«Իշխանական քարոզչությունը, իշխանության գրպանում ծվարած քաղաքական, հասարակական եւ այլ խմբեր պնդում են, որ պատերազմն անխուսափելի էր եւ պարտությունը եւս անխուսափելի էր: Հեքիաթները, գիտեք ինչով են հիմնավորում՝ 30 տարվա թալան եւ այլն: Ինչ-որ մի միֆ է ստեղծվել մարդկանց գիտակցության մեջ, որ 1991-1993թթ. մենք ունեինք հզորագույն, կազմավորված բանակ, պետություն, իսկ դրանից հետո, 30 տարի այդ ամեն ինչը թալանել են։ Իրականում այդպես չէր. 1988-ի երկրաշարժից սկսած, ԽՍՀՄ փլուզումից սկսած շատ վատ վիճակ է, եւ այն մարդիկ, որոնց այսօր մեղադրում են, թե քանդել են, թալանել են, իրականում այն մարդիկ են, ովքեր զրոյից հիմնադրել են բանակը, այդ ամեն ինչը: Կառուցելը թալան են ներկայացնում: Ցավոք, մարդիկ դրան հավատում են»,- «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ, իր ելույթում այսօր նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Բանախոսը վստահ է, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանի դեմ պատերազմ սկսելու որոշում չկար. «Ադրբեջանը միշտ պատրաստվել է պատերազմի. այդ մասին խոսել ենք 2010 թվականից: Այլ հարց՝ կգնա՞ այդ քայլին, թե՞ ոչ. դա կախված էր մեզնից եւ միջազգային իրադրությունից: Եթե գիտի, որ այդ պատերազմը չի մարսելու, իսկ Իլհամ Ալիեւը կորցնելու շատ բան ունի, բնականաբար, չեն սկսի: 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում քաոսային իրավիճակ էր ստեղծվել, եւ եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու հստակ որոշում ունենար՝ հենց այդ ժամանակ կսկսեր»:
Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ, Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հավանականության ամենամեծ շրջանը 2018-ի մայիսի 5-ն էր, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, քանի որ Ադրբեջանը Նախիջեւանի հատվածում այդ օրերին գործողություն էր արել եւ անպատիժ էր մնացել եւ. եթե հայկական կողմից լիներ միջին դիմադրություն՝ չէին կարող, քանի որ երկու հայկական դիրքերի մեջտեղում՝ բարձունքի վրա, ադրբեջանցիները դիրք գրավեցին: Դա հնարավոր էր միայն այն քաոսի պայմաններում, որը այդ շրջանում Հայաստանում էր տիրում: Այնուամենայնիվ, բացի այդ քայլից, Ադրբեջանն այլ քայլ չձեռնարկեց. իրենք էլ լավ չէին հասկանում, թե Հայաստանում ինչ է կատարվում, վերլուծում էին:
«Ինձ թվում է ադրբեջանցիները թեւ առան Դուշանբեի հանդիպման ժամանակ: Կարծում եմ՝ Ալիեւը, որը եփվում էր միջազգային քաղաքականության մեջ երկար ժամանակ, մի քանի նախադասություն փոխանակելով՝արդեն հասկացավ, թե ում հետ գործ ունի»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ մասնագետները հասկանում էին, որ հրադադարի պայմանավորվածությունը Ադրբեջանն օգտագործելու է սահմաններում իրենց դիրքերն ամրապնդելու համար եւ դա էլ եղավ. «Մի քանի ամիս ադրբեջանցիները ակտիվ ամրաշինական աշխատանքներ էին անում, ինչը նախկինում չէին կարողանա անել, որովհետեւ իրենց տեխնիկային կխփեին: Երբ արեցին, վերջացրեցին, կարծեմ 2019-ի փետրվարին, էլի սկսեցին ՀՀ-ին մեղադրել սադրանքների մեջ, ԳՇ պետը սկսեց սպառնալ: Դա առաջին ազդակն էր, որ վերջացավ էդ Դուշանբեի պայմանավորվածությունը»:
Կարդացեք նաև
Կարեն Վրթանեսյանը նկատում է, որ այդ ժամանակ մի կարեւոր բան էլ եղավ, որը Հայաստանում ներկայացվեց իբրեւ խաղաղությանը մոտենալու քայլ՝ Հայաստանի հյուսիս արեւելյան հատվածում զորքի փոխարինումն էր սահմանապահ զորքով, որն, ըստ էության, մոտավորապես երկրորդ բանակն է իր քանակով եւ զինվածությամբ: Իսկ այդ հատվածում կանգնած զորքը, փաստորեն, Ադրբեջանի համար դարձավ ռեզերվ՝ Արցախի ճակատում, ինչի մասին, արդեն հետո պարզ դարձավ, որ թեման քննարկվել է 2020 թվականի մինչեւ սեպտեմբեր, երբ ՀԱՊԿ-ը Հայաստանին առաջարկեց սահմանին զորավարժություններ անցկացնել, ինչը նաեւ ՀՀ ԱԽ քարտուղարը հաստատեց, իսկ թղթերում այդ գործողությունը իբրեւ ռիսկ է նշված, ոչ թե խաղաղության նախապատրաստություն:
Նրա կարծիքով, Ադրբեջանում պատերազմի որոշումը կայացվել է ոչ թե միանգամից, այլ դրան եկել են աստիճանաբար՝ տեսնելով ՀՀ-ում պետական կառավարման համակարգում տիրող իրավիճակը, թե ոնց է այդ համակարգը արձագանքում այս կամ այն ճգնաժամերին: ՀՀ եւ Պաշտպանության բանակում անընդհատ սկսեցին փոխվել կորպուսների հրամանատարներ, ԳՇ պետեր եւ երբ մենք եկանք պատերազմի, 2,5 տարում Հայաստանում արդեն երրորդ ԳՇ պետն էր, ՊԲ երրորդ հրամանատարը, իսկ տեղակալների թիվն անհաշվելի էր: Բանախոսը նկատում է, որ նախկին երկու ԳՇ պետերը եւ ՊԲ հրամանատարները ռոտացիոն համակարգով էին եկել եւ համակարգը շատ լավ գիտեին, կապեր ունեին մարդկանց հետ, իսկ ՊԲ վերջին հրամանատարը ռոտացիա չէր անցել եւ չպետք է զբաղեցներ այդ պաշտոնը. «Ադրբեջանը հստակ տեսնում էր, որ քանդվում է պաշտպանական համակարգը»։
Կարեն Վրթանեսյանի վերլուծությամբ, ՀՀ իշխանությունների հաջորդ լուրջ փորձությունը քովիդի կառավարումն էր եւ այդ ժամանակ ուղիղ եթերում կառավարության հայտնի նիստը, որի ժամանակ ՀՀ ղեկավարը սկսեց ռազմավարական պաշարների մասին գաղտնի տվյալներ հայտարարել: «Ադրբեջանը տեսնում էր`ինչ վիճակ է Հայաստանում, իսկ պատերազմը նախևառաջ ոչ թե բանակների, այլ պետական համակարգերի բախում է»,- ասաց նա՝ հավելելով, որ պատերազմի մասին ֆիդայականացված ընկալումներ էին եւ դա երեւաց նաեւ պատերազմի ժամանակ, երբ կոչ էր հնչում՝ 30 հոգով հավաքվել, իրենց միջից հրամանատար ընտրել եւ գնալ մարտի դաշտ: Այս ամենը, ըստ նրա, 30 տարվա մեջ, Ադրբեջանի համար առաջին անգամ հնարավորությունների պատուհան ստեղծվեց, ինչին գումարվեց նաեւ Թուրքիայի գործոնը՝ իր շահով:
Անդրադառնալով 2020թ.-ի հուլիսյան ռազմական գործողություններին էլ, Կարեն Վրթանեսյանը նշեց. «Ադրբեջանը եւ Թուրքիան 2019թ. կեսերից ունեին պատերազմի որոշում եւ հստակ պլան։ Հուլիսյան դեպքերը այդ պլանից դուրս էին, իրենք լիարժեք պատրաստ չէին, բայց նաեւ փորձեցին ստուգել` Հայաստանի նոր արտգործնախարարությունը ինչպես է կարողանում «խաղալ» դրսում, ճգնաժամային պայմաններում։ Հուլիսյան դեպքերի ժամանակ ճակատում մենք հաջողեցինք, բայց միջազգային ասպարեզում շատ վատ աշխատեց Հայաստանի դիվանագիտությունը»։
Փորձագետի խոսքով, Ադրբեջանը չէր գնա պատերազմի ճանապարհով, եթե Հայաստանի պետական կառավարման եւ պաշտպանական համակարգում «ավիրված» վիճակ չլիներ։ Նա պնդում է, որ այդ պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե Հայաստանի ներսում այս իրավիճակը չլիներ եւ անգամ սեպտեմբերի 30-ին Հայաստանը հնարավորություն ուներ եթե ոչ հաղթելու այդ պատերազմում, գոնե ոչ ոքի արդյունքով ավարտելու, քանի որ անգամ նման խայտառակ կառավարման արդյունքում, Ադրբեջանին 44 օր պահանջվեց ինչ-որ մի բանի հասնելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ