Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 ժամ» ՍՊԸ-ի գործով հոկտեմբերի 29-ին դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը «168 ժամ»-ի մասով հրաժարվեց հայցից:
Ստյոպա Սաֆարյանի ներկայացուցիչ Դիանա Վարդանյանը հայտնեց, որ Սաֆարյանը հայցից հրաժարվել է՝ նկատի ունենալով, որ Խաչատուրովն ընդունել է, որ խոսքերը, որոնք, հայցվորի գնահատմամբ՝ վիրավորանք են պարունակում, իրեն են պատկանում, լրատվականն արտատպել է Խաչատուրովի խոսքերը. «Այսպիսով` ի հայտ է եկել փաստ, որը հաստատում է, որ «168 Ժամ» ՍՊԸ-ն վերահրապարակել է Խաչատուրովի կողմից հրապարակավ արված հայտարարությունը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ, 149-րդ և 56-րդ հոդվածներով, հայցվորը հրաժարվում է սույն գործով պատասխանող «168 Ժամ» ՍՊԸ-ին ուղղված պահանջներից»:
Aravot.am-ի հետ զրույցում Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը հայտարարեց՝ պնդում են, որ Իգոր Խաչատուրովի հայտարարությունները մտադրություն չեն ունեցել վիրավորելու Ստյոպա Սաֆարյանին:
Նշենք՝ Ստյոպա Սաֆարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի և «168 ժամ» ՍՊԸ-ի՝ պահանջելով ներողություն խնդրել իբրև վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և փոխհատուցել՝ պատասխանողներից յուրաքանչյուրից 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել լրատվականում հրապարակված՝ «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառումը։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են իրենց հակափաստարկները, որ, օրինակ, Ստյոպա Սաֆարյանի հասցեին ասված «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունը վիրավորակա՞ն չէ, Անահիտ Սարգսյանը պատասխանեց. «Նախևառաջ՝ այն է հիմքը, որ երբ առկա է գերակա հանրային շահ, այդ դեպքում Եվրոպական դատարանի նախադեպերն էլ են ասում, և քաղաքացիական օրենսգիրքն էլ է ասում, որ դա չի կարող որակվել որպես վիրավորանք և զրպարտություն: «Քիրվա» նշանակում է բարեկամ, և Ստյոպա Սաֆարյանը, լինելով Հանրային խորհրդի նախագահ, երբևէ իր բացասական վերաբերմունքը չի արտահայտել հայ-թուրքական հարաբերությունների, բարեկամության վերաբերյալ, ուստի պետք է որ չվիրավորվի, երբ իրեն ասում են թուրքի բարեկամ: Բացի այդ, որպեսզի համարվի արարքը վիրավորանք, հայտարարությունը վիրավորական, պետք է լինի անձին դիտավորյալ նսեմացնելու նպատակ, դիտավորություն: Մեր պարագայում Իգոր Խաչատուրովն իր գնահատողական վերաբերմունքն է արտահայտել, ոչ թե նպատակ ունեցել վիրավորել նրան: Նման մտադրություն չի էլ ունեցել: Բացի այդ, լինելով հանրային գործիչ՝ Ստյոպա Սաֆարյանը պիտի ավելի հանդուրժող լինի քննադատության հանդեպ: Դա նույնպես Եվրոպական դատարանն իր նախադեպային գործերով ամրագրել է»:
Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի ներկայացուցիչ Դիանա Վարդանյանը ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան: Պատասխանող կողմը ներկայացրեց հայցադիմումի պատասխանի լրացում, դատական նիստը հետաձգվեց, որպեսզի հայցոր կողմը հնարավորություն ունենա ծանոթանալ լրացմանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16.00-ին:
Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունը՝ առաջիկայում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ