ԱԺ-ի առաջին ընթերցմամբ ընդունած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը համարում է ի սկզբանե անիրավաչափ: «Որովհետեւ փոխվում է կոնցեպտը, ոչ թե թույլ է տրվում, որ ինֆորմացիան ազատորեն հոսի եւ հետո նոր կոնկրետ իրավիճակներում կարգավորվի, այլ ի սկզբանե, փակվում է ինֆորմացիան, որը կարող էր հասարակական նշանակության ինֆորմացիոն արժեք պարունակել»,- ասաց նա եւ որպես հիմնավորում օրինակ բերեց ատելության խոսք պարունակող հղման վերաբերյալ Եվրադատարանի որոշումից:
«Եվրադատարանը նույնիսկ ատելության խոսքի պարագայում ոչ թե ի սկզբանե արգելում է չնույնականացվող աղբյուրի օգտագործումը, այլ եվրոպական իրավունքը շեշտը դնում է լրագրողի էթիկական նորմերի վրա: Տեսեք, այս օրենքով որքան ենք բաժանվում եվրոպական իրավունքից: Կրկնում եմ, եվրոպական իրավունքը անընդհատ փորձում է զարգացող հասարակական հարաբերությունները, այդ թվում՝ տեխնոլոգիան, համադրել օրենսդրական լուծումների հետ այնպես, որպեսզի դրանից ազատ խոսքը չտուժի, իսկ մենք ի սկզբանե ինֆորմացիան, ազատ խոսքը արգելափակում ենք, որովհետեւ դա չնույնականացվող աղբյուրից է: Ես վստահ եմ, վաղ թե ուշ մենք այդ օրենքը հանելու ենք: Դրա համար եվրոպական արձագանքը պետք կլինի»,- ասաց նա:
Մեդիափորձագետ Արա Պապյանին մտահոգել է, թե այս օրենքի ընդունումն ինչ ազդեցություն է թողնելու մեդիադաշտի վրա: «Այո, լավ է, որ լրագրողներն իրենց աղբյուրները ստուգեն, եթե անանուն աղբյուրի հղում են անում, իմանան, որ դրա համար պատասխանատվություն պիտի ստանձնեն: Բայց հասկանանք ընդհանուր դաշտի տեսակետից, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այսօր արդեն կան յութուբյան, տելեգրամյան ալիքներ, որոնք հաջողությամբ մարտահրավեր են նետում ցանկացած խոշորագույն լրատվամիջոցի՝ իրենց աճող լսարանով: Հաճախ դրանք չնույնականացվող են, որեւէ կերպ հնարավոր չէ գտնել, թե որտեղ են գտնվում, եւ ինչ ուզեն, կարող են տարածել: Այս իրավիճակում Հայաստանի մեդիան կենաց-մահու պայքարի մեջ է, փորձում է ինչ-որ ձեւով գոյատեւել, լսարան չկորցնել: Եվ պատկերացրեք մի իրավիճակ, որ լրատվամիջոցին ասում են ամենասուր, ամենահրատապ, ամենահետաքրքիր թեմայով, եթե լուսաբանում ես, կարող են քեզ դատի տալ: Իսկ այդ ընթացքում մի ինչ-որ տելեգրամյան ալիք կամ յութուբ վերցնում, վիդեո է սարքում եւ սկսում է տարածել: Լրատվամիջոցը մինչեւ փորձի աղբյուր ճարել, հասկանալի է, որ այդ պայմաններում հայաստանյան լրատվամիջոցի համար մրցակցային իրավիճակը էլ ավելի վատթարանում է:
Լսարանը, բնականաբար, գնալու է այնտեղ, որտեղ իր համար ավելի հետաքրքիր է: Գոնե անցած տարվա պատերազմի օրերին եւ դրանց հաջորդած իրադարձություններից հետո անանուն աղբյուրներից հաճախ ունիկալ ինֆորմացիաներ էին տարածվում, երբեմն դրանք ճիշտ էին դուրս գալիս, երբեմն պարզվում էր, որ դրանք իրականում հանրային մեծ նշանակություն ունեին: Այս իրավիճակում լսարանը գնալու է, հիմնավորվի, բաժանորդագրվի եւ լսարան դառնա ինչ-որ անանուն աղբյուրի: Այսինքն, ինտերնետի այս դարում, եթե դու առանց այն էլ կիսամեռ վիճակում գտնվող լրատվամիջոցների համար դնում ես սահմանափակումներ, ստեղծում ես պայմաններ, որ էլ ավելի վատ մրցակցային իրավիճակում հայտնվեն: Հանրությունը հիմա շատ լավ գիտի ռուսական աղբյուրների, ադրբեջանական աղբյուրների տեղը: Եվ այսպես թե այնպես, մարդիկ գնալու են գտնեն այդ ինֆորմացիան»,- մեկնաբանեց պարոն Պապյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ