսում է արդար պատիժ»:
Անդրադառնալով այն պնդումներին, թե Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով, եթե կա հանրային շահ, ապա հայտարարությունը չի կարող վիրավորանք որակվել, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Երկար-բարակ հայցադիմումին պատասխան են ներկայացնում, թե այսինչ գործը, այնինչը: Որևէ գործ, այդ թվում ՄԻԵԴ-ում քննված, իհարկե, նախատեսում է արտահայտչամիջոցի որոշակի ազատություն, բայց, ներեցեք, դա ամենևին չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ մարդը հայցով հիմնավորում է, որ, այո, ինքն արել է նման հայտարարություն, քանի որ իր հայրիկին բան ասող է եղել: Ներեցեք, սիմետրիկ պատասխանի հարթություն տեղափոխելու որևէ բան չկա, քանի որ պատմությունը սկսվել է Բաղրամյան պողոտայում Յուրի Խաչատուրովի կողմից ՀԽ նախագահի հասցեին արված հայտարարությամբ, որին հետևել է կոռեկտ գրառում-պատասխան՝ առանց որևէ ձևով Յուրի Խաչատուրովի անձը վիրավորելու: Հետևաբար, այս իրավիճակում ուղղակի ներկայացնել, թե Յուրի Խաչատուրովի որդին որևէ իրավունք ունի որևէ մեկին վիրավորելու, ՀՀ որևէ օրենքը նման իրավունք ոչ մեկի համար, այդ թվում Իգոր Խաչատուրովի համար չի նախատեսում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ