Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավոր էր պատերազմն ավարտել 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ. Արթուր Ղազինյան

Հոկտեմբեր 29,2021 18:45

«Իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողով չի ձեւավորում, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ ընդդիմությունը վճռական է տրամադրված եւ աշխատակարգով, պատգամավորների ¼-ը հանձնաժողովի շրջանակում օգտվելու է իր իրավունքից՝ պահանջել եւ ստանալ ցանկացած փաստաթուղթ, պահանջել եւ լսել ցանկացած պաշտոնատար անձի, տալ հարցեր, տեսաձայնագրել հարցաքննությունները»,- այսօր, «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ երբ հուլիսի վերջին իշխանությունը հայտարարում էր այդ հանձնաժողովը ստեղծելու մասին, դեռ չէր պատկերացնում, թե ընդդիմությունն ում է ներկայացնելու իր կողմից եւ ցանկը տեսնելուց հետո միայն հասկացան, թե ի՞նչ է իրենց սպասվում: Նա պնդում է, որ իշխանության հրապարակած կազմից արդեն ակնհայտ էր, որ իրենք չեն պատրաստվում որեւէ հանձնաժողով ստեղծել, քանի որ այդ կազմում ընդգրկված մարդիկ պարզապես ի զորու չեն որեւէ բան հետաքննել:

«Իշխանության հիմքերը պայթեցնող բոլոր ռումբերը այդ հանձնաժողովի տակ են գտնվում, դրա համար իրենք այդ հանձնաժողովը չեն ստեղծելու»,- վստահեցնում է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ ընդդիմությունը հետեւողական է լինելու, որ հանձնաժողովը ստեղծվի եւ իրականությունը բացահայտվի:

«Եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, ապա մեկ քառորդի պահանջով հանձնաժողովին պետք է ներկայացնեն սեպտեմբերի 20-27-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հետախուզության բոլոր զեկուցագրերը։ Հանձնաժողովին պետք է ներկայացվի ՊՆ-ի զեկուցագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ սպասվող պատերազմի մասին։ Հանձնաժողովին պետք է ներկայացվեն ԳՇ պետի կողմից այդ ընթացքում ընդունված որոշումները․ ի՞նչ է ուղարկվել, ի՞նչ հրաման է արձակվել ՀՀ ԶՈՒ-ին, այսինքն՝ բանակային կորպուսներին։ Տրվե՞լ է արդյոք համար մեկ մարտական պատրաստականություն և տրվե՞լ է արդյոք հրաման՝ ծավալել զորքը, թե՞ ոչ: Սա ամենակարեւոր դրվագն է, որովհետեւ, եթե ՀՀ ԶՈՒ-ը ԳՇ պետի հրահանգով իսկապես ծավալվեին եւ մենք թշնամուն դիմավորեինք իսկապես պատրաստ վիճակով, ես ձեզ հավաստիացնում եմ, պատերազմը կավարտվեր 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ զորքը չի ծավալվել, գտնվել է զորանոցում, զենքը դուրս չի բերվել զինապահեստից, գտնվել է զինապահեստում, թշնամուն հայտնի են եղել ՀՕՊ համակարգի բոլոր լոկացիաները, զենքը չի դրվել ըստ բնագծերի, զորքը չի տարածվել ըստ բնագծերի, ԶՈՒ համալրում տեղի չի ունեցել:

«Այսպիսի գրագիտությամբ դավաճանությունը պետք է մտնի համաշխարհային պատմության դասագրքերի մեջ»,- ասաց նա՝ հայտարարելով, որ ՀՀ ԶՈՒ սպառազինության ցանկը, ԶՈՒ մարտունակությունը բավարար էր, որպեսզի մեկ շաբաթից պատերազմը կանգնեցնեինք՝ Ադրբեջանի պարտությամբ եւ մեկընդմիշտ լուծելով Արցախի հարցը: Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հստակեցնում է, որ Ադրբեջանի պարտություն ասելով՝ ինքը նկատի ունի, որ եթե Ադրբեջանին չհաջողվեր ճեղքել պաշտպանական գիծը, ինչը եղավ 2016-ի ապրիլյանի ժամանակ, դա արդեն կլիներ պարտություն:

Պատգամավորը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ինքը այս ամենի մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազությանը եւ ներկայացված հարցադրումները լիուլի բավարար են Նիկոլ Փաշինյանին, իբրեւ պետական դավաճան, ձերբակալելու համար: Ինչեւէ, գլխավոր դատախազը փաստեր է պահանջել, ինչի համար էլ Արթուր Ղազինյանը որոշել է ընդգրկվել իշխանության կողմից ստեղծվելիք հանձնաժողովում, բայց այն համառորեն չի ստեղծվում:

Ըստ Արթուր Ղազինյանի, այն, ինչի համար Ադրբեջանի նախագահը 5 միլիարդ դոլար էր առաջարկում, Փաշինյանի ստորագրությամբ հանձնվել է Ադրբեջանին. նա հռետորական հարց է հնչեցնում՝ ստացե՞լ է Փաշինյանն այդ գումարը, թե՞ ոչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031