Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. Ես շարունակում եմ օրինագիծն ամբողջությամբ համարել խնդրահարույց

Հոկտեմբեր 29,2021 17:31

Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով առաջարկվում են պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել:

Այսօր միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ մեդիափորձագետ Արթուր Պապյանը տեսակապի միջոցով մասնակցեցին «Մեդիա ոլորտի նոր իրավական սահմանափակումներն ու դրանց հետեւանքները» թեմայով քննարկմանը:

Բորիս Նավասարդյանի կարծիքով «Եթե խոսքը չնույնականացվող աղբյուրներին հղում անելու եւ եթե այնտեղ կա վիրավորանք կամ զրպարտություն, լրատվամիջոցի անմիջապես պատասխանատվության մասին է, այստեղ դրական զարգացում տեղի է ունեցել, քանի որ ի սկզբանե օրինագծում նախատեսված էր, որ լրատվամիջոցները իրավունք չունեն հղում կատարել որեւէ չնույնականացվող կամ անանուն աղբյուրի, եւ այդ արգելքը տարածվում էր նաեւ այն դեպքերի վրա, երբ բովանդակությունը օրենքին հակասող բառեր չէր պարունակում: Այսինքն, միանգամայն զավեշտային կարգավորում էր մտցվում, որը հակասում էր միջազգային բոլոր նորմերին: Դա, բնականաբար, առաջացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ փորձագետների վրդովմունքը: Սակայն, ոնց որ, վերջին պահին օրինագծի հեղինակները հետ կանգնեցին, միանգամայն փոխեցին կարգավորումը: Հիմա ենթադրվում է, որ եթե լրատվամիջոցը մեջբերում է որեւէ աղբյուր, որը չի նույնականացվում, այսինքն, հնարավոր չէ հայտնաբերել եւ այդ բովանդակության մեջ կան օրենքին հակասող տարրեր, ապա դրա համար պատասխանատվությունը արդեն կրում է լրատվամիջոցը:

Պետք է ասեմ, որ այս կարգավորումը որեւէ նոր բան իր մեջ չի պարունակում: Մինչեւ այս ճշգրտումը, հստակեցումը ինչպիսի իրավական նորմ էր գործում նաեւ մեր երկրում: Լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում օրենքին հակասող բովանդակության տարածման համար, բայց ազատվում է այդ պատասխանատվությունից, եթե հղում է կատարում որեւէ աղբյուրի: Այսինքն, պատասխանատվությունն ուղղվում է մեջբերվող աղբյուրի ուղղությամբ: Եվ, բնականաբար, եթե այդ աղբյուրը գոյություն չունի, անանուն է, չի նույնականացվում, չի հայտնաբերվում, ապա այդ պատասխանատվությունից ազատումը չէր կարող գործել նաեւ մինչեւ այս փոփոխությունը: Ես համոզված չեմ, որ սրա կարիքը կար:

Ինչ վերաբերում է օրինագծի մյուս դրույթներին, որոնք նույնպես ենթարկվեցին քննադատության, օրինակ, հավատարմագրման նոր սահմանափակումները, այստեղ նույնպես այս ամիսների ընթացքում հնչեցվում էին դժգոհություններ, սակայն այդ դրույթներում փոփոխություն չեղավ: Դրա պատճառով օրինագիծը ամբողջությամբ ես շարունակում եմ համարել խնդրահարույց»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031