Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը մանրամասնում է, թե ի՞նչ է ասել 2020- հոկտեմբերի 12-ին եւ 19-ին Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին

Հոկտեմբեր 29,2021 19:44

«Որպես ՀՀԿ ներկայացուցիչ, 2020-ի հոկտեմբերի 12-ին եւ 19-ին կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը: Հոկտեմբերի 12-ի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրավիճակը. այդ պահին արդեն ներկայացրեց, որ Թալիշը տված է, Մատաղիսի համար մարտեր են գնում, Ջաբրայիլը տրված է, Հադրութի համար մարտեր են գնում, չնայած մենք ունեինք տեղեկություն Արցախից, որ Հադրութն արդեն գտնվում է ադրբեջանական ուժերի հսկողության տակ: Ես չեմ կարող շատ բան գաղտնազերծել, պետական գաղտնիքի խնդիր կա, բայց այդ օրն արդեն երեւում էր, որ մենք գնում ենք ոչ թե հաղթանակի այլ, պարտության: Ինքն ասում էր, որ վատ է վիճակը»,- այսօր, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ, հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Բանախոսն ասաց, որ այդ ժամանակ ինքը հանդես է եկել հայտարարությամբ. «Ներկայացրի ՀՀԿ գնահատականը, ըստ որի այս պատերազմին հանգեցրել է այս իշխանության կոպիտ սխալները՝ Վիեննա-Սանկտ Պետերբուրգից հրաժարում, ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների փչացում եւ այլն: Նշել եմ, որ չի կարելի այս օրհասական պահին զբաղվել դավաճանների փնտրտուքով, իսկ այդ պահին իրենք զբաղված էին մեղավորների նշանակումով»: Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց նաեւ Իրանում՝ օտարերկրյա գործակալ ՀՀ քաղաքական գործիչների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Արցախում դավադիր ուժերի փնտրտուքը եւ այլն՝ տարակուսելով՝ այս ամենը զուտ պատահականությա՞ն, տգիտությա՞ն արդյունք է, թե՞ դավադրության: Միաժամանակ նա նշել է, որ չնայած այդ ամենին, ՀՀԿ-ն պատրաստ է իր ծառայությունը մատուցել հայրենիքին, որտեղ գտնեք դրա անհրաժեշտությունը: Նույնն ասել է նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ որեւէ մեկը հաղթանակի դափնիներին չի հավակնում:

Էդուարդ Շարմազանովը մանրամասնեց՝ այդ հանդիպման ժամանակ ինքը առաջարկել է, որ Նիկոլ Փաշինյանը դիմի Ռուսաստանին, եթե պետք է խնդրի, որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը կանգնեցնելու համար. «Հավելել եմ, որ եթե այսօր չընդունենք այսօր սեղանին դրված առաջարկները, հնարավորությունը շատ մեծ է եւ ռեալ է, որ 1-2 օր հետո ունենանք ավելի մեծ տարածքային ու մարդկային կորուստներ: Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ մի բացասական արձագանք չի եղել: Հոկտեմբերի 19-ին եղավ երկրորդ հանդիպումը: Մենք առաջարկել էինք կամավորությանն ու Նիկոլ Փաշինյանին, որ ստեղծվի շտաբ, որպեսզի երկրի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԱԳ նախկին նախարարները ԳՇ նախկին պետերը՝ մարդիկ, ովքեր մեծ ծառայություն են ունեցել հաղթանակի եւ պետականության կերտման գործում, միասնական փորձեն այս իրավիճակից դուրս գալ: Այդ հանդիպումը եղել է ԱԽ նիստից հետո, մենք ներս մտնելիս՝ միջանցքում տեսանք Արման Աբովյանին եւ Էդմոն Մարուքյանին… տղաները բավականին դուխաթափ էին: Մենք մտանք ներս, Նիկոլ Փաշինյանը եկավ, բավականին ծանր հոգեբանական վիճակում էր, ես նրան ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո, նույնիսկ բունկերում, այդ վիճակում չէի տեսել: Ինքն ասաց, որ Պուտինից կա առաջարկ՝ պատերազմը դադարեցնելու: Ներկայացրեց իրավիճակը: Ինքը դա ընդունում էր, որ դա պարտություն է, որովհետեւ եղան հարց՝ ոչ իմ կողմից, Իշխան Սաղաթելյանը հարցրեց՝ փաստորեն, պարտվում ենք, կապիտուլյացիա է, ինքը ասեց՝ հա:

Տարբեր շշուկներ կային, որ մինչ այդ էլ եղել է պատերազմը կանգնեցնելու առաջարկ ու ավելի լավ պայմաններով: Ի սկզբանե ինքն ասաց, որ դա 5+2 է՝ Լավրովյան պլան կամ դրա մոդիֆիկացված տարբերակը: Դա ֆիքսում եմ, որովհետեւ 5+2-ի մեջ Հադրութն ու Շուշին չեն մտնում: Էն որ ինքն ասում էր՝ Շուշին շուտ է բանակցվել, Շուշին վաղուց էիք տվել: Ես իրեն հարց տվեցի՝ այլ առաջարկ եղել է՞: Ասեց՝ պառլամենտում էլ եմ ասել, որ 5+2-ն է: Ասացի՝ խոսքը դրա մասին չէ, դա հրապարակային է եղել, տեսել ենք: Ասեցի՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 19-ը ձեզ ի՞նչ է առաջարկվել. Կարո՞ղ է եղել է առաջարկ՝ երեք շրջանը հանձնել՝ պատերազմը կանգնեցնել, չորս շրջանը հանձնել՝ պատերազմը կանգնեցնել, այլ առաջարկ, ինքն ասել է՝ ոչ, 5+2-ն է: Իշխան Սաղաթելյանը հարցրել է՝ հաղթելու ռեզերվ ունե՞նք, չի ասվել՝ այո: Եթե հոկտեմբերի 19-ին քեզ առաջարկվում է 5+2-ով պատերազմը կանգնեցնել, դու դա չես անում, հոկտեմբերի 29-ին աշխարհազորի մասին բան ես հայտարարում, ասում ես՝ ջոկատներ կազմեք՝ գնացեք կռվեք, ո՞նց էիք անում, երբ այդ ժամանակ գիտեիք, որ բայրաքթարների դեմ խաղ չկա: Ասում եք՝ նախկիններն են մեղավոր, նախկինների ժամանակ բայրաքթար չկար: Պուտինը հստակ ասել է՝ Հայաստանը Հարավում աննշան տարածքներ էր կորցնում եւ համաձայնվում է փախստականների վերադարձին Շուշի: Եթե գիտեիր, որ որեւէ ռեզերվ չունես հաղթելու, ինչո՞ւ դրան չէիր համաձայնվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031